ԵՍԹԵՐ 3

3
Բոլոր հրեաներին ոչնչացնելու ծրագիր
1Այս բաներից հետո Ասուերոս թագավորը մեծարեց ագագացի Ամադաթայի որդի Համանին և բարձրացրեց նրան և նրա աթոռն իր հետ եղող բոլոր իշխաններից վեր դրեց։ 2Թագավորի բոլոր ծառաները, որ թագավորի դռանն էին, խոնարհվում ու երկրպագում էին Համանին, որովհետև թագավորն այդպես էր պատվիրել նրա մասին. բայց Մուրթքեն նրա առաջ չխոնարհվեց ու չերկրպագեց նրան։ 3Եվ թագավորի դռանը եղող թագավորի ծառաներն ասացին Մուրթքեին. «Դու ինչո՞ւ ես անտեսում թագավորի պատվերը»։ 4Եվ երբ նրանք ամեն օր ասում էին նրան, ու սա չէր լսում նրանց, այն ժամանակ Համանին ասացին, որ տեսնեն, թե Մուրթքեի խոսքերը կհաստատվե՞ն. որովհետև նա նրանց ասել էր, թե հրեա է։ 5Եվ երբ Համանը տեսավ, որ Մուրթքեն չի խոնարհվում ու երկրպագում իրեն, այն ժամանակ Համանը շատ բարկացավ։ 6Նվաստ մի բան թվաց նրան, որ միայն Մուրթքեի դեմ ձեռք բարձրացներ. բայց որովհետև նրան ասել էին Մուրթքեի ազգը, ուստի Համանը խորհեց վերացնել Մուրթքեի ազգը՝ բոլոր հրեաներին, որ կային Ասուերոսի ամբողջ թագավորության մեջ։
7Առաջին ամսին, այսինքն՝ նիսան ամսին, Ասուերոս թագավորի տասներկուերորդ տարում փուր, այսինքն՝ վիճակ գցեցին Համանի առջև օրեցօր և ամսեամիս, մինչև տասներկուերորդ ամիսը, այսինքն՝ ադար ամիսը։
8Համանն ասաց Ասուերոս թագավորին. «Մի ազգ կա ցրված և տարածված ազգերի մեջ քո թագավորության բոլոր գավառներում, և նրանց օրենքը բոլոր ժողովուրդներից տարբեր է. թագավորի օրենքն էլ չեն կատարում, և նրանց թույլ տալը թագավորին նպաստավոր չէ։ 9Եթե թագավորին հաճելի է, թող հրաման գրվի, որ նրանց ոչնչացնեն. տասը հազար տաղանդ արծաթ կշռած կտամ գործակատարների ձեռքով, որ տանեն արքունի գանձարանը»։ 10Թագավորն իր ձեռքից հանեց մատանին և այն հանձնեց հրեաների թշնամի՝ ագագացի Ամադաթայի որդի Համանին։ 11Թագավորն ասաց Համանին. «Քեզ են տրվում արծաթը և ժողովուրդն էլ, որ անես, ինչ որ հաճելի է քեզ»։
12Առաջին ամսի տասներեքերորդ օրը կանչվեցին թագավորի գրագիրները, և գրվեց ամբողջովին այնպես, ինչպես որ Համանը պատվիրեց. թագավորի նախարարներին և բոլոր գավառների վրա եղող կուսակալներին, յուրաքանչյուր գավառի և յուրաքանչյուր ազգի իշխաններին՝ իրենց գրով և յուրաքանչյուր ազգի՝ իր լեզվով։ Ասուերոս թագավորի անունով հրովարտակ գրվեց և կնքվեց թագավորի մատանիով։ 13Եվ սուրհանդակների ձեռքով հրովարտակներ ուղարկվեցին թագավորի բոլոր գավառները, որ մեկ օրում՝ տասներկուերորդ ամսի, այսինքն՝ ադար ամսի տասներեքին, կորցնեն, սպանեն և ոչնչացնեն բոլոր հրեաներին՝ երիտասարդից մինչև ծերը, երեխաներին և կանանց, և նրանց ունեցվածքը հափշտակեն։ 14Այս գրի պատճենը պետք է տրվեր որպես օրենք՝ հրապարակված բոլոր ազգերի համար ամեն գավառի մեջ, որ նույն օրվա համար պատրաստ լինեն։ 15Սուրհանդակները դուրս եկան՝ շտապելով թագավորի հրահանգով. և հրամանը Շուշան մայրաքաղաքում տրվեց։ Թագավորն ու Համանը նստեցին խմելու, իսկ Շուշան քաղաքը շփոթված էր։

Արդեն Ընտրված.

ԵՍԹԵՐ 3: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք