ԹՎԵՐ 27

27
Սալպաադի աղջիկները
1Մովսեսի մոտ եկան Հովսեփի որդի Մանասեի տոհմերից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդի Ոփերի որդի Սալպաադի աղջիկները. նրա աղջիկների անուններն էին՝ Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա և Թերսա։ 2Սրանք կանգնեցին Մովսեսի, Եղիազար քահանայի, իշխանների և ամբողջ ժողովրդի առաջ, ժողովի վրանի մուտքին և ասացին. 3«Մեր հայրը մեռավ անապատում։ Նա Տիրոջ դեմ հավաքված խմբի՝ Կորխի խմբի մեջ չէր, այլ նա մեռավ իր մեղքի պատճառով, առանց որդիներ ունենալու։ 4Ինչո՞ւ մեր հոր անունը պիտի իր տոհմի միջից վերանա, քանի որ որդի չունեցավ։ Մեզ կալվա՛ծք տվեք մեր հոր եղբայրների մեջ»։ 5Մովսեսը նրանց դատը տարավ Տիրոջ առաջ։ 6Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 7«Ճիշտ են ասում Սալպաադի աղջիկները. անպատճառ նրանց կալվածք կտաս որպես ժառանգություն իրենց հոր եղբայրների մեջ և նրանց վրա կդարձնես իրենց հոր ժառանգությունը։ 8Կխոսես Իսրայելի որդիների հետ և կասես. “Երբ մի մարդ մեռնի առանց որդի ունենալու, նրա ժառանգությունը կդարձնեք նրա աղջկա վրա։ 9Իսկ եթե նա աղջիկ էլ չունենա, այն ժամանակ նրա ժառանգությունը կտաք նրա եղբայրներին։ 10Իսկ եթե նա եղբայրներ էլ չունենա, այն ժամանակ նրա ժառանգությունը կտաք նրա հորեղբայրներին։ 11Եվ եթե հորեղբայրներ էլ չունենա, նրա ժառանգությունը կտաք նրա տոհմի մեջ նրան ամենից մոտ ազգականին, և նա՛ կլինի նրա ժառանգը։ Սա Իսրայելի որդիների համար դատաստանի կանոն լինի, ինչպես Տերը պատվիրեց Մովսեսին”»։
Հեսուն ընտրվում է Մովսեսի հաջորդը
(Բ Օր. 31.1-8)
12Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր Աբարիմի այս լեռը և դիտի՛ր այն երկիրը, որը ես տալու եմ Իսրայելի որդիներին։ 13Դու այն կտեսնես, որից հետո դու էլ կմիանաս քո նախնիներին, ինչպես որ քո եղբայր Ահարոնը միացավ, 14որովհետև դուք ապստամբեցիք իմ հրամանի դեմ Սին անապատում, երբ ժողովուրդը հակաճառեց ինձ, և նրանց առաջ դուք ինձ չսրբացրիք այն ջրի մոտ» (դա Կադեսի Մերիբայի ջուրն է Սին անապատում)։
15Մովսեսը խոսեց Տիրոջ հետ և ասաց. 16«Բոլոր մարմինների հոգիների Տեր Աստվածը թող այս ժողովրդի վրա մի մարդ նշանակի, 17որ նրանց առջև դուրս գա և նրանց առջև մտնի, նրանց հանի և նրանց մտցնի, որպեսզի Տիրոջ ժողովուրդը չլինի այն ոչխարների նման, որոնք հովիվ չունեն»։
18Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ քեզ մոտ Նավեի որդի Հեսուին, որի մեջ Հոգի կա, և ձեռքդ դի՛ր նրա վրա։ 19Նրան կանգնեցրո՛ւ Եղիազար քահանայի և ամբողջ ժողովրդի առջև և նրան պատվե՛ր տուր նրանց աչքերի առաջ։ 20Քո փառքից տո՛ւր նրան, որպեսզի Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը նրան հնազանդվի։ 21Նա թող կանգնի Եղիազար քահանայի առջև, Ուրիմի վճիռը հարցնի նրան Տիրոջ առաջ. նրա խոսքով դուրս գան և նրա խոսքով մտնեն, ինքը և իր հետ Իսրայելի բոլոր որդիներն ու ամբողջ ժողովուրդը»։ 22Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր։ Վերցրեց Հեսուին և նրան կանգնեցրեց Եղիազար քահանայի և ամբողջ ժողովրդի առաջ։ 23Իր ձեռքը դրեց նրա վրա և պատվեր տվեց նրան, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսի միջոցով։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 27: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք