Դասեր Դանիելի մարգարեությունիցՕրինակ

Դասեր Դանիելի մարգարեությունից

ՕՐ 3 7-ից

Քրիստոսի անուշ բուրմունքը՝ կրակի խանձահոտի փոխարեն

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեությունից»անվանումը։ Այսօր անդրադառնալու ենք մի պատմության, որը շատ հայտնի է և վերաբերում է Դանիելի երեք ընկերների հավատարմությանը Տեր Աստծու հետ կնքած իրենց ուխտին։ Դա հատուկ արարողակարգային ու ծեսերով ուղեկցվող ուխտ չէր եղել նրանց համար, այլ Տիեզերքի արարիչ միակ ճշմարիտ Աստծուն պաշտելու և Նրա փոխանցած սկզբունքներին հավատարիմ ապրելու սրտի որոշում։

Սիրելի՛ բարեկամ, իսկ դու հավատո՞ւմ ես միակ ճշմարիտ Աստծուն, որ արարել է երևացող և չերևացող իրականությունները։ Դու հավատո՞ւմ ես այն Աստծուն, որին ներկայացնում է կյանքի և Աստծու մասին ճշմարտության միակ և բացարձակ ճշմարտություն հանդիսացող Գիրքը՝ Աստվածաշունչը։ Դու հավատո՞մ ես Սուրբ Գրքի անսխալականությանը։ Եթե հավատում ես Աստծուն ու Նրա Խոսքին և որոշում ես կայացրել ապրելու այս կյանքը՝ որպես Նրան պաշտող ու երկրպագող մեկը՝ Նրա զավակն ու աշակերտը, ապա քեզ, անշուշտ, կհետաքրքրի Դանիելի երեք ընկերների հավատարմության մասին այս կարճ ուղերձը։

Նաբուգուդոնոսոր թագավորը մի ոսկե արձան է կանգնեցնում Բաբելոնի գավառի Դուրայի դաշտում և հրամայում, որ բոլոր ազգերն ու ժողովուրդները երկրպագեն այդ արձանին։ Եթե մեկը մերժեր թագավորի այս հրամանին հնազանդվելը, թագավորի իսկ հրամանով գցվելու էր կրակե հնոցի մեջ։ Սեդրակը, Միսաքը և Աբեդնագովը մերժեցին արձանին երկրպագելը, քանի որ պաշտում էին միակ ճշմարիտ Աստծուն։ Նրանք կանգնեցին բարկացած թագավորի առջև, որը նրանց շատ բնական հարց տվեց՝ ասելով, թե կարո՞ղ է արդյոք երեք ընկերների պաշտած Աստված ազատել նրանց կրակե հնոցից և թագավորի սաստիկ բարկությունից։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբևէ մտածե՞լ ես, թե ինչ չափման միավորով է հնարավոր չափել հավատարմությունը։ Եվ, ընդհանրապես, հնարավո՞ր է արդյոք չափել հավատարմությունը։ Ի՞նչ արժե հավատարմությունը։ Ես իմ ամբողջ սրտով հավատում եմ, որ հավատարմությունը կա՛մ կա, կա՛մ չկա։ Այն չի կարող լինել շատ կամ քիչ։ Եվ եթե այն կարող է վաճառվել, ապա դա չի կարող կոչվել հավատարմություն, այլ մենք գործ ունենք անհավատարմության հետ։

Երբեմն սատանան մարդկանց կամ իրավիճակների միջոցով մեզ տարբեր առաջարկներ է անում Տեր Աստծու հանդեպ մեր հավատարմությունը վաճառելու համար։ Դա կարող է լինել մեղքի գայթակղությունը, հարստության ու փառքի խոստումը, ինչպես Տեր Հիսուսի՝ անապատի փորձության ժամանակ, կամ կարող է լինել մարդու անձին և անգամ կյանքին սպառնացող վտանգը։ Սակայն միշտ էլ առաջարկի կամ սպառնալիքի դիմաց սատանան ակնկալում է, որ մենք՝ Քրիստոսի հավատարիմ հետևորդներս, վաճառենք կամ զիջենք մեր հավատարմությունը։

«Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը պատասխանեցին թագավորին և ասացին. «Այս բանի մասին հարկ չկա քեզ պատասխան տալու, ո՛վ Նաբուգոդոնոսոր։ Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից, քո ձեռքից ևս, ո՛վ թագավոր, Նա կազատի մեզ։ Իսկ եթե ոչ, ապա իմացի՛ր, ո՛վ թագավոր, որ քո աստվածներին մենք չենք պաշտելու և քո կանգնեցրած արձանին չենք երկրպագելու» (Դանիել 3․16-18):

Այլ կերպ ասած՝ երեք ընկերները թագավորին ասացին, որ իրենց հավատարմությունն Աստծուն ուղղակի չի վաճառվում։ Հետևանքը սկզբում ահավոր էր։ Թագավորն անկառավարելի զայրույթի ու բարկության մեջ հրամայում է, որ կրակե հնոցը յոթնապատիկ ավելի ուժեղ վառեն, և երեք ընկերներին գցում են դրա մեջ։

«Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորն ապշած և շտապելով վեր կացավ և խոսեց՝ իր խորհրդականներին ասելով. «Մի՞թե մենք կապված երեք մարդ չգցեցինք կրակի մեջ»։ Նրանք պատասխանեցին թագավորին և ասացին. «Ստույգ է, ո՛վ թագավոր»։ Նա էլ ասաց. «Ահա ես չորս արձակ մարդու եմ տեսնում, որ շրջում են կրակի մեջ, և նրանց վնաս չի լինում. չորրորդի կերպարանքն էլ աստվածների որդու է նման» (Դանիել 3․24-25):

Հավատարմությունը Տեր Աստծու ամենասիրած ու ամենասպասված որակն է Իրեն պաշտող յուրաքանչյուր մարդու մեջ։ Երբ Դանիելի երեք ընկերներին հանեցին կրակով բորբոքված հնոցից, նրանց վրայից անգամ խանձվածի հետ չէր գալիս։ Այրվել էին միայն նրանց կապանքները։ Ես իմ ամբողջ սրտով հավատում եմ, որ հավատարիմներին այցելած փորձությունների մեջ նրանց կողքին միշտ կա Մեկը, որ պահում, պաշտպանում և զորացնում է նրանց, որպեսզի չվախենան ու չընկրկեն չարի գայթակղությունների կամ սպառնալիքների ներքո։

Ես հավատում եմ, որ այդ երեք ընկերների վրայից Քրիստոսի անուշ բուրմունքն էր տարածվում նրանց շրջապատում։ Իսկ դու հավատարի՞մ ես։ Կարո՞ղ ես վստահորեն ասել, որ նաև քո՛ հավատարմությունն Աստծուն ու Նրա Խոսքի սկզբունքներին չի վաճառվում սատանայի առաջարկած և ո՛չ մի գնով․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Դասեր Դանիելի մարգարեությունից

Դանիելն ու իր ընկերները որոշեցին, որ իրենց չպղծեն թագավորի կերակուրով: Երբե՛ք դեմ չգնաս Տեր Աստծու Խոսքի սկզբունքներին և չպղծես քեզ այն հաճույքներով, որն աշխարհն է առաջարկում։ Դանիելը, որքան էլ զորավոր լիներ հավատքի մեջ, դժվարությունների ժամանակ կարիք ուներ Աստծուն սիրող մյուս մարդկանց հետ միաբանվելու և աղոթք ու աղաչանք բարձրացնելու Ամենակարող Աստծուն: Աստված ապաշխարող ու խոնարհ սիրտ է ակնկալում յուրաքանչյուր մարդուց։

More

We would like to thank hisus.am for providing this plan. For more information, please visit: https://Hisus.am