Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանցՕրինակ
Սգից դուրս գալու ժամանակը
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց»անվանումը։ Նախորդ ուղերձի մեջ մենք խոսեցինք այն մասին, որ Աստվածաշնչում բազմաթիվ օրինակներ կան կորստի և սուգի վերաբերյալ։ Սակայն Աստծու Խոսքը ո՛չ միայն նկարագրում է սուգը, այլև խոսում է դրանից դուրս գալու ուղիների և ժամանակի մասին։
Սիրելի՛ *|FNAME|*, սուգը սրտի վիճակ է, որը բնական է մեծ ցավ ապրած յուրաքանչյուր մարդու համար։ Սակայն սգի հարատևությունը մարդու կյանքում մաշեցնում ու վհատեցնում է նրան։ Հարատև սուգը կարող է կործանել ընտանեկան կյանքը, հարազատների հետ հարաբերությունները, կտրել մարդուն իր ընտանիքից ու մեկուսացնել, վնասել ինչպես սգացող մարդուն, այնպես էլ նրա ամենամտերիմ մարդկանց։ Հարատև սուգը կարող է մխիթարվելը մերժող մարդու համար հիվանդության և անգամ մահվան պատճառ դառնալ։
Աստվածաշունչը խոսում է այն մասին, որ ամեն բան իր ժամանակն ունի՝ այդ թվում նաև սգալը և սգից դուրս գալը․ «Ամեն բանի ժամանակ կա և ժամանակ՝ երկնքի տակ բոլոր գործերին։ Լացելու ժամանակ և ծիծաղելու ժամանակ. սգալու ժամանակ և պարելու ժամանակ» (Ժողովող 3․1,4):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ *|FNAME|*, Աստված այնքա՜ն գթառատ ու ողորմած է, որ հատուկ հոգատարություն ու խնամք է ցուցաբերում սգավորների հանդեպ։ Տեր Հիսուսի երկրային առաքելության կարևորագույն մասը սգավորներին մխիթարելն էր։ Նա եկավ, որպեսզի զորացնի սգավորներին, որ նրանք կարողանան դուրս գալ իրենց և իրենց սիրելիների կյանքերը մաշող հարատև սգի՝ անասելի ցավ ու տառապանք պատճառող վիճակից։
Մի օր Տեր Հիսուսը մտավ ժողովարան, վերցրեց Եսայիա մարգարեի գիրքը և ընթերցեց հետևյալ հատվածը․ «Տեր Աստծու Հոգին Ինձ վրա է, որովհետև Տերն օծել է Ինձ՝ ավետիս տալու հեզերին, Ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կալանավորներին. հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծու վրեժխնդրության օրը, բոլոր սգավորներին մխիթարելու, Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է Իր փառավորության համար» (Եսայիա 61․1-3):
Որքան էլ մեծ ու անդառնալի լինի կորստի ցավը, մարդը պետք է զորանա Աստծով և դուրս գա սգալու մաշող վիճակից: Տեր Հիսուսը դարմանում է կոտրված սիրտ ունեցողներին, մխիթարում սգավորներին, նրանց սգի փոխարեն ուրախության յուղով օծում և հուսահատ հոգու փոխարեն գովաբանության պատմուճան նվիրում։ Ինչպիսի՜ փառավոր նկարագրություն։ Միայն մեկ պայման գոյություն ունի Տեր Հիսուսի այս զորավոր ու փառավոր ծառայությունն ընդունելու համար՝ անկեղծ սրտով խնդրել Նրան․․․
Եթե դու կամ քո մտերիմները ունեք Տեր Աստծուց մխիթարություն ընդունելու կարիք, ապա առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս կարճ աղոթքով․ «Տե՛ր, ես ունեմ Քո զորացման կարիքը։ Ես ուզում եմ, որ Դու գաս ու տիրես իմ կյանքի մեջ։ Ես հավատում եմ Քեզ և վստահում եմ Քո Խոսքին։ Ես գիտեմ, որ Դու եկել ես սգավորներին մխիթարելու, և հավատում եմ, որ կա ինչպես սգալու, այնպես էլ սգից դուրս գալու ժամանակ։ Աղոթում եմ, որպեսզի Քո մխիթարությամբ և Քո զորացման արդյունքում ծանր կորուստ ունեցող յուրաքանչյուր մարդ ուժ ստանա թերթելու իր կյանքի սգավորության տառապանքի էջը ու մուտք գործի լույսի ուրախության նոր ժամանակահատվածի մեջ։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամեն»։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Յուրաքանչյուրիս շուրջ բազմաթիվ մարդիկ կան, որոնք սգի և կորստի դառնագին ու ողբերգական ազդեցության մեջ են և ունեն մխիթարության կարիք: Աստված այնքա՜ն գթառատ ու ողորմած է, որ հատուկ հոգատարություն ու խնամք է ցուցաբերում սգավորների հանդեպ։ Աստված մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել մյուսներին։ Մխիթարությունը փոխակերպում է սգացողին՝ զորացնում է նրան հաղթահարելու սուգը և օգնում կրկին կյանքով ու ուրախությամբ լցվելու հարցում։
More