ԾՆՈՒՆԴ 9
9
1Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և նրանց ասաց. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրե՛ք դրան։ 2Թող ձեզանից վախենան ու երկյուղ տածեն երկրի բոլոր գազանները, երկնքի բոլոր թռչունները, երկրի վրայի բոլոր սողունները և ծովի բոլոր ձկները. նրանց բոլորին հանձնեցի ձեր ձեռքը։ 3Կենդանիներին ևս կարող եք ուտել. դրանց տալիս եմ ձեզ, ինչպես տվել էի խոտն ու բանջարը։ 4Սակայն միսն իր արյունով չուտեք։
5Ձեր կյանքի արյան դիմաց հաշիվ կպահանջեմ բոլոր գազաններից, ինչպես նաև այն մարդուց, որը իր ձեռքով մի այլ մարդու կյանքը կառնի։ 6Ով մարդու արյուն թափի, նրա արյան փոխարեն իր արյունը կթափվի, որովհետև Աստծու պատկերով եմ ստեղծել մարդուն։ 7Իսկ դուք աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, բազմացե՛ք նրա վրա»։
8Տերը՝ Աստված, խոսեց Նոյի ու նրա որդիների հետ, որ նրա հետ էին, և ասաց. 9«Ահա ես իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ և ձեր գալիք սերունդների հետ, 10ինչպես նաև ձեզ հետ եղող կենդանի բոլոր էակների՝ թռչունների, անասունների, երկրի բոլոր գազանների, տապանից դուրս եկած երկրի բոլոր կենդանիների հետ։ 11Ես հաստատում եմ իմ ուխտը ձեզ հետ. այլևս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլևս»։
12Տերը՝ Աստված, Նոյին ասաց. «Այս է ուխտի նշանը սերունդներին հավիտենապես, որ հաստատելու եմ իմ ու ձեր և ձեզ հետ եղող կենդանի ամեն էակի միջև։ 13Իմ աղեղը [ծիածանը] կդնեմ ամպերի մեջ, և դա թող հավիտենական ուխտի նշանը լինի իմ ու ողջ երկրի միջև։ 14Երբ երկրի վրա ամպեր կուտակեմ, իմ աղեղը թող երևա ամպերի մեջ։ 15Այնժամ ես կհիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջև, ինչպես նաև շնչավոր բոլոր էակների միջև, և այլևս ջրհեղեղ չի լինի, որ կարողանա բոլոր էակներին ոչնչացնել։ 16Թող իմ աղեղն ամպերի մեջ լինի, որպեսզի տեսնեմ այն և հիշեմ իմ ու երկրի վրա գտնվող շնչավոր բոլոր էակների միջև հաստատված հավիտենական ուխտը»։ 17Եվ Աստված ասաց Նոյին. «Այս է նշանն այն ուխտի, որ հաստատեցի իմ ու ձեր միջև և երկրի վրա գտնվող բոլոր էակների միջև»։
18Նոյի՝ տապանից դուրս եկած որդիներն էին Սեմը, Քամը և Հաբեթը։ Քամը Քանանի հայրն էր։ 19Այս երեքն էին Նոյի որդիները, և սրանցից տարածվեց ողջ երկրի բնակչությունը։
20Նոյը հողագործ էր և հողը մշակելով՝ խաղողի այգի տնկեց։ 21Նա խմեց գինուց, հարբեց ու իր տան մեջ մերկացավ։ 22Քամը՝ Քանանի հայրը, տեսնելով իր հոր մերկությունը, դուրս ելավ ու այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին։ 23Սեմն ու Հաբեթը, իրենց թիկունքներին հագուստներ դնելով, հետ-հետ գնացին ու ծածկեցին իրենց հոր մերկությունը, և քանի որ մեջքով էին կանգնած, իրենց հոր մերկությունը չտեսան։ 24Նոյը, սթափվելով գինովությունից, իմացավ, թե իր նկատմամբ ի՛նչ է արել կրտսեր որդին, 25և ասաց.
«Անիծյալ լինի Քանանը
և ծառա՝ իր եղբայրներին»։
26Եվ ավելացրեց.
«Օրհնյա՜լ լինի Տերը՝ Սեմի Աստվածը,
իսկ Քանանը թող լինի նրա ծառան։
27Աստված թող հզորացնի Հաբեթին,
նա թող բնակվի Սեմի տանը,
իսկ Քանանը թող լինի նրա ծառան»։
28Ջրհեղեղից հետո Նոյն ապրեց երեք հարյուր հիսուն տարի։ 29Նոյի ապրած բոլոր տարիների թիվը եղավ ինը հարյուր հիսուն տարի, և մեռավ։
Արդեն Ընտրված.
ԾՆՈՒՆԴ 9: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն