Փիլիպպեցիներին 2
2
Քրիստոսի խոնարհությունը և մեծությունը
1Արդ եթե կա Քրիստոսով մխիթարություն, սիրո սփոփանք, Հոգու հաղորդություն, գթություն և ողորմություն, 2ապա լիարժե՛ք դարձրեք իմ ուրախությունը՝ համերաշխ լինելով, նույն սերն ունենալով, միաշունչ, միախորհուրդ լինելով։ 3Ոչինչ մի՛ արեք հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։ 4Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս։ 5Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, 6որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, 7այլ ինքն իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ 8ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ։ 9Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց նրան և մի անուն շնորհեց նրան, որ ամեն անունից ավելի բարձր է, 10որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ, 11և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծու փառքի համար։
Լույսի նման փայլել աշխարհում
12Ուրեմն, իմ սիրելինե՛ր, ինչպես որ ամեն ժամ հնազանդվեցիք, ոչ միայն իմ ներկայության ժամանակ, առավել ևս հիմա՝ իմ բացակայության ժամանակ, ահով ու դողո՛վ գործեք ձեր անձերի փրկության համար։ 13Որովհետև Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալն ու կատարելն ըստ իր բարեհաճ ծրագրի։ 14Ամեն բան առանց տրտունջի և վիճաբանությա՛ն արեք, 15որպեսզի անարատ Աստծու անբիծ և անմեղ զավակները լինեք այն կամակոր և խոտոր սերնդի մեջ, որի մեջ պիտի երևաք որպես աշխարհում լույս տվողներ՝ 16կյանքի խոսքը պահելով, որպեսզի Քրիստոսի օրն ինձ համար պարծենալու բան լինի, թե զուր տեղը չվազեցի և զուր չաշխատեցի։ 17Բայց եթե անգամ որպես զոհ ընծայաբերվեմ ձեր հավատի համար, ուրախ եմ ու ձեզ բոլորիդ ուրախակից։ 18Այդպես էլ դո՛ւք ուրախ եղեք ու ինձ ուրախակի՛ց եղեք։
Տիմոթեոսի և Եպափրոդիտոսի առաքելությունը
19Բայց Տեր Հիսուսով հույս ունեմ, որ Տիմոթեոսին շուտով ձեզ մոտ կուղարկեմ, որպեսզի սիրտս էլ հանգստանա, երբ ձեր մասին տեղեկանամ. 20որովհետև սրտակից մեկը չունեմ, որ ձեր մասին մտերմաբար հոգ տանի, 21քանի որ բոլորն իրենց շահն են որոնում և ոչ թե Հիսուս Քրիստոսինը։ 22Բայց դուք գիտեք նրա արժանի լինելը, որովհետև ինչպես որդին իր հորը, այնպես էլ նա ինձ հետ Ավետարանին ծառայեց։ 23Արդ հույս ունեմ նրան իսկույն ուղարկելու, հենց իմանամ, թե գործերս ինչպես են լինելու։ 24Բայց Տիրոջով վստահ եմ, որ ինքս էլ շուտով կգամ։
25Հարկ համարեցի ձեզ մոտ ուղարկել Եպափրոդիտոս եղբորը՝ իմ գործակցին ու զինակցին, որին ուղարկեցիք կարիքներս հոգալու համար, 26որովհետև նա էլ ձեզ բոլորիդ տեսնելու խիստ փափագ ուներ և մտահոգված էր, որ լսել էիք, թե ինքը հիվանդացել է։ 27Եվ հիրավի մերձիմահ հիվանդացավ, բայց Աստված ողորմեց նրան. և ոչ միայն նրան, այլ ինձ էլ, որպեսզի տրտմության վրա տրտմություն չունենամ։ 28Ուրեմն նրան ավելի շտապ ուղարկեցի, որպեսզի դարձյալ տեսնելով՝ ավելի ուրախ լինեք, և ես էլ անտրտում լինեմ։ 29Արդ նրան Տիրոջով ամենայն ուրախությա՛մբ ընդունեք և այդպիսիներին պատվե՛ք, 30որովհետև Քրիստոսի գործի համար մահվան շեմին հասավ՝ կյանքը վտանգելով, որպեսզի ձեր պակասը լրացնի ինձ ծառայելու հարցում։
Արդեն Ընտրված.
Փիլիպպեցիներին 2: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018