ԾՆՈՒՆԴ 7
7
1Տերը՝ Աստված, ասաց Նոյին. «Դու և քո ողջ ընտանիքը մտե՛ք տապան, որովհետև իմ առջև միայն դու ես արդար այս սերնդի մեջ։ 2Քեզ հետ վերցրո՛ւ բոլոր մաքուր կենդանիներից յոթական զույգ՝ արու և էգ, իսկ անմաքուր կենդանիներից՝ երկուական՝ արու և էգ, 3նաև երկնքի մաքուր թռչուններից՝ յոթական արու և յոթական էգ, իսկ անմաքուր թռչուններից՝ մեկական արու և մեկական էգ, որպեսզի նրանց տեսակները պահպանվեն ողջ երկրի վրա։ 4Յոթ օր հետո ես քառասուն օր ու քառասուն գիշեր անձրև պիտի թափեմ երկրի վրա և երկրի երեսից պիտի ջնջեմ իմ ստեղծած ամեն մի էակ»։ 5Նոյն արեց այն ամենը, ինչ պատվիրեց Տերը՝ Աստված։ 6Նոյը վեց հարյուր տարեկան էր, երբ ջրհեղեղ եղավ երկրի վրա։ 7Նոյը, նրա որդիները, նրա կինը և նրա որդիների կանայք ջրհեղեղի պատճառով մտան տապան։ 8Մաքուր թռչուններից և անմաքուր թռչուններից, մաքուր կենդանիներից և անմաքուր կենդանիներից, երկրի վրա սողացող բոլոր սողուններից 9զույգ-զույգ՝ արու և էգ, Նոյի մոտ տապան մտան, ինչպես պատվիրել էր նրան Տերը՝ Աստված։ 10Յոթ օր հետո ջրհեղեղի ջրերն սկսեցին թափվել երկրի վրա։ 11Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարում՝ երկրորդ ամսի քսանյոթին, ժայթքեցին մեծ անդունդի բոլոր աղբյուրները, և բացվեցին երկնքի սահանքները։ 12Երկրի վրա քառասուն օր ու քառասուն գիշեր անձրև տեղաց։
13Այդ օրը Նոյի հետ տապան մտան Սեմը, Քամը, Հաբեթը՝ Նոյի որդիները, Նոյի կինը և նրա որդիների երեք կանայք։ 14Նրանց հետ միասին տապան մտան նաև ամեն տեսակի գազան, ամեն տեսակի անասուն, երկրի վրա սողացող ամեն տեսակի սողուն և ամեն տեսակի թռչուն. 15կենդանի շունչ ունեցող բոլոր էակներից զույգ-զույգ մտան Նոյի մոտ։ 16Ինչպես Աստված պատվիրել էր Նոյին, բոլոր էակներից՝ արու և էգ, մտան տապան, և Տերը՝ Աստված, դրսից փակեց այն։
17Երկրի վրա քառասուն օր ու քառասուն գիշեր ջրհեղեղ եղավ։ Ջուրը շատացավ ու բարձրացրեց տապանը՝ կտրելով գետնից։ 18Ջուրն ավելի էր բարձրանում ու տարածվում երկրի վրա, իսկ տապանը լողում էր ջրերի վրա։ 19Ջուրը չափազանց շատացավ և ծածկեց երկնքի տակ գտնվող բոլոր բարձր լեռները։ 20Ջուրը լեռներից տասնհինգ կանգուն վեր բարձրացավ և ծածկեց դրանք։ 21Ամեն մի էակ, որ շարժվում էր երկրի վրա, մեռավ. թռչունները, անասուններն ու գազանները, երկրի վրա սողացող բոլոր սողուններն ու բոլոր մարդիկ։ 22Իր ռունգերի մեջ կենդանի շունչ ունեցող ամեն մի էակ, ցամաքի վրա եղած ամեն մի բան ոչնչացավ։ 23Աստված բնաջնջեց երկրի երեսին գտնվող ամեն մի էակ՝ մարդուց մինչև կենդանի, սողուններից մինչև երկնքի թռչունները։ Նրանք վերացան երկրի երեսից։ Ողջ մնաց միայն Նոյը, և նրանք, որ նրա հետ տապանում էին։ 24Ջուրը երկրի վրա այդպես բարձր մնաց հարյուր հիսուն օր։
Արդեն Ընտրված.
ԾՆՈՒՆԴ 7: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն