Ղուկաս 22
22
Հուդայի համաձայնությունը՝ մատնելու Հիսուսին
(Մտթ. 26.1-5, 14-16, Մրկ. 14.1-2, 10-11, Հովհ. 11.47-53)
1Մոտեցավ Բաղարջակերաց տոնը, որ Զատիկ է կոչվում։ 2Քահանայապետներն ու դպիրները առիթ էին փնտրում, թե նրան ինչպե՛ս սպանեն, որովհետև ժողովրդից վախենում էին։
3Եվ սատանան մտավ Իսկարիովտացի կոչված Հուդայի մեջ, որ տասներկուսի թվում էր։ 4Նա գնաց, քահանայապետների և իշխանավորների հետ խոսեց, թե նրան ինչպե՛ս մատնի նրանց։ 5Նրանք ուրախացան ու խոստացան արծաթ տալ նրան։ 6Նա էլ խոստացավ ու հարմար առիթ էր փնտրում, որ ամբոխից հեռու Հիսուսին մատնի նրանց։
Վերջին ընթրիքը
(Մտթ. 26.17-25, Մրկ. 14.12-21, Ա Կրնթ. 11.23-25)
7Եվ եկավ Բաղարջակերաց տոնը, երբ պետք էր զատկական գառը մորթել։ 8Հիսուսը Պետրոսին և Հովհաննեսին ուղարկեց ու ասաց. «Գնացե՛ք, մեզ համար զատկական ընթրիքը պատրաստե՛ք, որ ուտենք»։ 9Նրանք ասացին. «Որտե՞ղ ես կամենում, որ պատրաստենք»։ 10Նա էլ ասաց նրանց. «Ահա երբ քաղաք մտնեք, ձեզ մի մարդ կպատահի, որ ջրի կուժ է տանում. գնացե՛ք նրա հետևից այն տունը, ուր ինքը կմտնի։ 11Եվ տանտիրոջն ասե՛ք. "Վարդապետը քեզ ասում է. "Որտե՞ղ է այն օթևանը, ուր ես իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ"։ 12Եվ նա ձեզ հարդարված մի մեծ վերնատուն ցույց կտա. այնտեղ էլ կպատրաստեք»։ 13Նրանք գնացին, գտան, ինչպես որ իրենց ասել էր, ու զատկական ընթրիքը պատրաստեցին։
14Երբ ժամը հասավ, նա սեղան նստեց, տասներկու առաքյալներն էլ՝ նրա հետ։ 15Նրանց ասաց. «Շատ ցանկացա իմ չարչարվելուց առաջ այս զատկական ընթրիքը ձեզ հետ ուտել։ 16Որովհետև, ասում եմ ձեզ, սրանից այլևս երբեք չեմ ուտելու, մինչև որ այն կատարվի Աստծու արքայության մեջ»։
Հաղորդության խորհրդի հաստատումը
(Մտթ. 26.26-30, Մրկ. 14.22-26)
17Եվ բաժակը վերցրեց, գոհություն հայտնեց ու ասաց. «Առե՛ք դա ու ձեր մեջ բաժանե՛ք։ 18Քանզի, ասում եմ ձեզ, որթատունկի բերքից այլևս չեմ խմելու, մինչև որ Աստծու արքայությունը չգա»։
19Եվ հացը վերցնելով՝ գոհություն հայտնեց, կտրեց ու նրանց տվեց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է տրվում. այս արե՛ք ի հիշատակ ինձ»։ 20Նույն կերպ էլ ընթրիքից հետո բաժակը վերցրեց ու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, որ ձեզ համար է թափվում։
Հիսուսը խոսում է իր մատնության մասին
(Հովհ. 13.21-30)
21Սակայն ահա ինձ մատնողի ձեռքն ինձ հետ սեղանի վրա է։ 22Մարդու Որդին գնում է, ինչպես որ սահմանված է. բայց վա՛յ այն մարդուն, որի ձեռքով կմատնվի»։ 23Եվ նրանք սկսեցին իրար մեջ հարցնել, թե արդյոք իրենցից ո՛վ է, որ անելու է այդ։
Մեծը արքայության մեջ
24Նրանց մեջ նաև վեճ ծագեց, թե իրենցից ո՛վ է մեծ համարվելու։ 25Հիսուսն ասաց նրանց. «Ազգերի թագավորները տիրում են նրանց վրա, և նրանց վրա իշխանություն անողները բարերար են կոչվում։ 26Բայց դուք այդպես չլինեք, այլ ձեր միջի մեծը թող կրտսերի պես լինի, իսկ առաջնորդը՝ սպասավորի պես։ 27Որովհետև ո՞վ է մեծ՝ սեղան նստո՞ղը, թե՞ սպասավորը. չէ՞ որ սեղան նստողը։ Բայց ես ձեր մեջ սպասավորի պես եմ։
Առաքյալներին խոստացված վարձատրությունը
28Եվ դուք եք, որ իմ փորձությունների ժամանակ միշտ ինձ հետ էիք մնում։ 29Եվ ես խոստանում եմ ձեզ, ինչպես որ իմ Հայրն էլ ինձ խոստացավ տալ արքայությունը, 30որ իմ արքայության մեջ իմ սեղանին կուտեք ու կխմեք և կնստեք աթոռներին՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու»։
Կանխասություն Պետրոսի ուրացության մասին
(Մտթ. 26.31-35, Մրկ. 14.27-31, Հովհ. 13.36-38)
31Եվ Տերն ասաց. «Սիմո՜ն, Սիմո՜ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի պես մաղել։ 32Բայց ես քեզ համար աղոթեցի, որ քո հավատը չպակասի. իսկ դու երբ այն վերագտնես, եղբայրներիդ հաստատո՛ւն պահիր»։ 33Նա էլ նրան ասաց. «Տե՛ր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտ ու նույնիսկ մահվան գնալու»։ 34Եվ նա ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր աքաղաղը դեռ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս, որ ինձ ճանաչում ես»։
Քսակ, մախաղ և սուր
35Եվ նրանց ասաց. «Երբ ձեզ առանց քսակի, մախաղի ու կոշիկների ուղարկեցի, մի՞թե որևէ բանի կարոտ եղաք»։ Նրանք էլ ասացին՝ ոչնչի։ 36Ապա նրանց ասաց. «Բայց հիմա քսակ ունեցողը թող իր հետ վերցնի, նույնը թող անի նաև մախաղ ունեցողը, իսկ չունեցողը թող իր հագուստը վաճառի և իր համար սուր գնի։ 37Որովհետև, ասում եմ ձեզ, այս գրվածքն էլ պետք է իմ հանդեպ կատարվի՝ "Անօրենների շարքը դասվեց" (Ես. 53.12). որովհետև ինչ որ իմ մասին գրված է, կատարվում է»։ 38Նրանք ասացին. «Տե՛ր, ահա այստեղ երկու սուր կա»։ Եվ ասաց նրանց՝ բավական են։
Աղոթք Ձիթենյաց լեռան վրա
(Մտթ. 26.36-46, Մրկ. 14.32-42)
39Հիսուսը ելավ, իր սովորության համաձայն Ձիթենյաց լեռը գնաց. աշակերտները հետևեցին նրան։ 40Երբ այնտեղ հասավ, նրանց ասաց. «Աղոթե՛ք, որ փորձության մեջ չընկնեք»։ 41Ինքը նրանցից մի քարընկեցի#22.41 Քարընկեցը մարդու քար նետելու տարածությունն է։ չափ հեռացավ և ծունկի իջած աղոթում էր 42և ասում. «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրո՛ւ ինձանից. սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի»։ 43Եվ նրան երկնքից հրեշտակ երևաց ու զորացնում էր նրան, 44և նա, սաստիկ տագնապի մեջ լինելով, ավելի եռանդուն էր աղոթում։ Նրա քրտինքը դարձավ արյան կաթիլների պես, և թափվեցին գետնին։ 45Աղոթքից վեր կենալով՝ եկավ իր աշակերտների մոտ և տրտմությունից քնած գտավ նրանց։ 46Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք քնում. վե՛ր կացեք, աղոթե՛ք, որ փորձության մեջ չընկնեք»։
Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը
(Մտթ. 26.47-56, Մրկ. 14.43-50, Հովհ. 18.1-12)
47Մինչ նա խոսում էր, հայտնվեց մի ամբոխ, և Հուդա կոչվածը՝ այն տասներկուսից մեկը, առաջնորդում էր նրանց։ Եվ մոտեցավ Հիսուսին, որ համբուրի նրան։ 48Հիսուսը նրան ասաց. «Հուդա՛, Մարդու Որդուն համբույրո՞վ ես մատնում»։ 49Երբ նրա հետ եղողները տեսան, թե ի՛նչ է լինելու, նրան ասացին. «Տե՛ր, սրով զարկե՞նք»։ 50Նրանցից մեկը քահանայապետի ծառային զարկեց ու նրա աջ ականջը կտրեց։ 51Հիսուսը պատասխանեց. «Թողե՛ք, եղածը բավ է»։ Եվ նրա ականջին դիպավ ու բժշկեց նրան։ 52Հիսուսն իր վրա եկած քահանայապետներին, տաճարի իշխանավորներին ու երեցներին ասաց. «Սրերով ու մահակներով ինչպես մի ավազակի վրա՞ ելաք։ 53Ես ամեն օր տաճարում ձեզ հետ էի, և ինձ վրա ձեռք չերկարեցիք. բայց հիմա ձե՛ր ժամն է և խավարի իշխանությունը»։
Պետրոսի ուրացումները
(Մտթ. 26.69-75, Մրկ. 14.66-72, Հովհ. 18.15-18, 25-27)
54Եվ նրան բռնելով՝ տարան, քահանայապետի տուն մտցրին։ Պետրոսը հեռվից հետևում էր նրան։ 55Երբ բակում կրակ էին վառել ու չորս կողմը նստել, Պետրոսն էլ նրանց մեջ նստեց։ 56Մի աղախին, նրան կրակի մոտ նստած տեսնելով, նայեց նրան ու ասաց. «Սա էլ էր նրա հետ»։ 57Բայց նա ուրացավ և ասաց այն կնոջը. «Ո՛վ կին, ես նրան չեմ ճանաչում»։ 58Եվ քիչ հետո մեկ ուրիշը նրան տեսավ ու ասաց. «Դու էլ նրանցից ես»։ Իսկ Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես չեմ»։ 59Եվ երբ մի ժամ էլ անցավ, մեկ ուրիշը պնդում էր ու ասում. «Ճշմարիտ որ սա էլ նրա հետ էր, որովհետև գալիլեացի է»։ 60Պետրոսն ասաց այն մարդուն. «Ո՛վ մարդ, չգիտեմ, թե ի՛նչ ես ասում»։ Եվ իսկույն, երբ նա դեռ խոսում էր, աքաղաղը կանչեց։ 61Տերը դարձավ, նայեց Պետրոսին. Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասել էր իրեն. «Մինչև աքաղաղի կանչելը երեք անգամ ինձ կուրանաս»։ 62Եվ Պետրոսը, դուրս ելնելով, դառնապես լաց եղավ։
63Հիսուսին պահող մարդիկ նրան ծաղրում էին ու ծեծում։ 64Նրա երեսը ծածկել ու հարցնում էին՝ ասելով. «Մարգարեացի՛ր՝ ո՞վ է, որ քեզ խփեց»։ 65Ուրիշ շատ բաներ էլ էին հայհոյանքով ասում նրան։
Հիսուսը ատյանի առաջ
(Մտթ. 26.57-68, Մրկ. 14.53-65, Հովհ. 18.12-14, 19-24)
66Երբ առավոտ եղավ, հավաքվեց ժողովրդի ծերակույտը՝ քահանայապետներն ու դպիրները, Հիսուսին իրենց ատյան տարան ու ասացին. «Եթե դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ»։ 67Եվ նրանց ասաց. «Եթե ձեզ ասեմ, դուք չեք հավատա։ 68Իսկ եթե ձեզ հարցնեմ, ինձ պատասխան չեք տա։ 69Բայց սրանից հետո Մարդու Որդին ամենազոր Աստծու աջ կողմում կնստի (Սաղ. 110.1)»։ 70Եվ բոլորն ասացին. «Ուրեմն դո՞ւ ես Աստծու Որդին»։ Ինքն էլ նրանց ասաց. «Դուք եք ասում, որ ես եմ»։ 71Նրանք էլ ասացին. «Մեզ էլ ի՞նչ վկայություն է հարկավոր, երբ մենք ինքներս լսեցինք նրա բերանից»։
Àwon tá yàn lọ́wọ́lọ́wọ́ báyìí:
Ղուկաս 22: ՆՎԱԱ
Ìsàmì-sí
Pín
Daako
Ṣé o fẹ́ fi àwọn ohun pàtàkì pamọ́ sórí gbogbo àwọn ẹ̀rọ rẹ? Wọlé pẹ̀lú àkántì tuntun tàbí wọlé pẹ̀lú àkántì tí tẹ́lẹ̀
© Bible Society in Armenia, 2018