Ինչի՞ն է ծարավ հոգիդ փափագումՕրինակ

Ինչի՞ն է ծարավ հոգիդ փափագում

ՕՐ 2 7-ից

Երբ ինձ ասում են, որ դեմքս ծանոթ է․․․

Մենք շարունակում ենք «Ի՞նչ է փափագում ծարավ հոգիդ» անվանումը կրող ուղերձների շարքը։ Առաջիկա օրերին մենք խոսելու ենք մարդու հոգու առանձնահատուկ ընկալումների և այդ հոգու մեծագույն փափագի մասին։ Այսօր մի երևույթի մասին եմ ուզում կիսվել քեզ հետ, որը բավականին հաճախ է ինձ հետ պատահում։

Սիրելի՛ բարեկամ, բավականին հաճախ է պատահում, որ ինձ անծանոթ մարդիկ են մոտենում և ասում, որ դեմքս շատ ծանոթ է իրենց։ Սկզբում ես, ինչպես բոլորը նման դեպքերում, փորձում էի հասկանալ, թե որտեղի՞ց ենք ծանոթ։ Հարցուփորձ էի անում, թե որտե՞ղ է տվյալ մարդն ապրում, որտե՞ղ է սովորել, որտե՞ղ է անցկացրել բանակային ծառայությունը և այլն։ Սակայն գրեթե բոլոր նման դեպքերում, ի վերջո, հասկանում էինք, որ նախկինում բացարձակապես իրար չենք ճանաչել։

Երբ նման դեպքերը սկսեցին դառնալ կանոնավոր ու հաճախակի, փորձեցի աղոթքի մեջ Տեր Աստծուց հասկանալ, թե ի՛նչ կարող է այս ամենը նշանակել։ Շատ հետաքրքիր էր Տեր Աստծու պատասխանը, որ անմիջապես դրվեց իմ սրտում, երբ սկսեցի Նրա մոտ փնտրել իմ հարցի պատասխանը։ Ես հասկացա, որ միանգամայն անծանոթ մարդկանց ծանոթ ու հարազատ եմ թվում, քանի որ իրենց հոգին տեղյակ է հոգևոր իրողություններին և գիտի, որ ես կարող եմ իրենց փոխանցել այն Խոսքը, որը նրանց փրկության միջոց կարող է դառնալ։

Աստվածաշունչը սովորեցնում է, որ մենք «Շնորհով ենք փրկվում հավատի միջոցով և դա Աստծու պարգևն է» (Եփեսացիս 2․8):

Իսկ հավատքը միայն և միմիայն ծնվում է Աստծու փրկարար Խոսքը լսելուց․ «Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից» (Հռոմեացիս 10․17):

Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերին հավատալու արդյունքը լինում է մարդու ազատագրությունը խավարի իշխանությունից և նրա տեղափոխությունը Տեր Հիսուս Քրիստոսի Արքայության մեջ․ «․․․գոհություն մատուցելով Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերին բաժին հասած ժառանգությանը լույսի մեջ, որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ Իր սիրելի Որդու Արքայության մեջ փոխադրեց, որի միջոցով ունենք փրկություն՝ մեղքերի թողություն» (Կողոսացիս 1․12-14):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ ես հասկացա, որ ինձ մոտեցող մարդու ենթագիտակցության մեջ կամ նրա հոգու խորքում կա համոզում, որ ես կարող եմ լինել հենց ա՛յն մարդը, որը կփոխանցի նրանց Տեր Հիսուս Քրիստոսի մասին Բարի Լուրը և կօգնի փրկարար հավատքի ձևավորման և խավարի իշխանությունից ազատագրման հարցում, արմատապես փոխվեց իմ մոտեցումն այն մարդկանց, որոնք մոտենում էին ինձ ու ասում, որ իրենց թվում է, թե մենք ծանոթ ենք եղել կամ հանդիպել ենք նախկինում։

Հիմա ես անմիջապես նրանց ասում եմ, որ իրենց հոգին փափագում է փրկության, իսկ ես կարող եմ ցույց տալ փրկության ուղին և փոխանցել այն Ավետարանը, որին հավատալու պարագայում նրանց կյանքում կգա ազատագրություն ու փրկություն Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Ես ասում եմ, որ իրականում նրանց հոգին ծարավ է կյանք տվող Խոսքին, և սկսում եմ խոսել իմ Փրկչի խաչելության ու Նրա խոսքերին հավատալու շնորհիվ մեր մեղքերի ներման հնարավորության մասին։

Իսկ դու ինչպե՞ս ես արձագանքում, երբ զգում ես, որ դիմացինդ փրկության կարիք ունի, և դու կարող ես նրան ցույց տալ փրկության ուղին․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Ինչի՞ն է ծարավ հոգիդ փափագում

Աստվածաշունչը սովորեցնում է, որ մարդն ունի հոգի, շունչ և մարմին: Հոգին կապ ունի հոգևոր աշխարհի հետ և իր ընկալման հնարավորություններով կարող է իմանալ ու զգալ, հասկանալ ու ընկալել բաներ, որոնք անհասանելի են մեր շնչին և, առավել ևս, մեր մարմնի զգայարաններին։ Մարմինը և հոգին իրար հակառակ են։ Մարմնավոր մարդը կործանվելու է, իսկ հոգևորը փրկվելու է։ Հոգին փափագում է Աստծու խաղաղությանը։ Աստծու խաղաղությունը գալիս է Նրա կամքին հնազանդության պարագայում:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am