Քրիստոնեական միաբանության օրհնություններըՕրինակ
Սուրբ Հոգու դերը միջեկեղեցական միաբանության հարցում
Քրիստոնեական միաբանությունն է եկեղեցում և հավատացյալների մեջ Տեր Հիսուսի ներկայության ու Նրա Հոգու փոխակերպող ներգործության վկայությունը աշխարհին։ Քրիստոնեական միաբանությունը պետք է իրական լինի ոչ միայն եկեղեցու մեջ, այլև միջեկեղեցական հարաբերություններում։ Եվ միջեկեղեցական հարաբերություն ասելով՝ մենք չպետք է հասկանանք եկեղեցական կառույցների միջև հարաբերությունները, այլ տարբեր եկեղեցիների հավատացյալների ու ծառայողների շրջանում իրար հանդեպ ունեցած վերաբերմունքը։
Սիրելի՛ բարեկամ, Աստված երկրի վրա տեսնում է միայն մեկ Եկեղեցի։ Տեր Աստծու Եկեղեցին բաղկացած է բոլոր հարանվանություններին ու եկեղեցական ուղղություններին պատկանող այն մարդկանցից, որոնք սրտանց հավատում են Աստվածաշնչի ներկայացրած Աստծուն և Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին, որոնք հավատում են Տեր Հիսուսի կատարած գործին ու փոխանցած ուսուցումներին, որոնց մասին մեզ պատմում է Աստվածաշունչը։
Ես դիտմամբ եմ շեշտում Աստվածաշունչը, քանի որ անհնարին է հավատալ Տեր Հիսուսին և, միևնույն ժամանակ, կասկածի տակ դնել Նրա մասին պատմող և Նրա ուսուցումները մեզ փոխանցող միակ ճշմարիտ աղբյուրի իսկությունը։
Եվ այսպես, Աստված երկրի վրա տեսնում է միայն մեկ Եկեղեցի, որը նկարագրվում է որպես Քրիստոսի Մարմին։ Այս եկեղեցու մեջ են բոլոր տեղական եկեղեցիների և բոլոր քրիստոնեական հարանվանությունների այն անդամները, որոնք հավատք ունեն Քրիստոսի խոսքերի և կատարած գործի հանդեպ։ Նման մարդիկ ունեն Սուրբ Հոգու ներբնակությունը՝ նրանց ներսում Աստծու Սուրբ Հոգին է բնակվում։
Սուրբ Հոգին վկայություն է տալիս մեր սրտերին, որ մեկ այլ եկեղեցու տվյալ անդամը նույնպես Հոգով լցված անձնավորություն է, և այլևս եկեղեցական ու հարանվանական տարբերությունները պատնեշ չեն կարող լինել մեր միջև։ Ահա հենց սա՛ է միջեկեղեցական միաբանության հրաշքը։ Մենք չենք կարող արհեստական միաբանություն ստեղծել, քանի որ միաբանությունը կարևոր է։ Իրական քրիստոնեական միաբանությունը պետք է Հոգու միաբանություն լինի։
Պողոս առաքյալը Եփեսոսի հավատացյալներին խորհուրդ էր տալիս ջանք անել, որպեսզի պահեն Հոգու միաբանությունը խաղաղության կապով (տե՛ս Եփեսացիս 4.2 խոսքը)։ Անհնարին է հասնել իրական քրիստոնեական միաբանության, եթե մարդը չունի Հոգու լեցունությունը։ Միջեկեղեցական միաբանությունը շուտով կվերածվի միջեկեղեցական պատերազմների, եթե չկա Հոգու հետ մտերմություն, և մարդը չի զանազանում Աստծու Հոգու ներկայությունը մեկ այլ հարանվանությանը պատկանող հավատացյալի կյանքում։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, անշուշտ, կան մոլորեցնող ուղղություններ, որոնք բացահայտ կերպով հակաաստվածաշնչյան ուսմունքներ ունեն։ Սակայն կան նաև շատ այլ եկեղեցիներ, որոնք մեզնից տարբերվում են ընդամենը երկրորդական հարցերում։ Նրանք նույն Ավետարանն են քարոզում և դավանում են նույն Տիրոջը, որ մենք ենք պաշտում։ Նրանց մեջ այն նույն Հոգին է բնակվում, որ մենք ենք ընդունել և որ Աստված խոստացել է Իրեն անկեղծ սրտով հավատացող բոլոր մարդկանց։
Դու միաբա՞ն ես Տեր Հիսուսի այն աշակերտների հետ, որոնք քո եկեղեցուց չեն, սակայն ապրում են Տիրոջ հանձնարարությունն այս երկրի վրա իրագործելու փափագով։ Դու ջանո՞ւմ ես նրանց հետ խաղաղություն ունենալ և Հոգու միաբանության մեջ լինել։ Աղոթո՞ւմ ես նրանց համար։ Ծառայո՞ւմ ես նրանց։ Հնարավորության դեպքում ամեն ջանք անո՞ւմ ես նրանց բեռները թեթևացնելու համար․․․
«Ես ընկերն եմ բոլոր նրանց, ովքեր վախենում են Քեզնից և պահում են Քո պատվիրանները» (Սաղմոս 119․63):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Քրիստոնեական միաբանությունը բոլոր քրիստոնյաների միաբանությունն է։ Միաբանությունը բխում է խոնարհությունից և իրար հանդեպ սիրո ու հանդուրժողական վերաբերմունքից։ Քրիստոնեական միաբանության կարևորագույն նախապայման է հոգևոր հասունությունը։ Քրիստոնեական միաբանությունը սկսվում է ընտանիքից: Քրիստոնեական միաբանությունը պետք է իրական լինի ոչ միայն եկեղեցու մեջ, այլև միջեկեղեցական հարաբերություններում։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am