ՍԱՂՄՈՍՆԵՐ 65
65
Գովաբանություն և շնորհակալություն
Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս. երգ։
1Ո՜վ Աստված, քեզ օրհներգություն է վայելում Սիոնի մեջ, և կատարվում է այն, ինչ ուխտել ենք քեզ։
2Դու լսում ես աղոթքը. ամեն մարդ քեզ մոտ է գալիս։
3Երբ անօրենությունները ծանրանում են մեզ վրա, դու քավում ես մեր ամբարշտությունները։
4Երանի՜ այն մարդուն, որին ընտրում ես դու և ընդունում, որ բնակվի քո գավիթներում. պիտի կշտանանք քո տան՝ սուրբ տաճարիդ բարիքներով։
5Զարհուրելի գործերով ես պատասխանում մեզ՝ արդարացում տալով, ո՛վ մեր փրկության Աստված, դու, որ երկրի բոլոր ծայրերում և ծովի հեռավոր տեղերում ապրողների հույսն ես,
6Որ իր զորությամբ հաստատում է լեռները և զորությամբ է գոտեպնդված,
7Որ ցածրացնում է ծովի ձայնը, նրա ալիքների ձայնը և ազգերի խռովությունը,
8Որ երկրի ծայրերում բնակվողները վախենան քո նշաններից. այնպես ես անում, որ արևելքից արևմուտք ուրախության ձայներ հնչեն։
9Դու հոգ ես տանում երկրին և ջուր ես խմեցնում նրան, խիստ հարստացնում ես այն. Աստծու գետը լիքն է ջրով. ցորեն ես պատրաստում մարդկանց համար, որովհետև այսպես ես պատրաստում այն։
10Դու ջուր ես խմեցնում նրա ակոսներին, հարթեցնում ես նրա անհարթ տեղերը, անձրևով փափկացնում ես այն և օրհնում նրանից բուսածը։
11Դու տարին պսակում ես քո բարիքներով, և քո հետքերը պարարտություն են կաթեցնում։
12Փարթամ են արոտավայրերը, և բլուրները ցնծություն են հագել։
13Արոտները լցված են ոչխարներով, և հովիտները ծածկված են ցորենով. նրանք ցնծությամբ աղաղակում են և երգում։
Արդեն Ընտրված.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 65: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018