ԱՌԱԿՆԵՐ 12
12
1Խրատ սիրողը գիտություն է սիրում, իսկ հանդիմանությունն ատողը անխելք է։
2Բարին Տիրոջից բարեհաճություն կստանա, բայց նենգամիտ մարդուն նա կդատապարտի։
3Մարդն անիրավությամբ չի հաստատվի, իսկ արդարների արմատը չի սասանվի։
4Առաքինի կինն իր մարդու պսակն է, իսկ ամոթաբեր կինը նրա ոսկորների միջի փտության պես է։
5Արդարների մտադրություններն իրավացի են, իսկ անիրավների տված ուղղությունը՝ խաբեություն։
6Անիրավների խոսքերն արյան դարան են, իսկ ուղղամիտների բերանն իրենց կազատի։
7Անիրավները կկործանվեն ու կչքանան, բայց արդարների տունը հաստատուն կմնա։
8Մարդը իր ուշիմության չափով կգովաբանվի, բայց ծուռ սիրտ ունեցողը կանարգվի։
9Լավ է աննշան լինել, բայց ծառա ունենալ, քան թե ինքն իրեն պատվել ու հացի կարոտ լինել։
10Արդարը գիտի իր անասունի կարիքը, բայց անիրավների ողորմածությունը դաժանություն է։
11Իր հողը մշակողը հացով կկշտանա, բայց դատարկ բաների ետևից վազողը պակասամիտ է։
12Անիրավը չարերի ավարն է փափագում, բայց արդարների արմատը պտուղ կտա։
13Չարն իր շրթունքների զանցանքով որոգայթն է ընկնում, բայց արդարը դուրս է գալիս տագնապից։
14Իր բերանի պտղից մարդ բարիքներով կկշտանա, և մարդու ձեռքի գործի հատուցումը կվերադառնա իրեն։
15Հիմարի աչքին իր ճանապարհն ուղիղ է, բայց խորհրդին անսացողն իմաստուն է։
16Հիմարի բարկությունը նույն օրը կիմացվի, բայց խորագետն անարգանքը ծածկում է։
17Ճշմարտություն խոսողը արդարությունն է հայտնում, իսկ սուտ վկան՝ խաբեությունը։
18Շատախոս կա, որ սրի պես խոցոտում է, բայց իմաստունների լեզուն բժշկություն է։
19Ճշմարտախոս շրթունքները մշտապես հաստատված կմնան, բայց ստախոս լեզուն վայրկենական է։
20Չարություն նյութողների սրտերում խաբեություն կա, իսկ խաղաղություն ծրագրողների մեջ՝ ուրախություն։
21Արդարին ոչ մի պատուհաս չի հանդիպի, բայց անիրավները լեցուն են չարիքներով։
22Ստախոս շրթունքները Տիրոջ համար զզվելի են, իսկ հավատարմությամբ վարվողները հաճելի են նրան։
23Խորագետ մարդը գիտությունը ծածկող է, իսկ անմիտների սիրտը իր հիմարությունը հրապարակում է։
24Աշխատասերների ձեռքը կկառավարի, իսկ ծույլը սևագործ ճորտ կլինի։
25Մարդու սրտի տագնապը ճնշում է նրան, իսկ բարի խոսքն ուրախացնում է նրան։
26Արդարը ճանապարհ է ցույց տալիս իր ընկերոջը, իսկ անիրավների ճանապարհը կմոլորեցնի նրանց։
27Ծույլն իր որսը չի խորովում, բայց աշխատասեր մարդը մեծարժեք ստացվածք կունենա։
28Արդարության ճանապարհի մեջ կյանք կա, և նրա շավիղների մեջ մահ չկա։
Արդեն Ընտրված.
ԱՌԱԿՆԵՐ 12: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018