ՂՈՒԿԱՍ 21
21
Այրի կնոջ լուման
(Մրկ. 12.41-44)
1Հիսուսը նայեց ու տեսավ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մեջ իրենց նվերներն էին գցում։ 2Տեսավ և մի աղքատ այրի կնոջ, որ երկու լումա գցեց այնտեղ։ 3Եվ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին ավելի գցեց, քան բոլորը։ 4Նրանք ամենքը իրենց ավելորդը գցեցին Աստծու ընծաների մեջ, իսկ նա, իր չքավորության մեջ, իր ունեցած ամբողջ ապրուստը գցեց»։
Կանխասություն Երուսաղեմի տաճարի կործանման մասին
(Մտթ. 24.1-2, Մրկ. 13.1-2)
5Երբ ոմանք տաճարի մասին ասում էին, թե գեղեցիկ քարերով և ընծաներով է զարդարված, նա ասաց. 6«Պիտի գան օրեր, երբ այդ բոլորը, որ տեսնում եք, պիտի քանդվի, չպիտի թողնվի քար քարի վրա»։ 7Հարցրին նրան և ասացին. «Վարդապե՛տ, ե՞րբ կլինի այդ, և ի՞նչ կլինի նշանը, երբ այդ պատահելու լինի»։
Նշաններ և հալածանքներ
(Մտթ. 24.4-14, Մրկ. 13.3-13)
8Եվ նա ասաց. «Զգո՛ւյշ կացեք, չխաբվեք. որովհետև շատերը պիտի գան իմ անունով և պիտի ասեն թե՝ “Ես եմ Քրիստոսը”, և թե՝ “Ժամանակը մոտեցավ”։ Նրանց հետևից չգնաք։ 9Երբ լսեք պատերազմների և խռովությունների մասին, չզարհուրեք. որովհետև պետք է նախ այդ բաները պատահեն. բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու»։ 10Այն ժամանակ ասաց նրանց. «Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորություն՝ թագավորության դեմ. 11և մեծ երկրաշարժներ ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհավիրքներ և մեծամեծ նշաններ երկնքից։ 12Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձերբակալեն և հալածեն, ատյանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ և կուսակալների ու թագավորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անվան համար։ 13Եվ այդ ձեզ համար պիտի լինի առիթ վկայության։ 14Արդ, ձեր մտքում դրե՛ք սա. նախօրոք մի՛ մտահոգվեք պատասխան տալու համար, 15որովհետև ես ձեզ բերան և իմաստություն կտամ, որին ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ։ 16Դուք պիտի մատնվեք և՛ ծնողներից, և՛ եղբայրներից, և՛ ազգականներից, և՛ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն։ 17Եվ բոլորն իմ անվան համար պիտի ատեն ձեզ։ 18Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի։ 19Եվ ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները»։
Կանխասություն Երուսաղեմի կործանման մասին
(Մտթ. 24.15-21, Մրկ. 13.14-19)
20«Բայց երբ տեսնեք Երուսաղեմը՝ շրջապատված զորքերով, այն ժամանակ իմացե՛ք, որ նրա ավերումը մոտ է։ 21Այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, թող փախչեն լեռները, և նրանք, որ Երուսաղեմի մեջ են, թող խույս տան, իսկ նրանք, որ գավառներում են, թող քաղաք չմտնեն, 22որովհետև դրանք վրեժխնդրության օրեր են, որպեսզի կատարվեն բոլոր գրվածները։ 23Բայց այն օրերին վա՜յ հղիներին և ստնտուներին, որովհետև մեծ տագնապ պիտի լինի երկրի վրա և բարկություն՝ այս ժողովրդի հանդեպ։ 24Նրանք սրի պիտի քաշվեն, գերի տարվեն ողջ աշխարհով մեկ. և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի հեթանոսներից, մինչև որ լրանան հեթանոսների ժամանակները»։
Մարդու Որդու գալուստը
(Մտթ. 24.29-31, Մրկ. 13.24-27)
25«Նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա։ Երկրի վրա ազգերը պիտի խռովվեն և տագնապեն՝ ահեղ ձայնի և ծովի փոթորիկի պատճառով, 26աշխարհի վրա գալիք պատահարների վախից և նախազգացումից մարդիկ մահամերձ պիտի լինեն, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն։ 27Եվ այն ժամանակ պիտի տեսնեն Մարդու Որդուն՝ եկած ամպերի վրա (Դան. 7.13), զորությամբ և մեծ փառքով։ 28Եվ երբ սկսվի այս բանը, վե՛ր կացեք և ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև մոտ է ձեր փրկությունը»։
Թզենու դասը. Մարդու Որդու գալստյան պահը
(Մտթ. 24.32-35, Մրկ. 13.28-31)
29Եվ նրանց մի առակ ասաց. «Նայե՛ք թզենուն և ամեն մի ծառի. 30երբ իրենց բողբոջը ցույց են տալիս, տեսնում եք այն ու դրանից իմանում եք, որ մոտ է ամառը։ 31Նույնպես և դուք, երբ տեսնեք այս բոլորը կատարված, իմացե՛ք, որ Աստծու արքայությունը մոտ է։ 32Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչև որ այս բոլորը չկատարվի։ 33Երկինքը և երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»։
Չսպասված օրը և ժամը
(Մտթ. 24.36-44, Ղուկ. 21.34-36)
34«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։ 35Որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին։ 36Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու Մարդու Որդու առաջ»։
37Ցերեկը ուսուցանում էր տաճարի մեջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լեռան վրա, որը կոչվում էր Ձիթենյաց։ 38Եվ ամբողջ ժողովուրդը առավոտները վաղ շտապում էր նրա մոտ՝ տաճարում նրան լսելու։
Արդեն Ընտրված.
ՂՈՒԿԱՍ 21: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն