Ղուկաս 21
21
Այրի կնոջ լուման
(Մրկ. 12.41-44)
1Հիսուսը նայեց, տեսավ հարուստներին, որոնք իրենց ընծաները գանձանակն էին գցում։ 2Տեսավ նաև մի աղքատ այրի կնոջ, որն այնտեղ երկու լումա գցեց։ 3Եվ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ այրին բոլորից ավելի գցեց, 4որովհետև նրանք բոլորն իրենց ավելացածից գցեցին Աստծու ընծաների մեջ, իսկ սա իր չքավորությունից իր ամբողջ ապրուստը, ինչ որ ուներ, գցեց»։
Կանխասություն Երուսաղեմի տաճարի կործանման մասին
(Մտթ. 24.1-2, Մրկ. 13.1-2)
5Երբ ոմանք տաճարի մասին ասում էին՝ «Գեղեցիկ քարերով ու ընծաներով է զարդարված», ասաց. 6«Այդ ամենը, որ տեսնում եք, պիտի քանդվի, օրեր պիտի գան, որ այդտեղ քարը քարի վրա չի թողնվի»։
7Եվ նրան հարցրին. «Վարդապե՛տ, դրանք ե՞րբ են լինելու, ի՞նչ նշան է լինելու, երբ որ սրանք լինեն»։
Նշաններ և հալածանքներ
(Մտթ. 24.4-14, Մրկ. 13.3-13)
8Նա ասաց. «Զգո՛ւյշ եղեք, չխաբվեք, որովհետև իմ անունով շատերը կգան ու կասեն, թե՝ "Ես եմ" և՝ "Ժամանակը մոտեցել է"։ Նրանց հետևից մի՛ գնացեք։ 9Իսկ երբ պատերազմների ու խռովությունների մասին լսեք, մի՛ զարհուրեք, որովհետև պետք է նախ դրանք լինեն։ Բայց վերջը շուտ չի գալու»։ 10Այն ժամանակ նրանց ասաց. «Ազգը ազգի դեմ կելնի, թագավորությունը՝ թագավորության դեմ։ 11Մեծ երկրաշարժեր և տարբեր տեղերում սով ու ժանտախտ կլինեն, երկնքից արհավիրքներ ու մեծամեծ նշաններ կլինեն։ 12Բայց այս բոլորից առաջ ձեզ կձերբակալեն ու կհալածեն, ժողովարաններին ու բանտերին կմատնեն և թագավորների ու կուսակալների առաջ կտանեն իմ անվան համար։ 13Եվ դա ձեզ համար առիթ կլինի վկայության։ 14Արդ ձեր սրտի մե՛ջ դրեք, որ պատասխան տալու համար նախապես չպատրաստվեք, 15որովհետև ես խոսք ու իմաստություն կտամ ձեզ, որոնց ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակաճառել, ոչ էլ ընդդիմանալ։ 16Եվ կմատնվեք ծնողներից ու եղբայրներից, ազգականներից ու բարեկամներից, և ձեզանից ոմանց կսպանեն։ 17Իմ անվան պատճառով բոլորը ձեզ կատեն։ 18Բայց ձեր գլխից մի մազ չի կորչի։ 19Եվ ձեր համբերությամբ ձեր հոգիները կփրկեք։
Կանխասություն Երուսաղեմի կործանման մասին
(Մտթ. 24.15-21, Մրկ. 13.14-19)
20Երբ Երուսաղեմը զորքերով շրջապատված տեսնեք, այն ժամանակ իմացե՛ք, որ նրա ավերումը մոտ է։ 21Այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, թող լեռները փախչեն, իսկ նրանք, որ քաղաքի մեջ են, թող հեռանան, և նրանք, որ գյուղերում են, թող քաղաք չմտնեն։ 22Որովհետև այդ օրերը վրեժխնդրության օրեր են, որպեսզի բոլոր գրվածները կատարվեն։ 23Բայց այն օրերին վա՛յ հղիներին և ստնտուներին, որովհետև երկրի վրա մեծ նեղություն է լինելու, և այդ ժողովրդի վրա՝ բարկություն։ 24Սրով կընկնեն և բոլոր ազգերի մեջ գերի կտարվեն, և Երուսաղեմը հեթանոսների կողմից ոտնակոխ կլինի, մինչև որ հեթանոսների ժամանակները լրանան։
Մարդու Որդու գալուստը
(Մտթ. 24.29-31, Մրկ. 13.24-27)
25Արեգակի, լուսնի ու աստղերի վրա նշաններ կլինեն. երկրի վրա ազգերը կխռովվեն և կտագնապեն ծովի ալեկոծումից և շառաչյունից։ 26Մարդկանց սրտերը կնվաղեն վախից ու տագնապից, որ ամբողջ աշխարհի վրա գալու են. քանի որ երկնքի զորությունները պիտի շարժվեն։ 27Եվ այն ժամանակ Մարդու Որդուն ամպերի վրա (Դան. 7.13) զորությամբ ու մեծ փառքով գալիս կտեսնեն։ 28Եվ երբ այս բաներն սկսեն լինել, վե՛ր նայեք ու ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև ձեր փրկությունը մոտ է»։
Թզենու դասը. Մարդու Որդու գալստյան պահը
(Մտթ. 24.32-35, Մրկ. 13.28-31)
29Եվ նրանց մի առակ ասաց. «Նայե՛ք թզենուն ու բոլոր ծառերին։ 30Երբ արդեն բողբոջում են, տեսնելով՝ ինքներդ իմանում եք, որ ամառը մոտ է։ 31Այդպես էլ դուք, երբ այս բոլոր բաները կատարված տեսնեք, իմացե՛ք, որ Աստծու արքայությունը մոտ է։ 32Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս բոլորը տեղի կունենան այնքան ժամանակ, որքան ապրում է այս սերունդը։ 33Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։
Չսպասված օրը և ժամը
(Մտթ. 24.36-44, Ղուկ. 21.34-36)
34Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ, հարբեցողությամբ և այս կյանքի հոգսերով, ու այդ օրը հանկարծակի ձեզ վրա հասնի։ 35Որովհետև այն որոգայթի պես կհասնի բոլորի վրա, ովքեր բնակվում են ամբողջ երկրի երեսին։ 36Ուրեմն արթո՛ւն կացեք ու ամեն ժամ աղոթե՛ք, որ արժանի լինեք փրկվելու այն ամենից, որ տեղի է ունենալու, և կանգնելու Մարդու Որդու առաջ»։
37Ցերեկները տաճարում ուսուցանում էր, իսկ գիշերները դուրս էր գալիս ու մնում Ձիթենյաց կոչվող լեռան վրա։ 38Եվ ամբողջ ժողովուրդը վաղ առավոտից գնում էր տաճար՝ նրան լսելու։
Àwon tá yàn lọ́wọ́lọ́wọ́ báyìí:
Ղուկաս 21: ՆՎԱԱ
Ìsàmì-sí
Pín
Daako
Ṣé o fẹ́ fi àwọn ohun pàtàkì pamọ́ sórí gbogbo àwọn ẹ̀rọ rẹ? Wọlé pẹ̀lú àkántì tuntun tàbí wọlé pẹ̀lú àkántì tí tẹ́lẹ̀
© Bible Society in Armenia, 2018