Հռոմեացիներին 5

5
Խաղաղություն Աստծու հետ
1Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ 2Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։ 3Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, 4համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ 5Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։ 6Որովհետև երբ մենք դեռ տկար էինք, Քրիստոսը որոշված ժամանակին մեռավ ամբարիշտների համար։ 7Քանի որ հազիվ թե մեկը արդարի համար մեռնի, բայց բարի մարդու համար գուցե մեկը համարձակվի մեռնել։ 8Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ 9Հապա որքա՜ն առավել հիմա, երբ նրա արյունով արդարացած ենք, նրա բարկությունից փրկված կլինենք։ 10Որովհետև եթե այն ժամանակ, երբ թշնամի էինք Աստծուն, նրա հետ հաշտվեցինք իր Որդու մահով, ապա որքա՜ն առավել կփրկվենք նրա կյանքով, երբ հաշտվել ենք։ 11Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև Աստծով ենք պարծենում մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որով հիմա հաշտությունն ընդունեցինք։
Ադամ և Քրիստոս
12Ուստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ՝ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին։ 13Որովհետև մինչև օրենքը աշխարհում մեղքը կար, բայց այն մեղք չի համարվում, քանի դեռ օրենք չկա։ 14Բայց Ադամից մինչև Մովսես մահը թագավորեց նույնիսկ Ադամի մեղքի պես մեղք չգործածների վրա. Ադամի, որ օրինակն է նրա, որ գալու էր։ 15Սակայն շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը. որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որքա՜ն առավել Աստծու շնորհն ու պարգևը ավելացան շատերի վրա մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով։ 16Դա պարգևի միջոցով չեղավ, ինչպես եղավ այն մեղանչածի հետ, որովհետև այն դատաստանը, որով դատապարտվեց օրինազանց Ադամը, կատարվեց մեկ մեղքի հանդեպ, սակայն շնորհը շատ մեղքերից դեպի արդարություն է տանում։ 17Որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որքա՜ն առավել նրանք, որ ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը, կյանքի մեջ կթագավորեն այն մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ 18Արդ, ուրեմն, ինչպես մեկի հանցանքով բոլոր մարդիկ դատապարտվեցին, այնպես էլ բոլոր մարդիկ կարդարացվեն մեկի արդարությամբ, որ կյանք է տալիս։ 19Որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար կլինեն։ 20Բայց օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի երևան գա հանցանքների բազմությունը. բայց որտեղ մեղքն ավելի եղավ, այնտեղ շնորհն առավել շատացավ, 21որպեսզի ինչպես որ մեղքը մահվան միջոցով թագավորեց, այնպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհը արդարությամբ թագավորի հավիտենական կյանքի համար։

Выделить

Поделиться

Копировать

None

Хотите, чтобы то, что вы выделили, сохранялось на всех ваших устройствах? Зарегистрируйтесь или авторизуйтесь

Видео по Հռոմեացիներին 5