Աստծո խոստումները Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունած զավակներինՕրինակ

Աստծո խոստումները Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունած զավակներին

ՕՐ 4 7-ից

Քո մեջ բնակվողը տիրապետում է տիեզերքի ամենազորավոր ուժին

Սիրելի՛ բարեկամ, իսկ դու փոքր տարիքում երազե՞լ ես սուպերունակություններ ունենալու մասին։ Ոմանք անգամ մեծ տարիքում չեն կորցնում հեքիաթների ու ֆիլմերի հերոսների ունակություններն ունենալու ցանկությունը․․․

«Երանի՜ ես էլ անտեսանելի լինեի…»։ «Երանի՜ կարողանայի թռչել ու սլանալ ամպերի միջով…»։ «Երանի՜ նման գերբնական ուժի տեր լինեի…»։ Եվ այլն։

Իրականում, շատ լավ է, որ մենք չունենք այդ հատկությունները, այլապես այս աշխարհը քաոսի կվերածվեր։

Այնուամենայնիվ, Քրիստոսի աշակերտների մեջ մի աննկարագրելի մեծ ուժ կա, որը չունեն աշխարհի մարդիկ։

Աստվածաշունչն ասում է. «Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է Նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է» (‭‭Ա Հովհաննես‬ ‭4․4‬)։

Եւ այսպես, քանի որ Տեր Հիսուսն ապրում է քո մեջ, դու ունես մի ուժ, որն ամենազորեղն է այս տիեզերքում։

Երբ ուժերդ սպառվում են և քեզ թվում է, որ այլևս չես կարող այդպես ապրել կամ շարունակել առաջ ընթանալ, հիշի՛ր, որ Տեր Հիսուսն ապրում է քո մեջ ու զորացնում քեզ քո կյանքի ամենադժվարին պահերին։

Աստվածաշունչը մեզ հստակ փոխանցում է այն անհերքելի ճշմարտությունը, որ Նա, Ով քո մեջ է, ավելի մեծ է, քան նա, ով աշխարհում է։ Աշխարհի մեջ եղողն է, որ ամեն ջանք անում է քեզ հոգնեցնելու և հուսահատության մեջ գցելու համար։ Սակայն քո մեջ բնակվող Տերը բարձր է բոլորից, և Նրանից զորավոր մեկը չկա այս տիեզերքում։

«Նա [Որդին] է Նրա [Հոր] փառքի լույսն ու Նրա էության արտահայտումը, որ Իր Խոսքի զորությամբ ամեն բան կրում է։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում» (Եբրայեցիս 1․3)։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր իմ աղոթքն է, որ Տեր Հիսուսի զորությունը ամեն օր զորացնի քեզ այս կյանքում հաղթանակած ընթացք ապրելու համար։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 3Օր 5

Այս Ծրագրի Մասին

Աստծո խոստումները Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունած զավակներին

Երբևէ լսե՞լ ես, թե ինչպես է մայրը արձագանքում, երբ երեխան վայր է ընկնում ու սկսում լաց լինել, ինչպես է նա գրկում երեխային, ստուգում վնասվածքները և մխիթարում նրան։ Եթե դու էլ կյանքի քո ընթացքի մեջ վայր ընկել ու ցավից փոքր երեխայի պես ուզում ես լացել, ապա այս առավոտ առաջարկում եմ լսես, թե ինչ է քեզ ասում քո երկնային Հայրը․ «Իմ գրկում մնա․․․, ամեն բան կանցնի, ամեն բան լավ է լինելու…»։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/