Ո՞վ է, որ միշտ մեր կողքին էՕրինակ

Ո՞վ է, որ միշտ մեր կողքին է

ՕՐ 2 3-ից

Իսկ գիտե՞ս, թե որտեղ էր Տերը երեկ երեկոյան

Սիրելի՛ բարեկամ, արդյոք մարդը մինչև վերջ կարո՞ղ է ընկալել այն ծնողական սերը, որն Աստված է տածում Իր զավակների հանդեպ։ Երբ քո աչքերը բացվեցին այս առավոտ, Նա սիրով հետևում էր քեզ: Աստվածաշունչն ասում է, որ Աստված մշտապես մեզ հետ է։ Նա չի հոգնում, չի քնում և պահպանում է Իր զավակներին։

«Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու և չի քնելու» (Սաղմոս 121.4)։

Ամեն ակնթարթ, բոլոր ժամանակներում և ցանկացած պահի Նրա հայացքը հետևում է քո կյանքին: Նա ամեն բան գիտի քո մասին։ Նա գիտի քո կյանքի անգամ ամենաաննշան մանրամասները, որոնց մասին դու վաղուց արդեն ոչինչ չես հիշում: Նա գիտի և հիանալի տեսնում է քո սրտի խորքերը: Ամեն ինչ բացահայտ երևում է Նրա աչքին, և ոչինչ թաքցված չէ Նրանից:

Քո յուրաքանչյուր քայլը, քո առաջընթացը, քո անկումներն ու ձախողումները... Ոչինչ Նրա աչքից չի վրիպել։ Եվ ամեն օր Նա թարմացնում է Իր ողորմությունները քեզ համար․ «Տիրոջ ողորմությունը չի դադարում, Նրա գթությունը վերջ չունի» (Երեմիայի ողբերը 3.22)։

Թեև Նա ստեղծել է ողջ մարդկությանը, սակայն ոչ բոլորն են ընդունում Նրա հայրությունը։ Տեր Հիսուս Քրիստոսին հավատալու շնորհիվ է, որ դու Նրա զավակը կոչվելու իրավունք ես ստանում։

«Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու» (Հովհաննես 1․12):

Աստծուն իրապես ընդունող և Նրա Խոսքին հավատացող մարդկանց առանձնահատկություններից մեկը աստվածավախության առկայությունն է։ Տերն էլ Իր հերթին հատուկ վերաբերմունք ունի աստվածավախ մարդկանց հանդեպ։

«Ահա Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են Նրա ողորմությանը» (Սաղմոս 33.18)։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, աղոթում եմ, որ դու հավատաս Աստծուն՝ հավատալով Իր խոսքին, որ քո ապրած կյանքն Աստծո աչքին լինի Իր Որդու ուսուցումներն ընդունելու և դրանց հնազանդվելու ապացույց։ Աղոթում եմ, որ քո աստվածավախության ու սրբության ընթացքով հատուկ բարեհաճություն ընդունես Տիրոջից։

Այս ուղերձի սկզբում մենք խոսեցինք այն մասին, որ Աստված քո կողքին էր, երբ այսօր առավոտ բացեցիր աչքերդ։ Իսկ գիտե՞ս, թե որտեղ էր Աստված երեկ երեկոյան։ Գիտե՞ս, թե որտե՞ղ է լինելու այսօր, երբ աչքերդ ծանրանան ուշ երեկոյան քնելու համար։ Այո՛։ Դու ճիշտ ես։ Նա միշտ քո կողքին է։ Շարունակիր վստահ կերպով առաջ ընթանալ, քանի որ բոլոր հայացքներից ամենաքաղցրն ու ամենաբարին մշտապես քո կողմ է ուղղված։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Ո՞վ է, որ միշտ մեր կողքին է

Տարբեր ծրագրերի ու ծառայությունների մեջ ներգրավված լինելով՝ երբեմն զգում եմ, որ կորցրել եմ թարմությունս։ Նման ժամանակներում ես հասկանում եմ, որ արդյունավետ ծառայությունս շարունակելու համար ինձ հանգիստ է պետք։ Իհարկե, կարող ենք կրոնական շղարշ գցել մեզ վրա և խնդրել, որ Աստծո զորությունն ու իմաստությունը Սուրբ Հոգու միջոցով գան մեր կյանքի մեջ և մենք շարունակենք արդյունավետ ծառայել անգամ գերհոգնածության մեջ։ Սակայն ես վստահաբար կարող եմ ասել, որ դա Աստծո կամքը չէ

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/