ԹՎԵՐ 11

11
Այդ վայրը Տաբերա կոչվեց
1Ժողովուրդը Տիրոջ առջև լսելի կերպով տրտունջ արեց։ Տերը լսեց, և բորբոքվեց նրա բարկությունը։ Տերը կրակ թափեց նրանց վրա և ոչնչացրեց բանակի ծայրամասում եղողներին։ 2Ժողովուրդն աղաղակ բարձրացրեց Մովսեսի առաջ։ Մովսեսն աղոթեց Տիրոջը, և կրակը դադարեց։ 3Այդ վայրը կոչեցին Տաբերա,#11.3 Եբր. հրկիզում։ որովհետև Տիրոջ կրակը թափվել էր նրանց վրա։ 4Նրանց մեջ գտնվող խառնամբոխը շատ պահանջներ ներկայացրեց։ Իսրայելի որդիներն էլ լաց եղան և ասացին. «Ո՞վ մեզ միս կտա ուտելու։ 5Մենք հիշում ենք Եգիպտոսում մեր ձրի կերած ձկները, վարունգները, սեխերը, պրասները, սոխերն ու սխտորները։ 6Հիմա մենք ուժասպառ ենք եղել#11.6 Եբր. մեր անձը՝ հոգին, չորացել է՝ թուլացել է։, ոչ մի բան չկա. մանանայից բացի մեր աչքերը ոչինչ չեն տեսնում»։ 7Մանանան նման էր գինձի սերմի. նրա գույնը սուտակի գույնի պես էր։ 8Ժողովուրդը ման էր գալիս, հավաքում, երկանքով աղում կամ սանդի մեջ ծեծում, պտուկների մեջ եփում և բլիթներ էր պատրաստում դրանից։ Նրա համը յուղոտ գաթայի համի նման էր։ 9Երբ գիշերը բանակատեղիի վրա ցող էր իջնում, մանանան էլ իջնում էր նրա վրա։
Մովսեսն ընտրում է յոթանասուն առաջնորդներ
10Մովսեսը լսեց, որ ժողովուրդն իր տոհմերով՝ յուրաքանչյուրն իր վրանի մուտքի մոտ լաց էր լինում։ Տիրոջ բարկությունը խիստ բորբոքվեց, և դա Մովսեսի աչքին վատ երևաց։ 11Մովսեսն ասաց Տիրոջը. «Ինչո՞ւ չարչարեցիր քո ծառային, ինչո՞ւ շնորհ չգտա քո առջև, և այս ամբողջ ժողովրդի բեռն ինձ վրա դրեցիր։ 12Մի՞թե ես եմ հղացել այս ժողովրդին կամ ե՞ս եմ ծնել սրանց, որ ինձ ասում ես. “Քո գի՛րկն առ նրանց, ինչպես դայակն է առնում կաթնակեր երեխային, և տա՛ր մինչև այն երկիրը, որ երդումով խոստացար նրանց հայրերին”։ 13Ես որտեղի՞ց միս գտնեմ, որ տամ այս ամբողջ ժողովրդին, որովհետև լաց են լինում իմ դիմաց և ասում. “Մեզ մի՛ս տուր, որ ուտենք”։ 14Ես միայնակ չեմ կարող կրել այս ամբողջ ժողովրդին. դա շատ ծանր է ինձ համար։ 15Եթե այսպես պիտի վարվես ինձ հետ, խնդրեմ մեռցրո՛ւ ինձ, եթե շնորհ գտա քո առաջ, որպեսզի չտեսնեմ իմ դժբախտությունը»։ 16Տերն ասաց Մովսեսին. «Իսրայելի ծերերի միջից ինձ համար հավաքի՛ր յոթանասուն հոգի, որոնց դու ճանաչում ես որպես ժողովրդի ծերերի և գլխավորների։ Նրանց վերցրու բե՛ր ժողովի վրան, և նրանք այնտեղ թող կանգնեն քեզ հետ։ 17Ես կիջնեմ այնտեղ, կխոսեմ քեզ հետ և քեզ վրա եղած հոգուց կառնեմ ու կդնեմ նրանց վրա, որպեսզի նրանք քեզ հետ միասին կրեն ժողովրդի բեռը, և դու միայնակ չկրես դա։ 18Եվ ժողովրդին ասա՛. “Մաքրե՛ք ձեր անձերը վաղվա համար, որ միս ուտեք, որովհետև Տիրոջը լսելի կերպով լաց եղաք և ասացիք. "Ո՞վ մեզ միս կտա ուտելու։ Եգիպտոսում լավ էր մեզ համար"։ Տերը ձեզ միս կտա, և դուք կուտեք։ 19Կուտեք ոչ թե մեկ օր, երկու օր, հինգ օր, տասը կամ քսան օր, 20այլ մի ամբողջ ամիս, մինչև որ ձեր քթից դուրս գա, և դուք զզվանք զգաք. որովհետև դուք արհամարհեցիք Տիրոջը, որ միշտ ձեր մեջ է, և լաց եղաք նրա առաջ՝ ասելով. "Ինչո՞ւ մենք դուրս եկանք Եգիպտոսից"”»։
