ԾՆՈՒՆԴ 8

8
1Աստված հիշեց Նոյին և նրա հետ տապանում գտնվող բոլոր գազաններին, բոլոր անասուններին, բոլոր թռչուններին և քամի ուղարկեց երկրի վրա, և ջուրը հանդարտվեց։ 2Փակվեցին անդունդի աղբյուրներն ու երկնքի սահանքները, և երկնքից թափվող անձրևը դադարեց։ 3Ջուրը, կամաց-կամաց իջնելով, քաշվում էր երկրի վրայից, և հարյուր հիսուն օր անց այն նվազեց։ 4Յոթերորդ ամսի քսանյոթին տապանը նստեց Արարատ լեռան վրա։ 5Ջուրը շարունակեց նվազել մինչև տասներորդ ամիսը։ Տասնմեկերորդ ամսի առաջին օրը երևացին լեռների գագաթները։ 6Քառասուն օր հետո Նոյը բացեց տապանի պատուհանը, որ պատրաստել էր, 7և արձակեց մի ագռավ, որը գնաց, բայց չվերադարձավ, անգամ երբ ջուրը ցամաքեց երկրի վրայից։ 8Այնուհետև արձակեց մի աղավնի՝ տեսնելու, թե ջուրը նահանջե՞լ է երկրի վրա։ 9Աղավնին, ոտքը դնելու տեղ չգտնելով, վերադարձավ նրա մոտ՝ տապան, որովհետև երկրի ողջ տարածքը դեռ ծածկված էր ջրով։ Նոյը երկարեց ձեռքը, բռնեց նրան և ներս առավ իր մոտ՝ տապան։ 10Նա սպասեց ևս յոթ օր ու տապանից դարձյալ արձակեց աղավնուն։ 11Աղավնին նրա մոտ վերադարձավ երեկոյան՝ կտուցին ձիթենու մի շյուղ։ Նոյը հասկացավ, որ երկրի վրա ջրերը նվազել են։ 12Նա յոթ օր ևս սպասեց ու նորից արձակեց աղավնուն, որն այլևս նրա մոտ չվերադարձավ։ 13Նոյի կյանքի վեցհարյուրմեկերորդ տարում՝ առաջին ամսի առաջին օրը, ջրերը երկրի վրայից քաշվեցին։ Նոյը բացեց իր կառուցած տապանի ծածկը և տեսավ, որ ջուրը քաշվել է երկրի երեսից։ 14Երկրորդ ամսի քսանյոթերորդ օրը երկիրը չորացավ։ 15Տերը՝ Աստված, Նոյին ասաց. 16«Դո՛ւրս արի տապանից դու, և քեզ հետ՝ քո կինը, քո որդիները և քո որդիների կանայք, 17քեզ հետ դո՛ւրս հանիր նաև բոլոր գազաններին, որ քեզ մոտ են, և բոլոր էակներին՝ թռչուններից մինչև անասունները, երկրի վրա սողացող բոլոր սողուններին, որ սողան երկրի վրա։ Աճե՛ք և բազմացե՛ք երկրի վրա»։ 18Եվ Նոյը դուրս եկավ, նրա հետ՝ նրա կինը, իր որդիներն ու իր որդիների կանայք։ 19Տապանից դուրս եկան նաև բոլոր գազանները, բոլոր սողուններն ու բոլոր թռչունները՝ ըստ իրենց տեսակների։
Աստծու ուխտը Նոյի հետ
20Եվ Նոյը զոհասեղան շինեց Աստծու համար։ Նա բոլոր տեսակի մաքուր անասուններից ու բոլոր տեսակի մաքուր թռչուններից ողջակեզ մատուցեց զոհասեղանի վրա։ 21Եվ Տերը՝ Աստված, առավ անուշ հոտը, խորհեց և ասաց. «Այլևս երկիրը չեմ անիծի մարդկանց գործերի համար։ Քանի որ մարդկանց միտքը մանկուց շարունակ ձգտում է դեպի չարը, այլևս երբեք կենդանի ոչ մի էակի չեմ ոչնչացնի, ինչպես որ արեցի։ 22Այսուհետև, քանի դեռ կա երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը»։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 8: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք