Հռոմեացիներին 6

6
Նոր կյանք՝ Քրիստոսով
1Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մեջ, որ շնորհը բազմանա։ 2Քա՛վ լիցի. մենք, որ մեղքի պատճառով մեռանք, ինչպե՞ս կարող ենք տակավին նրա մեջ ապրել։ 3Կամ չգիտե՞ք, թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսով մկրտվեցին, նրա մահո՛վ մկրտվեցին։ 4Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։ 5Որովհետև եթե նրա մահվան նմանությամբ նրա հետ միացանք, ապա նրա հարությամբ նույնը կլինենք։ 6Իմացե՛ք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք։ 7Որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից։ 8Իսկ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ 9Գիտենք, որ Քրիստոսը, մեռելներից հարություն առնելով, այլևս չի մեռնում, մահը նրա վրա այլևս չի իշխում։ 10Որովհետև նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկ անգամ, իսկ նա, որ կենդանի է, Աստծու համար է կենդանի։ 11Նույնպես էլ դուք ձեզ մեղքի համար մեռած համարեք, իսկ Աստծու համար՝ կենդանի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
Ծառայություն մեղքին, ծառայություն արդարությանը
12Արդ թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք։ 13Եվ ձեր անդամները, որպես անիրավության զենք, մի՛ հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրե՛ք Աստծուն՝ որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության զենք՝ Աստծուն։ 14Որովհետև մեղքը ձեզ վրա չպիտի իշխի, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհի։
15Արդ ի՞նչ, մե՞ղք գործենք, որովհետև օրենքի տակ չենք, այլ շնորհի։ Քա՛վ լիցի։ 16Դուք չգիտե՞ք, որ ում ինքներդ ձեզ ծառա ներկայացնեք՝ նրան հնազանդվելու, ծառաներ եք նրան, որին հնազանդվում եք. թե՛ մեղքին, որ դեպի մահ է տանում, և թե՛ հնազանդությանը՝ դեպի արդարություն։ 17Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, սակայն սրտով հնազանդվեցիք այն վարդապետության օրինակին, որը ձեզ ավանդվեց։ 18Ուրեմն մեղքից ազատվելով՝ ծառա դարձաք արդարությանը։ 19Ձեր՝ բնույթով տկարության համար մարդկային ձևով եմ ասում. ինչպես որ ձեր անդամները պղծությանը և անօրենությանը ծառա մատուցեցիք անօրենության համար, այնպես էլ հիմա ձեր անդամները արդարությա՛նը ծառա մատուցեք սրբագործվելու համար։ 20Որովհետև երբ մեղքի ծառաներ էիք, ազատ էիք արդարությունից։ 21Արդ այն ժամանակ ի՞նչ պտուղ ունեիք, որի համար հիմա ամաչում եք, որովհետև դրանց վերջը մահն է։ 22Բայց հիմա, որ մեղքից ազատված եք և Աստծու ծառա եք դարձել, սրբագործվելու համար ձեր պտուղն ունեք, և դրա վերջը հավիտենական կյանքն է։ 23Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Выделить

Поделиться

Копировать

None

Хотите, чтобы то, что вы выделили, сохранялось на всех ваших устройствах? Зарегистрируйтесь или авторизуйтесь

Видео по Հռոմեացիներին 6