ԹՎԵՐ 12

12
Մարիամը պատժվում է
1Մարիամն ու Ահարոնը խոսեցին Մովսեսի դեմ նրա առած եթովպացի կնոջ պատճառով, որովհետև նա եթովպացի կին էր առել։ 2Նրանք ասացին. «Մի՞թե Տերը միայն Մովսեսի միջոցով խոսեց. չէ՞ որ նա մեր միջոցով էլ խոսեց»։ Տերը լսեց դա։ 3Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից շատ ավելի հեզ մարդ էր։ 4Տերն իսկույն ասաց Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին. «Դուք երեքդ էլ դո՛ւրս եկեք և գնացե՛ք ժողովի վրան». և երեքն էլ դուրս եկան։ 5Տերն իջավ ամպի սյունով և կանգնեց վրանի դռան մուտքի մոտ։ Նա կանչեց Ահարոնին ու Մարիամին, և նրանք երկուսով էլ դուրս եկան։ 6Եվ ասաց. «Հիմա լսե՛ք իմ խոսքը. եթե ձեր միջից մեկը մարգարե լինի, ես՝ Տերը, տեսիլքի մեջ կհայտնվեմ նրան կամ երազի մեջ կխոսեմ նրա հետ։ 7Բայց իմ ծառա Մովսեսի հետ այդպես չէ. նա իմ ամբողջ տան մեջ հավատարիմ է։ 8Ես նրա հետ խոսում եմ երես առ երես#12.8 Եբր. բերան առ բերան։, հստակորեն, ոչ թե առակով, և նա տեսնում է Տիրոջ կերպարանքը։ Ինչո՞ւ չվախեցաք խոսել իմ ծառա Մովսեսի դեմ»։ 9Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց նրանց դեմ, ու նա գնաց։ 10Ամպը վերացավ վրանի վրայից, և ահա Մարիամը բորոտ էր դարձել, ձյունի նման սպիտակ։ Ահարոնը նայեց Մարիամին և տեսավ, որ նա բորոտ էր դարձել։ 11Ահարոնն ասաց Մովսեսին. «Ո՜հ, տե՛ր իմ, աղաչում եմ, մեզ վրա մեղք մի՛ դիր, որովհետև հիմարություն արեցինք և մեղք գործեցինք։ 12Թող նա չնմանվի այն մեռած երեխային, որ դուրս է գալիս մոր արգանդից՝ մարմինը կիսով չափ սպառված»։ 13Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Խնդրում եմ քեզ, ո՛վ Աստված, խնդրում եմ, բժշկի՛ր նրան»։ 14Տերն ասաց Մովսեսին. «Եթե նրա հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթ օր չէր ամաչի. ուրեմն յոթ օր նա թող արգելափակված պահվի բանակատեղիից դուրս, որից հետո կընդունվի»։ 15Եվ Մարիամը յոթ օր արգելափակված մնաց բանակատեղիից դուրս։ Ժողովուրդը ճանապարհ չընկավ մինչև Մարիամի վերադառնալը։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 12: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում