Մատթեոս 8
8
Բորոտի բժշկումը
(Մրկ. 1.40-45, Ղուկ. 5.12-16)
1Երբ Հիսուսն իջավ լեռան վրայից, նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն գնաց։ 2Ահա մոտեցավ մի բորոտ, երկրպագեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ 3Հիսուսը, ձեռքը մեկնելով, դիպավ նրան ու ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունը նրանից իսկույն մաքրվեց։ 4Հիսուսը նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր և իբրև վկայություն՝ ընծա՛ մատուցիր նրանց, ինչպես որ Մովսեսն է պատվիրել»։
Հարյուրապետի ծառայի բժշկումը
(Ղուկ. 7.1-10)
5Երբ Հիսուսը Կափառնաում մտավ, նրան մոտեցավ մի հարյուրապետ, որ աղաչում էր նրան 6և ասում. «Տե՛ր, ծառաս անդամալույծ պառկած է տանը և սարսափելի տառապում է»։ 7Հիսուսը նրան ասաց. «Ես կգամ, կբժշկեմ նրան»։ 8Հարյուրապետը պատասխանեց և ասաց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես. միայն խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։ 9Որովհետև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, ու գնում է, մյուսին՝ ե՛կ, ու գալիս է, ծառայիս էլ թե՝ այս բա՛նն արա, և անում է»։ 10Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և իրեն հետևողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. նույնիսկ Իսրայելում այսպիսի հավատ չգտա։ 11Ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը կգան և Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ երկնքի արքայության մեջ կնստեն, 12իսկ արքայության որդիները կգցվեն դուրս՝ արտաքին խավարը. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց»։ 13Եվ Հիսուսը հարյուրապետին ասաց. «Գնա՛ և ինչպես որ հավատացիր, այդպես էլ թող լինի քեզ»։ Եվ այդ պահին նրա ծառան բժշկվեց։
Հիսուսը շարունակում է բժշկել
(Մրկ. 1.29-34, Ղուկ. 4.38-40)
14Երբ Հիսուսը Պետրոսի տուն եկավ, տեսավ նրա զոքանչին՝ ջերմության մեջ պառկած։ 15Հիսուսը բռնեց նրա ձեռքից, ու ջերմությունը նրան թողեց։ Նա վեր կացավ ու ծառայում էր նրանց։ 16Երբ երեկո եղավ, Հիսուսի մոտ շատ դիվահարների բերեցին, և նա խոսքով հանեց ոգիներին ու բոլոր հիվանդներին բժշկեց, 17որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասվածը.
«Նա մեր հիվանդությունները վերցրեց
ու մեր ցավերը կրեց» (Ես. 53.4ա)։
18Երբ Հիսուսը տեսավ իրեն շրջապատող ժողովրդի մեծ բազմությունը, աշակերտներին կարգադրեց լճի մյուս կողմն անցնել։ 19Նրան մոտեցավ մի դպիր և ասաց. «Վարդապե՛տ, ես քո հետևից կգամ, ո՛ւր էլ գնաս»։ 20Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ բներ, բայց Մարդու Որդին իր գլուխը դնելու տեղ չունի»։ 21Նրա աշակերտներից մեկն ասաց նրան. «Տե՛ր, թո՛ւյլ տուր ինձ՝ գնամ նախ հորս թաղեմ»։ 22Հիսուսը նրան ասաց. «Արի՛ իմ հետևից և թո՛ղ մեռածներին, որ իրենք թաղեն իրենց մեռելներին»։
Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը
(Մրկ. 4.35-41, Ղուկ. 8.22-25)
23Երբ Հիսուսը նավ մտավ, աշակերտները գնացին նրա հետևից։ 24Հանկարծ լճի վրա այնպիսի մեծ ալեկոծություն եղավ, որ նավը ծածկվում էր ալիքներով։ Իսկ նա քնած էր։ 25Աշակերտները մոտենալով արթնացրին նրան ու ասացին. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, կորչում ենք»։ 26Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»։ Այդ ժամանակ վեր կացավ, սաստեց հողմերին ու լճին, և կատարյալ խաղաղություն եղավ։ 27Իսկ մարդիկ զարմացան և ասում էին. «Ի՞նչ տեսակ մարդ է սա, որ հողմերն ու լիճն էլ են հնազանդվում նրան»։
Երկու դիվահարի բժշկումը
(Մրկ. 5.1-20, Ղուկ. 8.26-39)
28Երբ անցավ լճի մյուս կողմը՝ գադարացիների երկիրը, նրան պատահեցին երկու դիվահարներ, որոնք գալիս էին գերեզմաններից։ Նրանք այնքան ահազդու էին, որ որևէ մեկը չէր կարողանում այդ ճանապարհով անցնել։ 29Եվ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Աստծո՛ւ Որդի։ Այստեղ ես եկել, որ ժամանակից շուտ մեզ տանջե՞ս»։ 30Եվ նրանցից հեռու խոզերի մի երամակ էր արածում։ 31Դևերը նրան աղաչում էին ու ասում. «Եթե մեզ հանես, այն խոզերի երամակի մե՛ջ ուղարկիր»։ 32Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք», և դևերը դուրս ելան ու խոզերի մեջ գնացին։ Եվ ամբողջ երամակը դարավանդից դեպի լիճը վազեց, և ջրի մեջ խեղդվեցին։ 33Իսկ խոզարածները փախան և քաղաք գնալով՝ պատմեցին ամեն ինչ, նաև դիվահարների հետ պատահածը։ 34Եվ ահա ողջ քաղաքը Հիսուսին ընդառաջ դուրս ելավ։ Երբ նրան տեսան, աղաչեցին, որ հեռանա իրենց սահմաններից։
Выбрано:
Մատթեոս 8: ՆՎԱԱ
Выделить
Поделиться
Копировать
Хотите, чтобы то, что вы выделили, сохранялось на всех ваших устройствах? Зарегистрируйтесь или авторизуйтесь
© Bible Society in Armenia, 2018