Քրիստոսի հարության օրհնություններըՕրինակ

Քրիստոսի հարության օրհնությունները

ՕՐ 5 7-ից

Դու ճանաչո՞ւմ ես հարություն առած Քրիստոսին

Տեր Հիսուսի խաչելության օրը մարդկության պատմության ամենատխուր օրն է։ Խաչի մահը ամենադաժան մահապատիժներից մեկն է եղել ողջ մարդկության պատմության ընթացքում։ Եվ այդ մահով պատժվում էր բացարձակապես արդար Մեկը՝ միակ արդարը, որ երբևէ ապրել է երկրի վրա։ Սակայն Տերը գնաց այդ մահվանը գիտակցաբար և նպատակով՝ մեզ մեր մեղքերից փրկելու և խավարի իշխանության ստրկությունից ազատելու համար։

Սիրելի՛ բարեկամ, խաչելության տրտմությանն ու սուգին արդեն իսկ երրորդ օրը պետք է փոխարիներ հարության ցնծությունն ու ուրախությունը։ Հարության փաստը Տեր Հիսուսի աստվածության և Իր երկրային կյանքի ընթացքում Նրա ուսուցանած ճշմարտությունների անսխալականության անհերքելի ապացույցն էր։ Այլևս ոչինչը և ոչ ոք չէր կարող կանգնեցնել աշակերտներին։ Նրանց սրտում վերացել էին բոլոր կասկածներն ու վախերը։ Նրանք պատրաստ էին դեմ հանդիման կանգնելու բոլոր դժվարություններին ու հալածանքներին, որպեսզի ապրեին այս երկրի վրա իրենց Տիրոջ ուսուցանած կերպով և իրագործեին կորածներին որոնելու և փրկելու առաքելությունը։

«Նախ ես ձեզ ավանդեցի այն, ինչն ինքս ընդունեցի. որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ՝ համաձայն Գրքերի, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ՝ Գրքերի համաձայն, որ երևաց Կեփասին, հետո՝ այն տասներկուսին։ Հետո միանգամից երևաց հինգ հարյուրից ավելի եղբայրների, որոնցից շատերը մինչև հիմա ապրում են, իսկ ոմանք էլ ննջել են։ Ապա երևաց Հակոբոսին, հետո՝ բոլոր առաքյալներին» (Ա Կորնթացիս 15․3-7):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հարություն առած Տերը շատ շատերին է երևացել եկեղեցու՝ մոտ երկու հազար տարիների պատմության ընթացքում։ Երևացել է թե՛ ֆիզիկապես և թե՛ աներևույթ կերպով՝ Իր գործերով, Իր խոսքերով և Իրեն խնդրողների աղոթքներին գերբնական ու անառարկելի կերպով պատասխանելով։ Իսկ դու որևէ կերպով հանդիպե՞լ ես հարություն առած Քրիստոսին։ Դու ճանաչո՞ւմ ես Նրան՝ Նրա բնավորությունը, սերը, բարությունը, արդարությունը, Նրա սկզբունքներն ու Նրա Խոսքը։

«Եվ երբ նրանց հետ սեղան նստեց, հաց վերցնելով՝ օրհնեց, կտրեց ու նրանց տվեց։ Եվ նրանց աչքերը բացվեցին, ու Նրան ճանաչեցին, և Նա աներևութացավ նրանցից։ Եվ միմյանց ասացին. «Չէ՞ որ մեր սրտերը մեր մեջ վառվում էին, երբ ճանապարհին մեզ հետ խոսում էր և Սուրբ Գիրքն էր մեզ բացատրում» (Ղուկաս 24․30-32):

Իսկ քո սիրտը վառվո՞ւմ է, երբ Տերը խոսում է քեզ հետ։ Այսօր մի խորհուրդ եմ ուզում քեզ տալ, որպեսզի դու էլ հանդիպես հարություն առած Քրիստոսին։ Ուզո՞ւմ ես, որ Նա խոսի քեզ հետ։ Գնա՛ առանձին մի սենյակ, որտեղ ոչ ոք քեզ չի խանգարի։ Ծնկի արի՛ Տիրոջ առջև և աղոթի՛ր այս աղոթքով․ «Տե՛ր, խնդրում եմ, ցույց տո՛ւր ինձ, թե ի՛նչ է իմ կյանքում, իմ բնավորության մեջ ու որոշ մարդկանց հանդեպ իմ վերաբերմունքի մեջ, որ հակառակ է Քո կամքին, Քո Խոսքին և Քո ակնկալիքներին։ Ես ուզում եմ փոխվել ու Քեզ հաճելի կյանքով ապրել։ Խնդրում եմ՝ ցույց տուր ինձ ամենակարևորները, որոնցից պետք է սկսեմ Քո կամքի մեջ ապրելը»։

Ես հավատում եմ, որ Տերը խոսելու է քեզ հետ, և քո սիրտը վառվելու է քո մեջ ուրախության ցնծությունից, ինչպես դա պատահեց Էմմաուսի ճանապարհին Նրան հանդիպած երկու աշակերտների պարագայում։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 4Օր 6

Այս Ծրագրի Մասին

Քրիստոսի հարության օրհնությունները

Այս աշխարհում ամեն չար բան մեղքի հետևանք է։ Մենք միշտ ընտրության առաջ ենք՝ հավատանք Տեր Հիսուսի խոստումների՞ն, թե՞ տագնապի ու վախի մտքերին։ Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության, մահվան և հարության փաստը այն թանկ գինն էր, որ Աստված վճարեց յուրաքանչյուր մարդու ազատագրության և փրկության համար։ Տեր Հիսուսը հստակ սովորեցնում էր, որ Իրեն հավատացողը, թեկուզ և մահանա էլ, ապրելու է հավիտյան։ Տերը Ինքն է հարությունը և կյանքը։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am