ՂՈՒԿԱՍ 20
20
Հարց Հիսուսին՝ իր իշխանության մասին
(Մտթ. 21.23-27, Մրկ. 11.27-33)
1Եվ այն օրերից մեկում, մինչ տաճարում ուսուցանում էր ժողովրդին և ավետարանում, վրա հասան քահանայապետներն ու դպիրները՝ ծերերով հանդերձ, 2և ասացին նրան. «Ասա՛ մեզ, դու ի՞նչ իշխանությամբ ես անում այդ, կամ ո՞վ է, որ քեզ տվեց այդ իշխանությունը»։ 3Հիսուսը պատասխան տվեց նրանց և ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, և դուք ինձ ասե՛ք. 4Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից»։ 5Եվ նրանք իրենց մտքում խորհեցին և ասացին. 6«Եթե ասենք՝ երկնքից էր, կասի՝ իսկ ինչո՞ւ չհավատացիք նրան. և եթե ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետև իրենց մտքում Հովհաննեսի մասին հաստատ համոզում կա, որ նա մարգարե է»։ 7Եվ պատասխան տվեցին, թե չգիտեն՝ որտեղի՛ց է։ 8Եվ Հիսուսը նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս»։
Չար մշակների առակը
(Մտթ. 21.33-46, Մրկ. 12.1-11)
9Եվ սկսեց ժողովրդին ասել այս առակը. «Մի մարդ այգի տնկեց և այն հանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճամփորդության գնաց։ 10Եվ հարմար ժամանակին մշակների մոտ մի ծառա ուղարկեց, որպեսզի այգու պտղից իր բաժինը տան նրան. իսկ մշակները ծեծեցին նրան ու ձեռնունայն արձակեցին։ 11Տերը դարձյալ մեկ ուրիշ ծառա ևս ուղարկեց. նրանք սրան ևս ծեծեցին, անարգեցին և ձեռնունայն ճանապարհեցին։ 12Ուղարկեց մի երրորդի ևս. նրանք սրան էլ վիրավորեցին և այգուց դուրս հանեցին։ 13Այգու տերն ասաց. “Ի՞նչ անեմ. ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերևս նրանից կպատկառեն”։ 14Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արեցին և ասացին. “Սա է ժառանգը, սպանենք սրան, որպեսզի ժառանգությունը մերը լինի”։ 15Եվ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին։ Արդ, այգու տերը նրանց ի՞նչ կանի։ 16Չէ՞ որ կգա ու կորստյան կմատնի այդ մշակներին և այգին ուրիշներին կտա»։ 17Երբ այս լսեցին, ասացին. «Քա՛վ լիցի»։ Եվ Հիսուսը, նրանց նայելով, ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրված է, թե՝
“Այն վեմը, որ անարգեցին շինողները,
նա՛ անկյունաքար եղավ” (Սաղ. 117(118).22)։
18Ով այս վեմին բախվի, կխորտակվի, և ում վրա ընկնի, կճզմի նրան»։ 19Եվ դպիրներն ու քահանայապետները նույն պահին ուզում էին նրան ձերբակալել, որովհետև հասկացան, որ այն առակն իրենց մասին ասաց, բայց ժողովրդից վախեցան։
Կայսրին տրվելիք տուրքը
(Մտթ. 22.15-22, Մրկ. 12.12-17)
20Եվ ապա հարմար առիթի սպասեցին և ուղարկեցին խաբեբաների, որոնք իրենք իրենց կեղծավորությամբ արդար էին ձևացնում, որպեսզի նրան խոսքերով բռնեն՝ մատնելու պետության և իշխանության կուսակալին։ 21Հարցրին նրան և ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճիշտ ես խոսում ու ուսուցանում և աչառություն չես անում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես սովորեցնում։ 22Օրինավո՞ր է մեզ համար կայսրին հարկ տալ, թե՞ ոչ»։ 23Եվ նկատելով նրանց խորամանկությունը՝ ասաց նրանց. 24«Ցո՛ւյց տվեք ինձ դահեկանը»։ Եվ նրանք ցույց տվեցին։ 25Եվ նա ասաց. «Ո՞ւմ պատկերը և գիրն ունի դա»։ Պատասխանեցին և ասացին՝ կայսրինը։ Եվ նա ասաց նրանց. «Արդ, գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսերը, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ 26Չկարողացան նրան խոսքերով բռնել ժողովրդի առաջ ու զարմանալով նրա պատասխանի վրա՝ լռեցին։
Հարց մեռելների հարության մասին
(Մտթ. 22.23-33, Մրկ. 12.18-27)
27Սադուկեցիներից ոմանք, որոնք հակառակվում էին, թե հարություն չկա, մոտենալով հարցրին նրան և ասացին. 28«Վարդապե՛տ, Մովսեսը մեզ համար գրել է. “Եթե մեկի եղբայրը, որը կին ունի, մեռնի, և նա անժառանգ լինի, թող նրա եղբայրը առնի այդ կնոջը և իր եղբոր համար զավակ հասցնի” (Բ Օր. 25.5)։ 29Արդ, յոթ եղբայրներ կային. առաջինը կին առավ և անժառանգ մեռավ։ 30Նրան առավ նաև երկրորդը. և նա էլ անժառանգ մեռավ։ 31Նրան առավ նաև երրորդը. և նույն ձևով՝ յոթն էլ, բայց ժառանգներ չթողեցին։ 32Մեռավ և կինը։ 33Արդ, հարության ժամանակ նրանցից ո՞ւմ կինը կլինի, որովհետև յոթն էլ նրան կին առան»։ 34Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Այս աշխարհի որդիները կին են առնում և մարդու են գնում. 35իսկ նրանք, որոնք արժանի կլինեն այն աշխարհին հասնելու և մեռելներից հարություն առնելու, ո՛չ կին են առնելու և ո՛չ էլ մարդու են գնալու, 36քանի որ նրանց համար այլևս մահ չի լինի, որովհետև հարության որդիներ լինելով՝ հրեշտակների նման են և Աստծու որդիներ։ 37Իսկ թե մեռելները հարություն են առնելու, Մովսեսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մեջ, ինչպես որ ասում է Տիրոջ մասին “Աստված Աբրահամի, Աստված Իսահակի և Աստված Հակոբի” (Ելք 3.6)։ 38Իսկ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի, որովհետև բոլորը նրա համար կենդանի են»։ 39Դպիրներից ոմանք նրան պատասխանեցին և ասացին. «Վարդապե՛տ, լա՛վ ասացիր»։ 40Եվ այլևս ոչ ոք չէր համարձակվում նրան որևէ բան հարցնել։
Հիսուսը՝ Որդի և Տեր Դավթի
(Մտթ. 22.41-46, Մրկ. 12.35-37)
41Հիսուսը նրանց էլ ասաց. «Ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է. 42Դավիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է.
“Տերն ասաց իմ Տիրոջը՝
նստի՛ր իմ աջ կողմում,
43 մինչև քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դնեմ” (Սաղ. 109(110).1)։
44Իսկ արդ, եթե Դավիթը նրան Տեր է կոչում, Նա ինչպե՞ս նրա որդին կլինի»։
Դպիրների դատապարտումը
(Մտթ. 23.1-36, Մրկ. 12.38-40)
45Եվ մինչ ամբողջ ժողովուրդը լսում էր, ասաց իր աշակերտներին. 46«Զգուշացե՛ք դպիրներից, որոնք ուզում են պատմուճաններով շրջել և սիրում են ողջույններ ընդունել հրապարակներում ու առաջին աթոռները գրավել ժողովարաններում և պատվավոր տեղերը նստել ընթրիքների ժամանակ, 47որոնք յուրացնում են այրիների տները և ձևականորեն երկարացնում են իրենց աղոթքները։ Նրանք ավելի խիստ դատավճիռ պիտի ստանան»։
Արդեն Ընտրված.
ՂՈՒԿԱՍ 20: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն