Կործանել Կրիպտոնաքարը. Տեր Հիսուսի Աստվածային Բնույթը Մեր ՄեջՕրինակ
Իսկ գուցե դու կանչված ես, որպեսզի քո միջոցով հրաշքնե՞ր տեղի ունենան․․․
Սիրելի՛ բարեկամ, ծանո՞թ ես աստվածաշնչյան այս խոսքերին․ «…որովհետև ինչպես Նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում» (Ա Հովհաննես 4․17)։
Իսկ Բ Պետրոս 1․3-4 հատվածում, խոսվում է, որ մենք կարող ենք հաղորդակից լինել մեր Տեր Հիսուսի աստվածային բնությանը։ Այլ կերպ ասած, մենք կարող ենք Նրա աստվածային էությունն ընդունել մեր մեջ։ Աստված մեզ արդեն իսկ շնորհել է այն ամենն, ինչն անհրաժեշտ է այս կյանքը ճիշտ ապրելու և աստվածպաշտության մեջ կամ հոգևոր կյանքում հաղթանակող ու հաջողված լինելու համար։
Բայց եթե անկեղծ ու ազնիվ լինենք, ապա պետք է խոստովանենք, որ լինում են օրեր, երբ մենք չենք զգում «աստվածային էությունը» մեր ներսում և մոռանում ենք, որ կանչված ենք Նրա փառքի համար, որպեսզի իրագործենք Նրա առաքելությունն այս երկրի վրա։ Եվ պետք է նաև նշեմ, որ դա բնական է և մարդկայնորեն հասկանալի։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ բացասական մտքեր կամ սխալ պահվածք ես ունենում, երբե՛ք ու երբե՛ք մի՛ հուսահատվիր։ Մի՛ դադարեցրու ընթացքդ և ջանքդ դեպի սրբության ճանապարհը, դեպի արդարության կյանքը, որն Աստված է քեզնից ակնկալում։ Հենց այն նույն պահին, երբ գիտակցում ես քո տկարությունն ու անկատար լինելը, սկսում է գործել Տեր Աստծո շնորհի օգնությունը։ Տերն Իր զորությամբ, կարողությամբ և աստվածային էությամբ է լցնում քեզ։ Հենց Նա է, որ զորացնում է քեզ, որպեսզի ապրես այնպես, ինչպես Նա է ակնկալում, և կատարես այն առաքելությունը, որի համար Նա կանչել է քեզ։ Եվ, այս անելով, Նա ամեն օր ավելի ու ավելի է նմանեցնում քեզ Իրեն։
Երբ դու հոգևոր, զգացմունքային կամ ֆիզիկական կարիքի մեջ ես, ապա
- Մոտեցի՛ր Աստծուն խոնարհ սրտով և մաքուր խղճով,
- Խնդրի՛ր Նրան բացահայտել քո թուլություններն ու տկարությունները,
- Ասա Տիրոջը, որ դու Նրա կարիքն ունես՝ Նրա օգնության, Նրա խորհրդի և առաջնորդության,
- Ժամանակ տրամադրի՛ր աղոթքի մեջ լռելու և Նրան լսելու համար,
- Ընդունի՛ր Նրա խորհուրդներն ու խրատները և գործի՛ր հավատքով ու առաջ շարժվի՛ր դեպի նորանոր հաղթանակներ։
Ուզում եմ այսօր էլ զորավոր կերպով քաջալերել քեզ։ Անկախ քո կարգավիճակից և անկախ նրանից, թե ինչպես է դասավորվել կյանքդ և ինչպիսի իրավիճակներով ես անցնում, վստահաբար կարող եմ ասել, որ դու պատահականության արդյունք չես։ Աստված է կամեցել, որպեսզի դու ապրես այս երկրի վրա։ Եվ Նրա կողմից քեզ կյանք պարգևելը ունեցել է և ունի հստակ նպատակ՝ քեզ տեսնել Իր ծրագրի մեջ ներգրավված և արդյունավետ ու պտղաբեր կերպով Աստծո Արքայության գործը կատարելիս։
Իսկ եթե դու կանչված ես, որպեսզի քո միջոցով Աստծո հրաշքնե՞րը տեղի ունենան․․․ Եղի՛ր քչի մեջ հավատարիմ և է՛լ ավելի մեծ բաների ականատես կլինես։ Սա քեզ ասում եմ իմ և շատ այլ Աստծո ծառաների կյանքի բազմաթիվ վկայությունների հիման վրա։ Եվ Աստծո Խոսքը հաստատում է ասվածը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Սիրելի՛ բարեկամ, առաջիկա յոթ օրերի ընթացքում մեր ուղերձները հիմնված են լինելու Ջոն Բիվերի «Կործանել կրիպտոնաքարը» գրքի նյութերի վրա։ Աստծո Հոգին քեզ հետ է, որպեսզի ամեն օր առաջնորդի և ավելի ու ավելի վերափոխի քեզ: Եվ հենց Սուրբ Հոգին կարող է քեզ օգնել, որպեսզի բացահայտես քո կյանքում, թե ինչն է քեզ խանգարում քեզ Աստծուց ժառանգած որակներիդ լիակատար կերպով դրսևորելու հարցում։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/