ՍԱՂՄՈՍՆԵՐ 66
66
Գովաբանության և շնորհակալության երգ
Երգողների գլխավորին։ Սաղմոս. երգ։
1Ցնծությամբ աղաղակե՛ք Աստծուն, ո՛վ բոլոր երկրներ։
2Սաղմո՛ս ասացեք նրա անվան փառքին, փառավո՛ր արեք նրա գովությունը։
3Ասացե՛ք Աստծուն. «Ի՜նչ զարմանալի են քո գործերը. քո մեծ զորության համար քո թշնամիները պիտի շողոքորթեն քեզ։
4Ամեն երկիր պիտի երկրպագի քեզ և սաղմոս ասի քեզ, սաղմոս պիտի ասի քո անվանը»։ (Սելա)։
5Եկե՛ք և տեսե՛ք Աստծու գործերը. նա իր գործերով ահեղ է մարդկանց որդիների համար։
6Ծովը ցամաքի փոխեց, գետի միջով մարդիկ անցան ոտքով. այնտեղ էլ մենք ուրախ եղանք նրանով։
7Նա իր ուժով տիրում է հավիտյան, նրա աչքերը նայում են հեթանոսներին. ապստամբները թող չբարձրանան։ (Սելա)։
8Ո՛վ ժողովուրդներ, օրհնե՛ք մեր Աստծուն և լսե՛լ տվեք նրա գովության ձայնը։
9Նա մեր անձը պահում է կյանքի մեջ և չի թողնում, որ մեր ոտքերը սասանվեն։
10Որովհետև դու քննեցիր մեզ, ո՜վ Աստված, փորձեցիր մեզ, ինչպես արծաթն է փորձվում։
11Դու որոգայթի մեջ մտցրիր մեզ, ծանր բեռ դրեցիր մեր մեջքին,
12Մեր գլխի վրա մարդիկ նստեցրիր, կրակի ու ջրի մեջ մտանք, բայց դու մեզ առատության տեղ հանեցիր։
13Ես ողջակեզներով պիտի մտնեմ քո տունը, պիտի հատուցեմ քեզ իմ ուխտերը,
14Որոնք խոստացան իմ շրթունքները, և իմ բերանը խոսեց իմ նեղության ժամանակ։
15Պարարտ ողջակեզներ պիտի մատուցեմ քեզ՝ խոյերի զոհման բուրմունքով, ցլեր պիտի զոհեմ քեզ՝ նոխազների հետ։ (Սելա)։
16Եկե՛ք ու լսե՛ք բոլորդ, որ վախենում եք Աստծուց, որ ձեզ պատմեմ, թե նա ինչ արեց իմ անձի համար։
17Ես իմ բերանով կանչեցի նրան, և փառաբանություն կար իմ լեզվի տակ։
18Եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտի մեջ, Տերը չէր լսի ինձ։
19Սակայն Աստված լսեց և ականջ դրեց իմ աղոթքի ձայնին։
20Օրհնյա՜լ է Աստված, որ չմերժեց իմ աղոթքը և իր ողորմությունը չհեռացրեց ինձնից։
Արդեն Ընտրված.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 66: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018