Փիլիպպեցիներին 1

1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը և Տիմոթեոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառաները՝ Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին, որ Փիլիպպեում են, եպիսկոպոսների ու սարկավագների հետ. 2շնորհ ձեզ և խաղաղություն Աստծուց՝ մեր Հորից, ու Տեր Հիսուս Քրիստոսից։
Գոհություն և աղոթք
3Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն ամեն անգամ, երբ ձեզ հիշում եմ. 4ամեն ժամ իմ բոլոր խնդրանքներում ուրախությամբ ձեզ բոլորիդ համար աղոթում եմ՝ 5Ավետարանը քարոզելուն ձեր մասնակից լինելու համար՝ առաջին օրից մինչև հիմա։ 6Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ նա, ով ձեր մեջ այս բարի գործն սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ 7Ճիշտ եմ համարում ձեր բոլորի մասին այսպես մտածելը, որովհետև ձեզ իմ սրտում ունեմ. իմ կապանքներում, նաև Ավետարանի պաշտպանության ու հաստատության ժամանակ դուք բոլորդ ինձ հետ շնորհին հաղորդակից եղաք։ 8Աստված ինձ վկա է, թե ինչպե՛ս եմ Հիսուս Քրիստոսի գորովով փափագում ձեզ բոլորիդ։ 9Եվ այս եմ աղոթում, որ ձեր սերը ավելի ու ավելի աճի գիտությամբ ու ամեն հասկացողությամբ, 10որպեսզի դուք լավագույնը զանազանեք, որ Քրիստոսի օրը մաքուր լինեք ու անարատ, 11Հիսուս Քրիստոսի միջոցով արդարության պտուղներով լցված՝ Աստծու փառքի ու գովերգության համար։
Քրիստոսը՝ կյանք
12Եղբայրնե՛ր, ուզում եմ իմանաք, որ այն, ինչ ինձ պատահեց, ավելի նպաստեց Ավետարանի տարածման առաջընթացին, 13այն աստիճան, որ Քրիստոսով իմ կապանքները հայտնի դարձան ամբողջ պալատին և մյուս բոլորին։ 14Եվ եղբայրներից շատերը իմ կապանքներից ավելի քաջալերվեցին և համարձակվեցին Աստծու խոսքն առանց վախի խոսելու։
15Ոմանք նախանձի ու հակառակության պատճառով, ոմանք էլ հոժարությամբ են քարոզում Քրիստոսին։ 16Սրանք սիրուց մղվելով են քարոզում՝ գիտենալով, որ Ավետարանի պաշտպանության համար եմ այստեղ մնում։ 17Իսկ ոմանք հակառակությունից մղված են Քրիստոսին քարոզում և ոչ թե անկեղծորեն՝ կարծելով, թե իմ կապանքների վրա նեղություն կավելացնեն։ 18Բայց ի՞նչ նշանակություն ունի. ինչպես էլ որ լինի՝ պատրվակով թե ճշմարտապես, Քրիստոսն է քարոզվում, ու սրա համար ուրախ եմ և ուրախ էլ կլինեմ, 19որովհետև գիտեմ, որ դա տանում է դեպի փրկություն՝ ձեր աղոթքների միջոցով ու Հիսուս Քրիստոսի Հոգու օգնությամբ։ 20Համաձայն իմ ակնկալության և հույսի՝ ոչնչով ամոթով չեմ մնա, այլ ամենայն համարձակությամբ, ինչպես միշտ, հիմա էլ Քրիստոսն իմ մարմնի մեջ կմեծարվի՝ իմ ապրելով թե իմ մեռնելով։ 21Որովհետև ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ։ 22Բայց եթե մարմնավոր կյանքն իմ գործը պտղաբեր է դարձնում, ապա չգիտեմ, թե ո՛րն ընտրեմ։ 23Երկուսն էլ ինձ ձգում են. հեռանալ այս կյանքից և Քրիստոսի հետ լինել, որ շատ ավելի լավ է. 24բայց մարմնի մեջ իմ մնալը ձեզ ավելի է հարկավոր։ 25Եվ սրանում հաստատ համոզված գիտեմ, որ կապրեմ ու կմնամ ձեզ բոլորիդ հետ, որ դուք զարգանաք և ուրախ լինեք հավատով, 26որպեսզի ձեր պարծանքը Քրիստոս Հիսուսով ավելանա իմ միջոցով՝ ձեզ մոտ իմ կրկին գալով։
27Միայն թե Քրիստոսի Ավետարանին վայել կերպո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ, թե հեռու լինեմ, ձեր մասին լսեմ, որ հաստատուն եք մեկ հոգով ու մեկ շնչով պատերազմում եք Ավետարանի հավատի համար։ 28Եվ հակառակորդներից ոչնչով մի՛ վախեցեք. դա նրանց համար կորստյան նշան է, իսկ ձեզ համար՝ փրկության։ 29Եվ ձեզ Աստծուց դա շնորհ տրվեց ոչ միայն Քրիստոսին հավատալու համար, այլ նաև որպեսզի չարչարվեք նրա համար՝ 30նույն պատերազմը մղելով, որ ինձնով տեսաք ու այժմ ինձնից լսում եք։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք