ԱՌԱԿՆԵՐ 11

11
1Խարդախ կշեռքը զզվելի է Տիրոջ համար, իսկ ուղիղ#11.1 Բռց. ամբողջական, լիակատար։ կշռաքարը նրան հաճելի է։
2Երբ ամբարտավանությունը գա, անարգանքը ևս կգա, բայց իմաստությունը խոնարհների հետ է։
3Ուղղամիտների պարկեշտությունը կառաջնորդի նրանց, իսկ անհավատարիմների նենգությունը կոչնչացնի նրանց։
4Ցասման օրը հարստությունից օգուտ չկա, բայց արդարությունը կազատի մահից։
5Պարկեշտների արդարությունը կուղղի նրանց ճանապարհը, բայց անիրավը կընկնի իր անիրավությամբ։
6Ուղղամիտների արդարությունը նրանց կազատի, բայց անհավատարիմները ցանկության մեջ կբռնվեն։
7Երբ անիրավը մեռնի, նրա հույսը կվերանա, և անօրենների ակնկալությունը կկորչի։
8Արդարը կազատվի տագնապից, և անիրավը նրա տեղը կգնա։
9Անհավատն իր բերանով կկորցնի իր հարևանին, բայց արդարները գիտությամբ կազատվեն։
10Արդարների հաջողակությամբ քաղաքը կհրճվի, իսկ անիրավների կորստի ժամանակ ցնծության ձայն կլինի։
11Ուղղամիտների օրհնությամբ քաղաքը կբարձրանա, բայց անիրավների բերանով կկործանվի։
12Իր հարևանին արհամարհողը պակասամիտ է, բայց խոհեմ մարդը լռում է։
13Բանսարկության գնացողը գաղտնիքը կհայտնի, իսկ հավատարիմ հոգի ունեցողը բանը կծածկի։
14Ժողովուրդն առանց առաջնորդության կընկնի, բայց խորհրդատուների բազմությամբ փրկություն#11.14 Կամ ապահովություն։ կլինի։
15Անշուշտ չարիքի կհանդիպի նա, ով օտարին երաշխավոր կդառնա, բայց երաշխավորությունն ատողը ապահով է։
16Շնորհալի կինը պատիվն ամուր կպահի, և բռնավորները հարստություն կհափշտակեն։
17Ողորմած մարդն իր անձին լավություն կանի, բայց դաժան մարդը իրեն է վնասում։
18Անիրավ մարդը ոչինչ չի վաստակում#11.18 Բռց. սուտ շահ։, իսկ արդարություն սերմանողը ճշմարիտ վարձ կունենա։
19Իսկապես արդար մարդը կյանքի կտիրանա, իսկ չարության հետևողը դեպի իր մահն է գնում։
20Տիրոջ առաջ զզվելի են ծուռ սիրտ ունեցողները, բայց նրան հաճելի են պարկեշտ ճանապարհի տերերը։
21Անշուշտ չարն անպատիժ չի մնա, իսկ արդարների սերունդը կազատվի։
22Ինչպես որ ոսկե օղակն է խոզի քթին, այնպես էլ գեղեցիկ կինը, որ դատողություն չունի։
23Արդարների ցանկացածը միայն բարություն է, բայց անիրավների ակնկալիքը բարկություն է։
24 Մարդ կա, որ իր ստացվածքը ցրելով ավելացնում է, և կա, որ շատ է խնայում ու աղքատության է հասնում։
25Առատաձեռն մարդը կբարգավաճի, և ոռոգողն ինքն էլ կոռոգվի։
26Ժողովուրդն անիծում է ցորենը պահողին, բայց օրհնություն է տալիս այն ծախողին։
27Բարություն փնտրողը բարեհաճություն է որոնում, իսկ չարություն ցանկացողը կհանդիպի նրան։
28Իր հարստության վրա հույս դնողը կտապալվի, բայց արդարները սաղարթի#11.28 Բռց. տերև։ պես կծաղկեն։
29Իր տանը նեղություն պատճառողը քամին կժառանգի, և հիմարը կծառայի իմաստուն սիրտ ունեցողին։
30Արդարի պտուղը կյանքի ծառ է, և հոգիներ վաստակողն իմաստուն է։
31Եթե արդարը երկրիս վրա ահա իր հատուցումն է ստանում, ո՜ւր մնացին անիրավն ու մեղավորը։

Արդեն Ընտրված.

ԱՌԱԿՆԵՐ 11: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում