Քրիստոսի հարության օրհնություններըՕրինակ
Քրիստոսի մահն ու հարությունը քո հաղթանակի հիմքն են
Քրիստոսի խաչելության և հարության փաստը քրիստոնեության և քրիստոնյաների հաղթության խորհրդանիշն է։ Եվ այդ հաղթությունը մեղքի և մահվան հանդեպ է՝ մեղքի ու մահվան հետևում կանգնած հոգևոր զորությունների ու իշխանությունների հանդեպ։ Կարևոր է հասկանալ, որ Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցումներին հավատացող յուրաքանչյուր մարդ արդեն իսկ հարություն է առել հոգևորապես մահացած վիճակից։
Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեղքի կյանքով ապրող և Քրիստոսի ուսուցումներն իր ապրած կյանքով մերժող յուրաքանչյուր մարդ հոգևորապես մահացած է։ Նա թեև ապրում է ֆիզիկապես, սակայն մահացած է, քանի որ կտրված է կյանքի միակ ճշմարիտ աղբյուրից։
Տեր Հիսուսն Ինքն էր սովորեցնում, որ այս կյանքում կարևորագույն որոշումը, որ մարդը կարող է կայացնել, Իր աշակերտը դառնալու որոշումն է։ Իսկ այն մարդիկ, որոնք ապրում են մեղքի կյանքով, հոգևորապես մահացած են (տե՛ս Ղուկաս 9.60 խոսքը)։
Ո՞րն է ելքը։ Կա՞ արդյոք հույս նման մարդկանց համար։ Այո՛։ Մենք բոլորս էլ մի ժամանակ հոգևորապես մահացած ենք եղել, և Տերը հե՛նց հոգևորապես մահացած մարդկանց համար է անցել խաչելության չարչարանքներով ու մահով։ Սակայն Նրա հարությունը մահվան նկատմամբ հաղթանակ էր ոչ միայն Ի՛ր պարագայում, այլև Իրեն հավատացող յուրաքանչյուրի կյանքում։
«Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերի ու ձեր մարմնի անթլփատության մեջ, իր հետ կենդանացրեց՝ մեր բոլոր հանցանքները ներելով։ Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց, իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթեց նրանով» (Կողոսացիս 2․13-15):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մեր դեմ անհերքելի ապացույցներով կառուցված դատավճիռ կար։ Դա հավիտենական տանջանքի պատիժը կրելու դատավճիռն էր, որի հիմքը մեր գործած մեղքերն էին։ Եվ մենք թեկուզ ապրում էինք, սակայն մահացած էինք՝ սպասելով մեր երկրային կյանքի ավարտին ու մեր այդ դատավճռի իրագործմանը։
Սակայն երբ ես և դու դեռ մեռած էինք մեր մեղքերի ու հանցանքների մեջ, Տեր Հիսուսը մեզ կենդանացրեց Իր հարության նմանությամբ։ Նա ջնջեց մեր այդ դատավճիռը՝ այն Իր մարմնով գամելով խաչափայտին։ Սա անելով՝ Նա հաղթեց չարի բոլոր հոգևոր իշխանություններին ու զորություններին, որոնց նպատակը մեզ կործանելն էր։
Այժմ մենք՝ Քրիստոսին հավատացող և Նրա կամքին համահունչ ապրող մարդիկս, այլևս հոգևորապես մահացած չենք։ Մենք ապրում ենք և սպասում արդեն ո՛չ թե մեր դեմ կայացրած դատավճռի իրագործմանը, այլ՝ հավիտենական կյանքի պարգևին, որն ընդունել ենք հավատքի շնորհիվ և Քրիստոսով մեր մեղքերի ներման արդյունքում։ Այժմ մենք ազատ ենք մեղքի իշխանությունից և Աստծու Սուրբ Հոգու ներբնակության շնորհիվ կարող ենք ապրել լիարժեք ազատության մեջ։
Եվ այս ամենը հասանելի է յուրաքանչյուր մարդու համար, որ կհավատա և կընդունի Քրիստոսին ու Նրա հարության զորությունը, ինչպես նաև որոշում կկայացնի ապրելու Նրա իշխանության ներքո և Նրա աշակերտի կյանքով։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Այս աշխարհում ամեն չար բան մեղքի հետևանք է։ Մենք միշտ ընտրության առաջ ենք՝ հավատանք Տեր Հիսուսի խոստումների՞ն, թե՞ տագնապի ու վախի մտքերին։ Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության, մահվան և հարության փաստը այն թանկ գինն էր, որ Աստված վճարեց յուրաքանչյուր մարդու ազատագրության և փրկության համար։ Տեր Հիսուսը հստակ սովորեցնում էր, որ Իրեն հավատացողը, թեկուզ և մահանա էլ, ապրելու է հավիտյան։ Տերը Ինքն է հարությունը և կյանքը։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am