Ինչպե՞ս ունենալ Քրիստոսին մեր մեջՕրինակ
Քո կյանքում ճեղքում ունենալու ժամանակն է
Սիրելի՛ բարեկամ, ես շատ եմ սիրում զննել գեղեցիկ բնությունը, հատկապես, երբ գտնվում եմ լեռնոտ տեղանքում, և երբե՛ք չեմ հոգնում բնության մեջ Աստծո արարչագործության հմայքը վայելելուց։ Այն ինչ Աստված արարել է, այնքա՜ն սքանչելի ու հիացնող է, որ ասես միայն այդ տեսարանները դիտելուց մարդու սիրտը լցվում է ուրախությամբ։ Մի անգամ երիտասարդ տարիքում մի քանի ընկերներով վրանային արշավ կազմակերպեցինք դեպի Աղվերանից վեր լինող լեռները։ Հենց այդ ժամանակ եմ ականատես եղել իմ երբևէ տեսած ամենագեղեցիկ տեսարաններից մեկին։ Մայիսի 31-ին բարձր սարերի մեջտեղում մի լճակ գտանք, որի մի կողմում մի փոքր ձյուն էր մնացել, իսկ մյուս կողմում՝ մի ընդարձակ դաշտ, որը ամբողջովին լեցուն էր ձնծաղիկներով։
Ինձ համար ձնծաղիկը պայքարի ու հաղթանակի խորհրդանիշ է՝ ձմեռվա ցրտի ու դժվարությունների ավարտի ազդարարարը։ Ձնծաղիկի փոքրիկ ծիլերը սկսում են վեր բարձրանալ ձյան միջից՝ ճանապարհ հարթելով գարնան սկիզբն ազդարարող գեղեցկագույն ծաղիկների համար։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, նույնը կարող է քո կյանքին վերաբերել: Մենք մեր կյանքում նույնպես կարող ենք անցնել տարբեր եղանակներով։ Դրանցից որոշները ձմռան նման ցրտաշունչ են։ Իսկ երբեմն էլ մենք ասես սառած ու մնացած լինենք երկու վիճակների՝ երկու տարբեր եղանակների մեջտեղում…
Սակայն եթե դու սնվում ես կյանքի աղբյուրից, ապա քո մեջ բնակվող Քրիստոսի կյանքը, վերջիվերջո, հաղթելու է ցանկացած սառնության, խավարի ու մահի։ Քրիստոսին հավատացող մարդկանց կյանքը պարփակված է Տեր Հիսուս Քրիստոսի մեջ։ Նա է կյանքի Աղբյուրը։ Նա է թագավորների Թագավորը և տերերի Տերը։
Նրա կյանքը ծածկում է քեզ, թափանցում սրտիդ ու հոգուդ խորքերը և կլանում քո բոլոր մտքերը։ Այն քեզ վրա է իջնում աստվածային շնորհքով, ներուժով և լիությամբ։ Իջնում է այնտեղ, որտեղ քո երազանքներն են, որտեղ քո էության կենտրոնն է։
Կյանքը քեզ ուժ է տալիս առաջ ընթանալու։ Կյանքը հաղթանակում է։ Ինչպես ձնծաղիկը ճեղքում է ձյան սառնությունն ու առաջ մղվում դեպի արևը, այնպես էլ դու կարող ես հաղթել, եթե Տեր Հիսուսի կյանքը քո մեջ է բնակվում։ Դու ճեղքելով կանցնես ձյան սառնության շերտերը։ Դու ճեղքելով անցնելու ես քո կյանքի հոգսերի ու վախերի դժվարության շերտերը։ Դու հաղթահարելու ես քո կյանքի բոլոր խոչընդոտները։
Քեզ ուժ տվողն Աստվա՛ծ է։ Քեզ բարձրացնողը Տե՛րն է. Նա է այն Միակը, Ով քեզ հաղթանակներ է շնորհում։
Առաջարկում եմ քեզ աստվածաշնչյան այս խոսքը դարձնես քո հավատքի այսօրվա դավանությունը. «Քեզնով գետին գցեցինք մեր թշնամիներին, Քո անունով ոտնակոխ արեցինք մեր դեմ վեր ելնողներին» (Սաղմոս 44.5):
Այո՛, վստահի՛ր Տեր Հիսուսին։ Հավատա՛ Նրա Խոսքին։ Ապրի՛ր ըստ Նրա ուսուցանած սկզբունքների։ Թո՛ւյլ տուր, որ Նրա կյանքը լցվի քո մեջ։ Քո կյանքում հասունացել է ճեղքում ունենալու ժամանակը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Ձնծաղիկը պայքարի ու հաղթանակի խորհրդանիշ է՝ ձմեռվա ցրտի ու դժվարությունների ավարտի ազդարարարը։ Ձնծաղիկի փոքրիկ ծիլերը սկսում են վեր բարձրանալ ձյան միջից՝ ճանապարհ հարթելով գարնան սկիզբն ազդարարող գեղեցկագույն ծաղիկների համար։ Մենք մեր կյանքում նույնպես կարող ենք անցնել տարբեր եղանակներով։ Դրանցից որոշները ձմռան նման ցրտաշունչ են։ Իսկ երբեմն էլ մենք ասես սառած ու մնացած լինենք երկու վիճակների՝ երկու տարբեր եղանակների մեջտեղում։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/