21Մովսեսն ասաց. «Այս ժողովուրդը, որոնց մեջ եմ ես, վեց հարյուր հազար հետևակներ են, և դու ասում ես, թե՝ “Ես միս կտամ նրանց, որ ուտեն մի ամբողջ ամիս”։ 22Մի՞թե բոլոր ոչխարներն ու արջառները պիտի մորթվեն, որ բավականացնի նրանց, կամ ծովի բոլոր ձկները մեկտե՞ղ պիտի հավաքվեն, որ բավարար լինի նրանց համար»։ 23Տերն ասաց Մովսեսին. «Մի՞թե կարճ է Տիրոջ ձեռքը. հիմա կտեսնես, թե ասածիս պե՞ս կլինի քեզ, թե՞ ոչ»։ 24Մովսեսը վեր կացավ և Տիրոջ խոսքերը հաղորդեց ժողովրդին։ Նա ժողովրդի ծերերի միջից հավաքեց յոթանասուն հոգի և նրանց կանգնեցրեց վրանի շուրջը։ 25Տերն իջավ մի ամպով և խոսեց Մովսեսի հետ, առավ նրա վրա եղած Հոգուց և այն դրեց յոթանասուն ծերերի վրա։ Հենց որ Հոգին իջավ նրանց վրա, նրանք մարգարեացան, բայց չշարունակեցին։ 26Բանակատեղիում մնացել էին երկու հոգի, որոնցից մեկի անունը Ելդադ էր, իսկ մյուսի անունը՝ Մոդադ։ Հոգին հանգչեց նաև նրանց վրա։ Նրանք ևս այդ գրանցվածներից էին, սակայն վրան չէին եկել և մարգարեություն էին անում բանակատեղիում։ 27Մի պատանի վազեց, պատմեց Մովսեսին և ասաց. «Ելդադն ու Մոդադը մարգարեություն են անում բանակատեղիում»։ 28Նավեի որդի Հեսուն՝ Մովսեսի ընտրյալ ծառան, պատասխանեց և ասաց. «Տե՛ր իմ Մովսես, արգելի՛ր նրանց»։ 29Մովսեսն ասաց նրան. «Ի՞նձ համար ես նախանձում. երանի թե Տիրոջ ամբողջ ժողովուրդը մարգարեներ լինեին, և Տերը նրանց վրա դներ իր Հոգին»։ 30Մովսեսը և նրա հետ Իսրայելի ծերերը վերադարձան բանակատեղի։
Տերը լորամարգիներ է ուղարկում
31Տիրոջ կողմից հողմ բարձրացավ և ծովի կողմից լորամարգիներ բերեց տարածեց բանակատեղիի շուրջը՝ մեկ օրվա ճանապարհի երկարությամբ մի կողմից, մեկ օրվա ճանապարհի երկարությամբ մյուս կողմից և երկու կանգունի չափ բարձր գետնի մակերեսից։ 32Ժողովուրդը վեր կացավ և այդ ամբողջ օրն ու ամբողջ գիշերը, ինչպես նաև հետևյալ ամբողջ օրը լորամարգիներ հավաքեց։ Ամենաքիչ հավաքողը տասը քոռ հավաքեց, և իրենց համար փռեցին բանակատեղիի շուրջը, որպեսզի չորանան։ 33Դեռ միսն իրենց ատամների տակ էր, ու դեռ չէին ծամել, որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, և Տերը շատ մեծ հարվածով զարկեց ժողովրդին։ 34Այդ վայրը կոչվեց Կիբրոթ-Հաթթավա,#11.34 Եբր. ցանկության գերեզմաններ։ որովհետև այնտեղ թաղեցին ցանկացող ժողովրդին։ 35Կիբրոթ-Հաթթավայից ժողովուրդը մեկնեց Ասերոթ և կանգ առավ Ասերոթի մեջ։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 11: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում