Հավատի Ամրացման ԲանալիներըՕրինակ

Հավատի Ամրացման Բանալիները

ՕՐ 3 7-ից

Աստված միշտ պատրաստ է օգնելու քեզ

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ միասին մի կարևոր ճշմարտություն հասկանանք, որը մեզ ավելի կայուն, ամուր ու անսասան կդարձնի։ Աստվածաշունչն ասում է հետևյալը․ «Արդ ի՞նչ ասենք այս բաների մասին. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ» (Հռոմեացիս 8․31)։

Ասում են՝ դժվարությունները երբեք մենակ չեն գալիս… Երբ հորդառատ անձրև է տեղում, այն իր հետ նաև հեղեղումներ է բերում: Անհաջողությունները գալիս են մեկը մյուսի հետևից և կարող են ստիպել քեզ մտածել, որ ամեն ինչ քո դեմ է գործում, և նույնիսկ, թե Աստված է քեզ հակառակ: Գուցե իրավիճակների ճնշումը այնքան է ուժգնացել, որ հավատքդ սասանվել է, և Աստծո Խոսքը, որ երեկ զորացնում էր քեզ, այսօր այլևս նույն ազդեցությունը չի թողնում քո վրա: Դու ընկճված ես, հիասթափված, հուսալքված, թևաթափ և ուժասպառ․․․

Այդ դեպքում ուզում եմ օգնել քեզ, որ քո խնդիրներին ու դժվարություններին այն նույն մոտեցումն ունենաս, ինչն ուներ հայտնի քարոզիչ Սմիթ Վիգլսվորդը։ Ահա թե ինչ է նա ասում. «Ինձ չի հուզում այն, ինչ տեսնում եմ: Ինձ չի հուզում այն, ինչ զգում եմ։ Ինձ հուզում է միայն այն, ինչին հավատում եմ»։

Մեր հավատքը թուլանում է, երբ մեր հայացքը կենտրոնացնում ենք հանգամանքների և իրավիճակների, այլ ոչ թե Տեր Հիսուսի վրա: Դու ասում ես ինքդ քեզ, որ քո իրավիճակը մնում է անփոփոխ, և քեզ նույնիսկ թվում է, թե այն գնալով վատանում է: Եվ դու քեզ միայնակ ես զգում և լքված Աստծո կողմից՝ կարծելով, թե երբեք դուրս չես գա այդ իրավիճակից:

Այսօր մի գործնական առաջարկ ունեմ քեզ։ Քանի որ մեր շատ խնդիրների լուծումը Աստծո Խոսքի մեջ է, ես առաջարկում եմ, որպեսզի որոշակի ժամանակ հատկացնես, քեզ մոտ գրի առնես ստորև բերված աստվածաշնչյան հատվածները, մտածես դրանց շուրջ, աղոթես Աստծուն և խնդրես, որ դրանց օրհնություններն իրականություն դառնան քո կյանքում։ Հավատացնում եմ, որ եթե համաձայնես առաջարկիս, ապա դա իրապես կարող է փոխել քո կյանքը։

Քրիստոսը մահացել է քեզ համար: (տես Հռովմայեցիս 5.8)

Դու Աստծո զավակն ես: (տես Հովհաննես 1.12)

Դու նոր ստեղծագործություն ես: (տես Բ Կորնթացիս 5.17)

Դու հաշտվել ես Աստծո հետ: (տես Բ Կորնթացիս 5.18)

Դու դատապաշտպան ունես Հոր մոտ: (տես Ա Հովհաննես 2.1)

Դու անմիջական հարաբերությունների մեջ ես Հոր հետ: (տես Եփեսացիս 2.18)

Դու կարող ես վստահ լինել, որ ամեն ինչ բարուն գործակից է լինելու: (տես Հռոմայեցիս 8.28)

Դու անպայման օգնություն կընդունես, երբ դրա կարիքն ունենաս: (տես Եբրայեցիս 4.16)

Դու Քրիստոսի հետ երկնքում քո տեղն ունես: (տես Եփեսացիս 2.6)

Դու ամեն բան կարող ես քեզ զորացնող Քրիստոսի շնորհիվ: (տես Փիլիպպեցիս 4.13)

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե թույլ տաս, որ Աստծո Խոսքը զորացնի քո հավատքը, ապա դու էլ Սմիթ Վիգլսվորդի նման կկարողանաս ասել. «Ինձ հուզում է միայն այն, ինչին հավատում եմ»:

Այո՛, Աստված քո կողմից է, Աստված քեզ հետ է, և Աստված պայքարում է հանուն քեզ: Եվ ո՞վ է, որ հակառակ կանգնի քեզ․․․ ի՞նչ իրավիճակ պետք է լինի, որ դու հանձնվես, եթե, իհարկե, Աստված քո կողմից է․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Հավատի Ամրացման Բանալիները

Իմ հովվական ծառայության ընթացքում շատերն են ինձ դիմում հավատքի կյանքում տկարանալու խնդիրներով։ Ոմանց հավատքը սառում է կյանքի հոգսերի ու դժվարությունների պատճառով, ոմանք գայթակղվում են եկեղեցու ծառայողների ու առաջնորդների վարքագծից ու բացահայտված մեղքի կյանքից, ոմանք էլ ընդհանրապես չեն հասկանում իրենց հավատքի տկարանալու պատճառները․․․

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/