Ինչի՞ն է ծարավ հոգիդ փափագումՕրինակ
Աստծու խաղաղությունը՝ քո անձի մեջ
Մենք շարունակում ենք «Ի՞նչ է փափագում ծարավ հոգիդ» անվանումը կրող ուղերձների շարքը և շարունակում ենք խոսել մարդու հոգու առանձնահատուկ ընկալումների և այդ հոգու մեծագույն փափագի մասին։ Այսօր անդրադառնալու ենք մարդու հոգու մեծագույն փափագին՝ Աստծու խաղաղությունը մեր անձի ներսում ունենալու թեմային։
Սիրելի՛ բարեկամ, ինչպես քննարկեցինք մեր նախորդ ուղերձի մեջ, Տեր Աստծու խաղաղությունը գալիս է մեր սրտերի մեջ, երբ մենք հաշտության հարաբերություն ունենք Արարիչ Աստծու հետ։ Աստծու հետ հաշտ լինելն առաջին հերթին նշանակում է համաձայն լինել Նրա հետ և հնազանդվել Նրա կամքին։
«Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի Ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև Ես հաղթել եմ աշխարհին» (Հովհաննես 16.33):
Տեր Հիսուսն ուսուցանում էր և աշակերտներին բացատրում չերևացող հոգևոր աշխարհի սկզբունքներն ու օրենքները, որպեսզի աշակերտները չապրեին մյուս մարդկանց նման, այլ ունենային հավատքի հերոսական կյանք։ Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցումներին ու Նրա կամքին հնազանդ կյանքով ապրելը Քրիստոսի աշակերտի կյանքում անխուսափելիորեն նեղություններ է առաջ բերելու աշխարհի մարդկանց կողմից։
Սակայն Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ աշակերտները չպե՛տք է վախենան նման նեղություններից, քանի որ Ինքը հաղթել է աշխարհին։ Տերը Իր խաղաղությունն է փոխանցում Իր խոսքերին ու Իր կամքին հնազանդ Իր աշակերտներին։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպիսի՞ դժվարություններով ես անցնում այսօր։ Ի՞նչն է գողացել քո սրտի խաղաղությունը։ Գուցե քո կյանքի հարատև դժվարություններից եկած հոգնածությունը․․․ Գուցե երկար ժամանակ կատարված աղոթքների անպատասխան մնալը․․․ Քո կյանքի իրավիճակները, խնդիրները, հարաբերությունները, ընտանիքը, ֆինանսները, առողջությունը, հարազատները․․․
Ինչն էլ պատճառ եղած լինի քո խաղաղության կորստի, միշտ հիշի՛ր, որ Տեր Հիսուսը կարո՛ղ է վերկանգնել քո սրտի խաղաղությունը՝ Իր խաղաղությունը քեզ փոխանցելով։ Իսկ Տիրոջ խաղաղությունն ընդունելու համար դու պետք է նվիրվես Իր Խոսքը ճանաչելուն, հավատա՛ս Աստվածաշնչի ուսուցանած ճշմարտություններին և նվիրվես Աստծու կամքը այս երկրի վրա կատարելուն։ Ընդ որում, Աստծու կամքը կարող ես կատարել անգամ քո կյանքի ամենածանր իրավիճակներում, եթե որոշես դրանց արձագանքել այնպես, ինչպես Աստված է ուսուցանում Իր Խոսքի մեջ։
Աստծու խաղաղությունը գալիս է Նրա կամքին հնազանդվելուց։ Քո հոգին փափագում է Աստծու խաղաղությանը։ Ե՛կ նվիրվենք Աստվածաշնչի մեջ Աստծու կամքը ճանաչելու ընթացքին։ Ե՛կ փափագենք Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով ապրելուն, և Աստծու խաղաղությունը կլցվի մեր հոգու ու սրտի ամենախորը անկյունները։
«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա» (Հովհաննես 14․27):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Աստվածաշունչը սովորեցնում է, որ մարդն ունի հոգի, շունչ և մարմին: Հոգին կապ ունի հոգևոր աշխարհի հետ և իր ընկալման հնարավորություններով կարող է իմանալ ու զգալ, հասկանալ ու ընկալել բաներ, որոնք անհասանելի են մեր շնչին և, առավել ևս, մեր մարմնի զգայարաններին։ Մարմինը և հոգին իրար հակառակ են։ Մարմնավոր մարդը կործանվելու է, իսկ հոգևորը փրկվելու է։ Հոգին փափագում է Աստծու խաղաղությանը։ Աստծու խաղաղությունը գալիս է Նրա կամքին հնազանդության պարագայում:
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am