ՄԱՐԿՈՍ 5
5
Գերգեսացի դիվահարի բժշկումը
(Մտթ. 8.28-34, Ղուկ. 8.26-39)
1Հիսուսը եկավ լճի մյուս կողմը՝ գերգեսացիների երկիրը։ 2Երբ նա նավակից դուրս ելավ, գերեզմաններից նրա դեմն ելավ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի, 3և որի բնակության վայրը հենց գերեզմաններում էր։ Ոչ ոք նույնիսկ շղթաներով չէր կարող կապել նրան, 4որովհետև ոտնակապերով և շղթաներով բազմիցս կապվել էր, բայց շղթաները փշրել էր ու ոտնակապերը ջարդել։ Ոչ ոք նրան չէր կարողանում զսպել, 5որովհետև միշտ՝ գիշեր ու ցերեկ, գերեզմաններում ու լեռներում, աղաղակում էր և ինքն իրեն քարերով ծեծում։ 6Երբ նա հեռվից տեսավ Հիսուսին, առաջ վազեց և երկրպագեց նրան. 7բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ի՞նչ կա իմ և քո միջև, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի։ Երդվեցնում եմ քեզ Աստծով, մի՛ տանջիր ինձ», 8որովհետև Հիսուսը նրան ասում էր. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս ելիր այս մարդու միջից»։ 9Հիսուսը նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ «Անունս Լեգեոն է,- պատասխանեց նրան,- քանի որ շատ ենք»։ 10Պիղծ ոգիները սաստիկ աղաչում էին նրան, որ իրենց այդտեղից դուրս չուղարկի։ 11Այնտեղ՝ լեռան լանջին, խոզերի մի մեծ երամակ էր արածում։ 12Դևերը բոլորն էլ աղաչեցին նրան և ասացին. «Մեզ խոզերի մո՛տ ուղարկիր, որ մտնենք նրանց մեջ»։ 13Հիսուսը թույլատրեց նրանց։ Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մեջ, խոզերի երամակը, որ թվով մոտ երկու հազար էր, դարավանդից դեպի լիճը դիմեց, և խոզերը խեղդվեցին լճում։ 14Խոզարածները փախան և այդ մասին պատմեցին քաղաքում ու ագարակներում։ Մարդիկ դուրս ելան՝ տեսնելու, թե ի՛նչ էր կատարվել։ 15Եկան Հիսուսի մոտ և տեսան դիվահարին, որ լեգեոն ուներ, նստել էր հագնված ու զգաստացած, և զարհուրեցին։ 16Ովքեր տեսել էին, պատմեցին նրանց, թե ի՛նչ պատահեց դիվահարին և ի՛նչ՝ խոզերին։ 17Եվ սկսեցին աղաչել Հիսուսին, որ հեռանա իրենց սահմաններից։ 18Երբ նավակ մտավ, դիվահարը նրան աղաչեց, որ նրա հետ լինի։ 19Բայց Հիսուսը նրան թույլ չտվեց, այլ ասաց. «Գնա՛ քո տուն, քո ընտանիքի մոտ և պատմի՛ր նրանց այն, ինչ Տերը քեզ արեց և թե ինչպե՛ս քեզ ողորմեց»։ 20Նա գնաց և սկսեց տարածել Դեկապոլիում, ինչ որ Հիսուսն արել էր իր համար։ Եվ ամենքը զարմանում էին։
Հայրոսի աղջկա հարությունը և արյունահոսությունից տառապող կնոջ բժշկումը
(Մտթ. 9.18-26, Ղուկ. 8.40-56)
21Երբ Հիսուսը դարձյալ լճի մյուս կողմն անցավ, նրա շուրջը մի մեծ բազմություն հավաքվեց։ Եվ նա լճի եզերքին էր։ 22Ահա եկավ ժողովրդապետներից մեկը, որի անունը Հայրոս էր։ Երբ Հիսուսին տեսավ, ընկավ նրա ոտքերի առջև. 23սաստիկ աղաչում էր նրան ու ասում, որ իր դուստրը մահամերձ է, որ Հիսուսը գա և իր ձեռքը դնի նրա վրա, որպեսզի առողջանա և ապրի։ 24Հիսուսը գնաց նրա հետ։ Նրա հետ գնում էր նաև մի մեծ բազմություն և նեղում էր նրան։
25Մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ։ 26Նա շատ էր տառապել բազմաթիվ բժիշկների ձեռքից, ծախսել էր իր ողջ ունեցվածքը, բայց որևէ օգուտ չէր տեսել, այլ է՛լ ավելի էր վատացել։ 27Երբ լսեց Հիսուսի մասին, բազմության միջով եկավ նրա հետևի կողմը և դիպավ նրա զգեստին, 28որովհետև մտքում խորհում էր. «Եթե միայն դիպչեմ նրա հագուստին, կբժշկվեմ»։ 29Նրա արյան աղբյուրն իսկույն չորացավ, և նա իր մարմնի մեջ զգաց, որ իր ցավերից բժշկվեց։ 30Այդ նույն պահին Հիսուսն զգաց, որ զորություն դուրս ելավ իրենից. շրջվեց դեպի բազմությունը և ասաց. «Ո՞վ դիպավ իմ հագուստին»։ 31Աշակերտները նրան ասացին. «Տեսնում ես, որ ժողովրդի բազմությունը նեղում է քեզ, իսկ դու ասում ես, թե՝ ո՞վ դիպավ իմ հագուստին»։ 32Հիսուսը շուրջն էր նայում՝ տեսնելու, թե ո՛վ արեց այդ։ 33Եվ կինը, զարհուրած ու դողալով նրա համար, որ գաղտնի էր արել,- որովհետև գիտեր, թե ի՛նչ է կատարվել իր հետ,- եկավ ընկավ նրա առաջ և ամեն բան ստուգությամբ ասաց։ 34Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղությամբ և բժշկվա՛ծ եղիր քո ցավերից»։
35Մինչ Հիսուսն այս էր խոսում, ժողովրդապետի տնից ոմանք եկան և Հայրոսին ասացին. «Քո դուստրը մեռավ, էլ ինչո՞ւ ես նեղություն տալիս Վարդապետին»։ 36Իսկ Հիսուսը, երբ լսեց այս խոսքերը, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախենա, այլ միայն հավատա՛»։ 37Եվ ոչ ոքի թույլ չտվեց իր հետ գնալ, բացի Պետրոսից, Հակոբոսից և նրա եղբայր Հովհաննեսից։ 38Հիսուսը ժողովրդապետի տուն եկավ և տեսավ մի մեծ իրարանցում, լացուկոծ անողներ և աղմուկ-աղաղակ։ 39Մտնելով ներս՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք իրար անցել ու լաց լինում. երեխան մեռած չէ, այլ ննջում է»։ 40Սակայն նրանք ծաղրում էին նրան։ Իսկ Հիսուսն ամենքին դուրս հանեց, իր հետ վերցրեց երեխայի հորն ու մորը, ինչպես նաև նրանց, որ իր հետ էին, և մտավ այնտեղ, որտեղ պառկած էր մանուկը։ 41Հիսուսը, բռնելով մանկան ձեռքից, ասաց նրան. «Տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է «Աղջի՛կ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։ 42Աղջիկն իսկույն վեր կացավ և քայլում էր, քանի որ մոտ տասներկու տարեկան էր։ Ամենքը մեծապես զարմացան։ 43Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց, որ ոչ ոք այդ մասին չիմանա, և ասաց, որ նրան ուտելիք տան։
Արդեն Ընտրված.
ՄԱՐԿՈՍ 5: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն