Քրիստոնեական միաբանության օրհնություններըՕրինակ

Քրիստոնեական միաբանության օրհնությունները

ՕՐ 6 7-ից

Միաբանությունն անհնարին է առանց խաղաղության կապի

Քրիստոնեական միաբանության հարցում կարևորագույն բանալիներից մեկը միևնույն նպատակի համար գործելն է։ Եվ այդ նպատակը եկեղեցիների պարագայում այլ բան չի կարող լինել, եթե ոչ Տեր Հիսուս Քրիստոսի Մեծ Հանձնարարականի կատարումը՝ մարդկանց Ավետարանը քարոզելը և Ավետարանի ուղերձին հավատքով արձագանքողներին Քրիստոսի կարգապահ ու հավատարիմ աշակերտներ դարձնելը։

Սիրելի՛ բարեկամ, սակայն, անգամ երբ մարդիկ նույն նպատակի համար են գործում, կարող են խնդիրների բախվել հարաբերությունների տարբեր մակարդակներում։ Մենք շատ տարբեր ենք և կարող ենք տարաձայնություններ ունենալ։ Ավելին՝ տարբեր լինելուց ավելի բարդ մի բան կա, որը կարող է հակամարտություններ և գժտություններ ծնել ու խանգարել քրիստոնեական միաբանությանը։

Ամբողջ խնդիրն այն է, որ մենք սխալական ենք։ Այսինքն՝ որքան էլ հոգևոր լինենք ու առաջնորդվենք Աստծու Սուրբ Հոգով, միևնույնն է՝ մենք չենք դառնում անսխալական մարդիկ և կարող ենք միմյանց հանդեպ հարաբերություններում սխալներ թույլ տալ։ Սխալներ էին թույլ տալիս և ցավեցնում միմյանց անգամ այնպիսի հավատքի հերոսներ ու Հոգով լցված զորավոր ծառայողներ ու առաջնորդներ, ինչպիսիք էին Պետրոս և Պողոս առաքյալները։

«Բայց երբ Կեփասն Անտիոք եկավ, ես նրան հակառակվեցի, որովհետև մեղադրելի էր։ Քանի որ նախքան Հակոբոսի մոտից ոմանց գալը նա հեթանոսների հետ առանց խտրություն դնելու ուտում էր, բայց երբ նրանք եկան, առանձնանում էր և իրեն մեկուսացնում՝ վախենալով թլփատվածներից։ Եվ նրա հետ ուրիշ հրեաներ էլ կեղծավորություն արեցին, այն աստիճան, որ Բառնաբասն էլ նրանց կեղծավորությամբ տարվեց։ Բայց երբ տեսա, որ Ավետարանի ճշմարտության համեմատ ուղիղ չեն ընթանում, բոլորի առաջ Կեփասին ասացի. «Եթե դու, հրեա լինելով, հեթանոսի պես ես վարվում և ոչ թե հրեայի, էլ ինչո՞ւ ես հեթանոսներին ստիպում, որ հրեայի պես վարվեն» (Գաղատացիս 2.11-14):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, առաքյալների միջև այս միջադեպը չկարողացավ վնասել նրանց միաբանությանը, քանի որ բոլորն էլ Հոգով լցված, խոնարհ, հեզ և խաղաղության կապը գնահատող մարդիկ էին։ Ահա թե ինչ է ասում հետագայում եկեղեցու հովիվ Պետրոս առաքյալն իրեն այդքան խիստ հանդիմանած Պողոս առաքյալի մասին։

«…և մեր Տիրոջ համբերությունը փրկությո՛ւն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ իրեն տրված իմաստությամբ գրեց ձեզ և ինչպես իր բոլոր նամակներում խոսում է այս բաների մասին» (Բ Պետրոս 3.15-16):

Սխալվել կարող են բոլորը։ Սակայն դա հիմք չէ հարաբերություններ խզելու և միաբանությունը քանդելու համար։ Մենք պետք է խոսենք ճշմարտությունը, սակայն պետք է նաև ներենք մեր եղբայրներին ու քույրերին, որոնք մեր հանդեպ սխալ վարքագիծ են դրսևորում։ Տեր Հիսուսն Ինքն էր սովորեցնում, որ երանելի են այն մարդիկ, որոնք հարաբերությունների բախումների ժամանակ ընթացքը դեպի խաղաղություն են տանում։

«Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն» (Մատթեոս 5.9):

Իսկ դու խաղաղությա՞ն մարդ ես։ Դու հակամարտությունները թեժացնո՞ղ ես, թե՞ դրանք մղում ես դեպի խաղաղ հանգուցալուծումը։ Դու գնահատո՞ւմ ես միաբանությունը, թե՞ դրանից ավելի բարձր ես դասում քո անձնական նկրտումներն ու նվաճումները․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 5Օր 7

Այս Ծրագրի Մասին

Քրիստոնեական միաբանության օրհնությունները

Քրիստոնեական միաբանությունը բոլոր քրիստոնյաների միաբանությունն է։ Միաբանությունը բխում է խոնարհությունից և իրար հանդեպ սիրո ու հանդուրժողական վերաբերմունքից։ Քրիստոնեական միաբանության կարևորագույն նախապայման է հոգևոր հասունությունը։ Քրիստոնեական միաբանությունը սկսվում է ընտանիքից: Քրիստոնեական միաբանությունը պետք է իրական լինի ոչ միայն եկեղեցու մեջ, այլև միջեկեղեցական հարաբերություններում։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am