«Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից»Օրինակ

«Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից»

ՕՐ 4 7-ից

Ստի ոտքը կարճ է

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից» անվանումը։ Այսօրվա ասացվածքը, որը մեր ժողովուրդը վերցրել է Տեր Աստծու կամքը մարդկությանը հայտնող միակ ճշմարիտ աղբյուր Աստվածաշնչից, հետևյալն է՝ «Ստի ոտքը կարճ է»։

Սիրելի՛ բարեկամ, հիշում եմ, թե ինչպես էր տարիներ առաջ բացատրում այս ասացվածքը այն ժամանակ հինգ տարեկան իմ որդին։ Նա ասում էր, որ սուտ խոսող մարդը նման է մեկ ոտքը կարճ մարդու։ Եվ երբ վերջինս մի սխալ բան է անում և փորձում է փախչել մարդկանցից, չի կարողանում արագ վազել և անմիջապես բռնվում է, քանի որ դժվար է մի ոտքը կարճ մարդու համար արագ վազելը։ «Ստի ոտքը կարճ է» արտահայտությունը նշանակում է, որ սուտը շուտով բացահայտվելու է, և ստություն խոսող մարդը բացահայտվելու է։

Աստվածաշունչը հաստատում է պնդումը․ «Ճշմարտախոս շրթունքները մշտապես հաստատված կմնան, բայց ստախոս լեզուն վայրկենական է» (Առակաց 12․19):

Ինչն էլ լինի ստախոսության պատճառը, մարդը պետք է միշտ հիշի, որ ստի ոտքը կարճ է՝ ամեն ստություն մի օր բացահայտվելու է։ Մարդը կարող է ստել՝ թաքցնելով իր մեղավոր կապերն ու կապվածությունները։ Ոմանք ստում են, որպեսզի ֆինանսական շահ ունենան կամ խուսափեն խնդիրներից։ Մարդիկ կան, որ ստում են մյուսների առջև տպավորություն ստեղծելու համար, իսկ ոմանք էլ՝ որպեսզի վնասեն մյուսներին։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսը սատանային անվանում էր ստախոս և կեղծիքի հայր (տե՛ս Հովհաննես 8․44 խոսքը)։

Իսկ Հայտնություն 22:15 խոսքում կարդում ենք, որ բոլոր ստություն սիրող ու գործող մարդիկ չունեն փրկություն և արժանանալու են հավիտենական տանջանքի հեռանկարին:

«Ստի ոտքը կարճ է»: Ամեն սուտ ու ամեն կեղծիք շուտով բացահայտվելու է։ Իրականում, Աստված է, որ բացահայտում է ստախոս մարդկանց գաղտնիքները։ Ես շատ անգամ եմ ականատես եղել, թե ինչպես է Աստված բացահայտում անգամ ամենախելացի ու ամենախորամանկ ստախոսների գաղտնիքները։

«Այդպես էլ չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և չի եղել մի գաղտնիք, որ հայտնի չի դարձել» (Մարկոս 4․22):

Առանց ստի կյանքը պարզ, ուղիղ, շիտակ ու խաղաղ մի կյանք է, որն Աստված է պատրաստել ստությունը մերժող յուրաքանչյուր մարդու համար։ Իսկ ստախոսները ո՛չ միայն չունեն փրկություն, այլև այստեղ՝ այս երկրային կյանքի ընթացքում, ամոթի, պարսավանքի ու խայտառակության են ենթարկվելու, քանի որ Աստված կանգնած է Իր սուրբ ու անսխալական Խոսքի հետևում և բացահայտելու է յուրաքանչյուր ստախոսի մութ ու խավար գաղտնիքները։

«Ստի ոտքը կարճ է»: Եկե՛ք մերժենք ստությունը մեր կյանքերում և ապրենք ճշմարտության մեջ՝ հավատալով ճշմարտությանը և միմյանց հետ խոսելով ճշմարտություն։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 3Օր 5

Այս Ծրագրի Մասին

«Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից»

Մենք՝ հայերս, բազմաթիվ ասացվածքներ ունենք, որոնք վերցված են Աստվածաշնչից՝ աստվածային ճշմարտության և գերբնական իմաստության միակ ճշմարիտ Աղբյուրից։ Ուղերձների այս շարքի նպատակը՝ դրանք Աստվածաշնչի լույսի ներքո ներկայացնելն է, որն Աստված է փոխանցում Իր զավակներին Իր Սուրբ Խոսքի մեջ։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am