ԹՎԵՐ 28
28
Կանոնավոր ընծաներ
(Ելք 29.38-46)
1Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին և ասա՛ նրանց. “Հետևե՛ք, որ ճիշտ ժամանակին ինձ մատուցեք իմ ընծաները, իմ հացի ընծան, որ կրակով է այրվում, իբրև անուշահոտ զոհաբերություն”։ 3Նրանց կասես. “Այս է կրակով այրվող այն զոհը, որ պիտի մատուցեք Տիրոջը. օրը մեկ տարեկան երկու անարատ գառ՝ որպես մշտնջենավոր ողջակեզ։ 4Մի գառը կմատուցես առավոտյան, իսկ մյուս գառը երեկոյան կմատուցես։ 5Եվ կմատուցես քառորդ հիմեն ծեծված յուղով հունցված մեկ տասներորդ արդու ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա։ 6Սա Սինա լեռան վրա մատուցվելիք մշտնջենավոր ողջակեզն է Տիրոջ համար՝ իբրև կրակով այրված անուշահոտ զոհ։ 7Հեղելու ընծան թող լինի յուրաքանչյուր գառի համար քառորդ հիմեն. թունդ խմիչք՝ իբրև հեղելու ընծա, սուրբ վայրում կմատուցես Տիրոջը։ 8Մյուս գառը կմատուցես երեկոյան դեմ հացի ընծայի և հեղելու ընծայի հետ՝ առավոտյան ընծաների նման։ Դա Տիրոջը մատուցված կրակով այրված անուշահոտ մի զոհաբերություն է”։
Շաբաթ օրվա ընծան
9Բայց շաբաթ օրը կմատուցես մեկ տարեկան երկու անարատ գառ և յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա, և հեղելու ընծան։ 10Սա, բացի մշտնջենավոր ողջակեզից և նրա հեղելու ընծայից, յուրաքանչյուր շաբաթ օրվա ողջակեզը կլինի։
Ամսվա առաջին օրվա ընծան
11Ձեր ամիսների սկզբին Տիրոջ համար ողջակեզ կմատուցեք երկու զվարակ, մեկ խոյ, մի տարեկան յոթ անարատ գառ։ 12Ամեն մի զվարակի համար պետք է լինի յուղով հունցված երեք տասներորդ գրիվ ընտիր ալյուր իբրև հացի ընծա, և մեկ խոյի համար՝ յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ իբրև հացի ընծա. 13և ամեն մի գառան համար՝ յուղով հունցված մեկական տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ իբրև հացի ընծա։ Սա մի ողջակեզ է՝ անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար։ 14Սրանց հեղելու ընծաները կլինեն ամեն մի զվարակի համար կես հիմեն գինի և մեկ խոյի համար հիմենի մեկ երրորդ մասը և ամեն մի գառան համար հիմենի մեկ քառորդ մասը։ Սա տարվա բոլոր ամիսների համար ամեն մի ամսվա սկզբի ողջակեզն է։ 15Բացի մշտնջենավոր ողջակեզից, այծերից մի նոխազ թող մատուցվի Տիրոջը՝ իբրև մեղքի զոհաբերություն, և իր հեղելու ընծան մատուցվի Տիրոջը։
Բաղարջակերաց տոնի ընծաները
(Ղևտ. 23.5-14)
16Առաջին ամսվա տասնչորսերորդ օրը զատիկ է Տիրոջ համար. 17նույն ամսվա տասնհինգերորդ օրը տոն է։ Յոթ օր բաղարջ կուտեք։ 18Առաջին օրը սուրբ ժողով կլինի. այդ օրը ոչ մի գործ չանեք։ 19Տիրոջ համար իբրև ողջակեզ կմատուցեք երկու զվարակ, մեկ խոյ և մեկ տարեկան յոթ գառ. սրանք անարատ պետք է լինեն ձեզ համար։ 20Դրանց հացի ընծան յուղով հունցված ընտիր ալյուր պետք է լինի. ամեն մի զվարակի համար կմատուցեք երեք տասներորդ գրիվ և մեկ խոյի համար՝ երկու տասներորդ գրիվ։ 21Յոթ գառներից ամեն մի գառան համար մեկ տասներորդ կմատուցեք։ 22Ձեզ քավություն անելու համար կզոհաբերեք մեկ նոխազ՝ որպես մեղքի զոհ։ 23Այս կկատարեք, բացի առավոտյան ողջակեզից, որը մշտնջենավոր ողջակեզ է։ 24Սրանք կմատուցեք յոթ օրերի ընթացքում ամեն օր՝ իբրև հացի ընծա, անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար։ Բացի մշտնջենավոր ողջակեզից, կմատուցվեն սրանք և սրանց հետ՝ նաև հեղելու ընծան։ 25Յոթերորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք։
Հունձքի տոնի ընծաները
(Ղևտ. 23.15-22)
26Երախայրիքների օրը, երբ ձեր շաբաթների համեմատ Տիրոջը նոր հացի ընծա մատուցեք, սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք։ 27Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք երկու զվարակ, մեկ խոյ և մի տարեկան յոթ գառ։ 28Դրանց հացի ընծան՝ ամեն մի զվարակի համար՝ երեք տասներորդ, մեկ խոյի համար՝ երկու տասներորդ. 29և յոթ գառներից ամեն մեկի համար՝ մեկ տասներորդ ընտիր ալյուր՝ յուղով հունցված։ 30Կնվիրաբերեք նաև այծերից մեկ նոխազ՝ ձեզ քավություն անելու համար։ 31Այս զոհաբերությունները կմատուցեք, բացի մշտնջենավոր ողջակեզից և նրա հացի ընծայից. և իրենց հեղելու ընծաները. սրանք ձեզ համար անարատ պետք է լինեն»։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 28: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018