Դասեր Դանիելի մարգարեությունիցՕրինակ
Երբ Աստծու սրբությունների հանդեպ անսուրբ վերաբերմունք ես ցույց տալիս․․․
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեությունից»անվանումը։ Այսօր անդրադառնալու ենք մի պատմության, որն առնչվում է Տեր Աստծու սրբությունների հանդեպ մարդու վերաբերմունքին և այդ վերաբերմունքի հետևանքներին։
Սիրելի՛ բարեկամ, երբևէ մտածե՞լ ես, թե ինչ է սրբությունը, ինչն է սուրբ Տեր Աստծու համար և ինչու է Աստված մարդուց սրբության վերաբերմունք պահանջում այն ամենի հանդեպ, ինչն Ինքն է սուրբ համարում։ Սա մի կարևորագույն թեմա է, որից կախված է մարդու երկրային կյանքն ու հավիտենական փրկությունը։
Դանիելի մարգարեության մեջ կարդում ենք Բաղդասար թագավորի պատմությունը, որն Աստծու սրբությունների հանդեպ անսուրբ վերաբերմունք է ցույց տալիս։ Նա հրամայում է, որ բերեն Երուսաղեմի տաճարից բերված ոսկե և արծաթե սպասքը, որպեսզի դրանցով գինի խմեն ինքը՝ թագավորը, նրա իշխանավորները, կանայք ու հարճերը։
«Խմեցին գինին և գովեցին ոսկե ու արծաթե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին։ Այդ պահին մարդկային ձեռքի մատներ երևացին և աշտանակի դիմաց գրեցին թագավորական պալատի պատի ծեփի վրա։ Եվ թագավորը տեսավ այն ձեռքը, որը գրում էր։ Այդ ժամանակ թագավորի գույնը փոխվեց, և նրա խորհուրդները խռովեցին նրան, նրա մեջքի հոդերը քանդվում էին, իսկ նրա ծնկները մեկմեկի էին խփում» (Դանիել 5.4-6):
Հնարավոր չէ անսուրբ վերաբերմունք ցույց տալ այն ամենին, ինչը սուրբ է Տեր Աստծու համար, և մնալ անպատիժ։ Թագավորը կանչում է Դանիելին և խնդրում, որ նա մեկնի պատի վրա մարդկային ձեռքի մատների գրածը։ Դանիելը նախ նրան հիշեցնում է նրա հայր Նաբուգուդոնոսորի պատմությունը, որին մենք անդրադարձել ենք երեկվա ուղերձում, և հետո փոխանցում Տեր Աստծու դատավճիռը։
«Եվ դու՝ նրա որդին, Բաղդասա՛ր, չխոնարհեցրիր քո սիրտը, թեև այս ամենը գիտեիր։ Այլ քեզ բարձրացրիր երկնքի Տիրոջ դեմ, և Նրա տան անոթները բերվեցին քո առաջ, և դու, քո մեծամեծները և քո կանայք ու քո հարճերը գինի խմեցիք նրանցով։ Եվ գովաբանեցիր արծաթե ու ոսկե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ իմանում։ Բայց չփառավորեցիր այն Աստծուն, որի ձեռքում է քո շունչը, որինն են քո բոլոր ճանապարհները։ Ուստի այն ձեռքն ուղարկվեց Նրա կողմից, և այս գրվածքը գրվեց։ Եվ այս է գրված այն գրությունը՝ ՄԵՆԵ, ՄԵՆԵ, ԹԵԿԵԼ ՈՒ ՓԱՐՍԻՆ։ Այս է խոսքի մեկնությունը. Մենե՝ Աստված հաշվեց քո թագավորության օրերը և այն վերջացրեց. Թեկել՝ կշեռքով կշռվեցիր և պակաս գտնվեցիր. Փարես՝ բաժանվեց քո թագավորությունը և տրվեց մարերին ու պարսիկներին» (Դանիել 5․22-28):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու ինչպե՞ս ես վերաբերվում Տեր Աստծու կողմից սուրբ հայտարարված բաներին։ Գիտե՞ս արդյոք, թե որո՛նք են դրանք։ Աստված սուրբ է համարում, օրինակ, ամուսնական հարաբերությունը, Եկեղեցու՝ մեկտեղ հավաքվելը, Իր գործի համար արված զոհաբերությունն ու տասանորդի հատկացումը․․․ Աստված սուրբ է համարում մարդու ապաշխարության ու Տիրոջ կամքին հնազանդվելու որոշումը, Իրեն տրտմեցնելուց երկյուղ ունենալը, Իր անունը և Իրեն պատկանող ամեն բան։ Ինչպիսի՞ վերաբերմունք ունես այն ամենին, ինչը Տեր Աստծու համար ունի սուրբ որակումը։
Բաղդասար թագավորը կշռվեց ու թեթև գտնվեց, քանի որ անսուրբ վերաբերմունք ուներ Տեր Աստծու սրբությունների հանդեպ։ Իսկ ինչպիսի՞ կշիռ ունես դու հոգևորապես։ Արդյոք դու սրբությա՞մբ ես վերաբերվում Տիրոջ սրբություններին․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Դանիելն ու իր ընկերները որոշեցին, որ իրենց չպղծեն թագավորի կերակուրով: Երբե՛ք դեմ չգնաս Տեր Աստծու Խոսքի սկզբունքներին և չպղծես քեզ այն հաճույքներով, որն աշխարհն է առաջարկում։ Դանիելը, որքան էլ զորավոր լիներ հավատքի մեջ, դժվարությունների ժամանակ կարիք ուներ Աստծուն սիրող մյուս մարդկանց հետ միաբանվելու և աղոթք ու աղաչանք բարձրացնելու Ամենակարող Աստծուն: Աստված ապաշխարող ու խոնարհ սիրտ է ակնկալում յուրաքանչյուր մարդուց։
More
We would like to thank hisus.am for providing this plan. For more information, please visit: https://Hisus.am