ԹՎԵՐ 13

13
Հետախուզողները
(Բ Օր. 1.19-33)
1Դրանից հետո ժողովուրդը մեկնեց Ասերոթից և բանակեց Փառանի անապատում։ 2Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 3«Մարդի՛կ ուղարկիր, որ հետախուզեն Քանանի երկիրը, որը ես տալու եմ Իսրայելի որդիներին։ Ամեն մի ցեղից, ըստ իրենց հայրերի, կուղարկես մեկ մարդ. բոլորն էլ նրանց մեջ իշխաններ լինեն»։ 4Մովսեսը Տիրոջ հրամանի համաձայն այդ մարդկանց ուղարկեց Փառանի անապատից։ Նրանք բոլորն էլ Իսրայելի ժողովրդի գլխավորներն էին։ 5Սրանք են նրանց անունները. Ռուբենի ցեղից՝ Զաքուրի որդի Սամուա, 6Շմավոնի ցեղից՝ Քոռիի որդի Սափատ, 7Հուդայի ցեղից՝ Հեփոնի որդի Քաղեբ, 8Իսաքարի ցեղից՝ Հովսեփի որդի Իգազ, 9Եփրեմի ցեղից՝ Նավեի որդի Օսես, 10Բենիամինի ցեղից՝ Ռափուի որդի Փաղտի, 11Զաբուղոնի ցեղից՝ Սուդիի որդի Գեդդիել, 12Հովսեփի ցեղից, այսինքն՝ Մանասեի ցեղից՝ Սուսիի որդի Գադդի, 13Դանի ցեղից՝ Գամաղիի որդի Ամիել, 14Ասերի ցեղից՝ Միքայելի որդի Սաթուր, 15Նեփթաղիմի ցեղից՝ Վափսիի որդի Նաբի, 16Գադի ցեղից՝ Մաքքիի որդի Գուել։
17Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Մովսեսն ուղարկեց հետախուզելու այդ երկիրը։ Մովսեսը Նավեի որդի Օսեսի անունը Հեսու դրեց։ 18Մովսեսը նրանց ուղարկեց Քանանի երկիրը հետախուզելու և ասաց նրանց. «Հարավային կողմից դեպի վեր գնալով՝ բարձրացե՛ք լեռնային շրջանը 19և տեսե՛ք, թե դա ի՛նչ երկիր է. այնտեղ բնակվող ժողովուրդը ուժե՞ղ է, թե՞ տկար, փոքրաթի՞վ է, թե՞ բազմամարդ. 20ինչպիսի՞ն է այն երկիրը, որտեղ նրանք բնակվում են, լա՞վ է, թե՞ վատ. ինչպիսի՞ն են այն քաղաքները, որտեղ բնակվում են նրանք, վրաններո՞ւմ են ապրում, թե՞ բերդերում. 21ինչպիսի՞ն է հողը, պարա՞րտ է, թե՞ տկար, այնտեղ անտառներ կա՞ն, թե՞ ոչ։ Խիզա՛խ եղեք և բերե՛ք այդ երկրի պտուղներից»։ Այդ օրերը խաղողի առաջին բերքի օրերն էին։
22Նրանք վեր գնացին և հետախուզեցին այդ երկիրը Սին անապատից դեպի Եմաթ, մինչև Րոոբ։ 23Բարձրացան հարավային կողմից և եկան Քեբրոն. այնտեղ էին ապրում Ենակի որդիները՝ Աքիմանը, Սեսին և Թոլմին։ Քեբրոնը Եգիպտոսի Տայանիս#13.23 Եբր. Զոան։ քաղաքից յոթ տարի առաջ էր կառուցվել։ 24Նրանք եկան մինչև Եսքողի ձորը, այնտեղից կտրեցին խաղողի մի ողկույզ որթատունկի ճյուղով և երկու հոգով այն տարան մի ձողի միջոցով. վերցրին նաև նռներ և թզեր։ 25Այդ վայրը կոչվեց Եսքողի#13.25 Եբր. խաղողի ողկույզ։ ձոր այն ողկույզի պատճառով, որը Իսրայելի որդիները կտրել էին այնտեղից։ 26Նրանք քառասուն օր այդ երկիրը հետախուզելուց հետո վերադարձան։ 27Նրանք եկան հասան Մովսեսի, Ահարոնի և իսրայելացիների ամբողջ համայնքի մոտ՝ Կադես, Փառանի անապատում. լուր բերեցին նրանց և ամբողջ ժողովրդին ու նրանց ցույց տվեցին այդ երկրի պտուղները։ 28Պատմեցին Մովսեսին և ասացին. «Մենք գնացինք այն երկիրը, ուր ուղարկեցիր մեզ։ Իսկապես այնտեղ կաթ ու մեղր է հոսում, և ահա՛ դրա պտուղները։ 29Միայն թե այդ երկրի մեջ բնակվող ժողովուրդը հզոր է, քաղաքները պարսպապատ են և խիստ մեծ։ Մենք այնտեղ տեսանք նաև Ենակի որդիներին։ 30Ամաղեկացիները բնակվում են այդ երկրի հարավային կողմում, քետացիները, հեբուսացիները և ամորհացիները բնակվում են լեռնային շրջաններում, իսկ քանանացիները բնակվում են ծովեզերքին և Հորդանան գետի մոտ»։ 31Քաղեբը Մովսեսի շուրջը հավաքված ժողովրդին լռեցրեց և ասաց. «Վեր ելնենք և տիրենք այդ երկրին, որովհետև մենք վստահաբար կարող ենք տիրել դրան»։ 32Բայց նրա հետ գնացող մարդիկ ասացին. «Մենք չենք կարող այդ ժողովրդի դեմ դուրս գալ, որովհետև նրանք մեզանից ավելի ուժեղ են»։ 33Եվ նրանք իրենց հետախուզած երկրի մասին վատ լուրեր հաղորդեցին Իսրայելի որդիներին՝ ասելով. «Այն երկիրը, որի միջով անցանք հետախուզելու համար, իր բնակիչներին ուտող երկիր է։ Նրա բոլոր բնակիչները, որ մենք տեսանք, բարձրահասակ մարդիկ են։ 34Այնտեղ տեսանք հսկաներին՝ Ենակի որդիներին, որոնք հսկաներից են. այնպես որ մենք մեր աչքին, ինչպես և նրանց աչքին մորեխների պես էինք»։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 13: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում