Քրիստոնեական միաբանության օրհնություններըՕրինակ

Քրիստոնեական միաբանության օրհնությունները

ՕՐ 1 7-ից

Միաբանության հրատապությունը

Քրիստոնեական միաբանությունը մի զորավոր օրհնություն է, որը շատ կարևոր է Տեր Հիսուս Քրիստոսի հանձնարարությունը այս երկրի վրա իրագործելու համար։ Քրիստոնեական միաբանությունը Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքն էր և Նրա քահանայապետական աղոթքի հիմնական թեման։ Քրիստոնեական միաբանությունը զորացնում է Քրիստոսի բանակը և խավարի թագավորության դեմ պատերազմում հաղթանակի կարևորագույն բանալիներից մեկն է։

Սիրելի՛ բարեկամ, իսկ ի՞նչ կարող ենք անել ես և դու այդ միաբանությանը նպաստելու համար։ Քրիստոնեական միաբանությունը բոլոր քրիստոնյաների միաբանությունն է։ Հնարավո՞ր է արդյոք հասնել իրական միաբանության՝ այն միաբանությանը, որի համար աղոթում էր Տեր Հիսուսը։ Տերը խնդրում էր ոչ միայն Իր աշակերտների համար, այլև բոլոր նրանց համար, որոնք հետո էին հավատալու Իրեն։ Նա աղոթում էր նաև մեր ժամանակների եկեղեցու և հավատացյալների համար։

«Բայց միայն նրանց համար չեմ խնդրում, այլ նաև նրանց, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան Ինձ, որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու, Հա՛յր, Իմ մեջ, և Ես՝ Քո մեջ. որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, որպեսզի աշխարհը հավատա, որ Դո՛ւ Ինձ ուղարկեցիր։ Եվ այն փառքը, որ Ինձ տվեցիր, Ես նրանց տվեցի, որպեսզի մեկ լինեն, ինչպես մենք ենք մեկ։ Ես՝ նրանց մեջ, և Դու՝ Իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ, որպեսզի աշխարհն իմանա, որ Դո՛ւ Ինձ ուղարկեցիր ու նրանց սիրեցիր այնպես, ինչպես Ինձ սիրեցիր» (Հովհաննես 17․20-23):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ ինչպե՞ս կարող ես դու նպաստել քրիստոնեական միաբանության կայացմանը քո շրջապատում։ Իրականում, եկեղեցիների միջև միաբանությունը սկսվում է եկեղեցու անդամների միջև միաբանությամբ։ Միաբանությունը բխում է խոնարհությունից և իրար հանդեպ սիրո ու հանդուրժողական վերաբերմունքից։ Իսկ ես և դու, նախքան եկեղեցիներից միաբանությունը պահանջելը, արդյոք ունե՞նք միաբանության տանող այդ որակներն ու միաբանող վերաբերմունքը մեր շրջապատի մարդկանց հանդեպ։

«Ոչինչ մի՛ արեք հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի» (Փիլիպպեցիս 2․3):

Ես իմ ամբողջ սրտով հավատում եմ լույսի որդիների միաբանությանը։ Միշտ եղել են և լինելու են մարդիկ, որոնք նախանձող են, ինքնահավան, չեն կարողանում հանդուրժել դիմացինի հաջողություններն ու վերելքները։ Այս մարդիկ գործում են որպես քրիստոնեական միաբանության թշնամիներ։ Սակայն միշտ եղել են և լինելու են նվիրյալ հավատացյալներ, որոնք ոչինչ չեն անում հակառակությամբ և սնապարծությամբ, այլ խոնարհ են և դիմացինին իրենց անձից բարձր են դասում։

Ամբողջ հարցն այն է, թե ինչպիսի՞ն ենք մենք՝ ես և դու։ Մեր վերաբերմունքն ու վարքագիծը նպաստո՞ւմ է արդյոք միաբանությանը, թե՞ խոչընդոտում դրա կայացմանը։ Արդյոք մենք գիտակցո՞ւմ ենք, որ Քրիստոսի ճշմարիտ աշակերտների միաբանությունը վկայություն է լինելու աշխարհի համար և կարող է շատ շատերի ապաշխարության պատճառը լինել։ Արդյոք մենք գնահատո՞ւմ ենք քրիստոնեական միաբանությունը։ Արդյոք մենք կարևորո՞ւմ ենք այն։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք խոնարհաբար նպաստել նման միաբանության կայացմանը մեր իրականության մեջ։

Եթե միայն հասկանանք մեր օրերի հոգևոր պատերազմի իրական թեժությունը, ապա ո՛չ մի կասկած չենք ունենա քրիստոնեական միաբանության հրատապության հարցում։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Քրիստոնեական միաբանության օրհնությունները

Քրիստոնեական միաբանությունը բոլոր քրիստոնյաների միաբանությունն է։ Միաբանությունը բխում է խոնարհությունից և իրար հանդեպ սիրո ու հանդուրժողական վերաբերմունքից։ Քրիստոնեական միաբանության կարևորագույն նախապայման է հոգևոր հասունությունը։ Քրիստոնեական միաբանությունը սկսվում է ընտանիքից: Քրիստոնեական միաբանությունը պետք է իրական լինի ոչ միայն եկեղեցու մեջ, այլև միջեկեղեցական հարաբերություններում։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am