ԹՎԵՐ 10

10
Արծաթե փողերը
1Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Արծաթից երկու փո՛ղ շինիր քեզ համար. կռածո կշինես դրանք՝ ժողովրդին կանչելու և բանակներին երթի հանելու համար։ 3Երբ երկուսն էլ հնչեցնեն, ամբողջ ժողովուրդը կհավաքվի քեզ մոտ՝ ժողովի վրանի մուտքի մոտ։ 4Եթե մեկը հնչեցնեն, քեզ մոտ կհավաքվեն իշխանները՝ Իսրայելի հազարապետները։ 5Երբ ազդարարության համար հնչեցնեք, թող մեկնեն արևելյան կողմում բանակած գնդերը։ 6Երբ երկրորդ անգամ ազդարարության փող հնչեցնեք, թող մեկնեն հարավային կողմում բանակատեղի դրած գնդերը։ Ազդարարության փող թող հնչեցնեն նրանց մեկնելու համար։ 7Կհնչեցնեք նաև ժողովրդին հավաքելու համար, բայց ազդարարության նման չանեք։ 8Փողերը պետք է հնչեցնեն Ահարոնի որդիները՝ քահանաները։ Սա ձեր սերունդների մեջ հավիտենական կանոն թող լինի ձեզ համար։ 9Եթե ձեր երկրում պատերազմի գնաք ձեզ նեղություն տվող թշնամու դեմ, ազդարարության փող կհնչեցնեք, և դուք կհիշվեք ձեր Տեր Աստծու առաջ և կազատվեք ձեր թշնամիներից։ 10Ձեր ուրախության օրերին, ձեր տոների ժամանակ և ամսվա առաջին օրերին փողեր կհնչեցնեք ձեր ողջակեզներն ու ձեր խաղաղության համար զոհերը մատուցելիս, որպեսզի դրանք ձեզ համար հիշատակ լինեն ձեր Աստծու առաջ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։
Իսրայելացիները լքում են բանակատեղին
11Երկրորդ տարվա երկրորդ ամսի քսանին ամպը վերացավ վկայության վրանի վրայից։ 12Եվ Իսրայելի որդիները, իրենց երթի կարգի համաձայն, մեկնեցին Սինայի անապատից։ Ամպը կանգ առավ Փառանի անապատում։ 13Առաջին անգամ նրանք մեկնեցին համաձայն այն հրամանի, որ Տերը տվել էր Մովսեսի միջոցով։ 14Նախ մեկնեցին Հուդայի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց գնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամինադաբի որդի Նաասոնը։ 15Իսաքարի ցեղի զորագնդի առաջնորդն էր Սոգարի որդի Նաթանայելը։ 16Զաբուղոնի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Քեղոնի որդի Եղիաբը։ 17Խորանն իջեցրին և մեկնեցին խորանը կրող Գերսոնի որդիներն ու Մերարիի որդիները։ 18Ապա մեկնեցին Ռուբենի ցեղի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց զորագնդով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Սեդիուրի որդի Եղիսուրը։ 19Շմավոնի ցեղի զորագնդի առաջնորդն էր Սուրիսադայի որդի Սաղամիելը։ 20Գադի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Դագուելի որդի Եղիասափը։ 21Ապա մեկնեցին Կահաթի որդիները, որոնք տանում էին սրբարանը. մինչև նրանց գալը կանգնեցնում էին վրանը։ 22Եվ շարժվեցին Եփրեմի ցեղի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց զորագնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամիուդի որդի Եղիսաման։ 23Մանասեի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Փադասուրի որդի Գամաղիելը։ 24Բենիամինի ցեղի զորագնդի առաջնորդն էր Գեդեոնիի որդի Աբիդանը։ 25Բոլոր բանակներից հետո մեկնեց Դանի որդիների բանակն իր դրոշակով և իր զորագնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամիսադայի որդի Աքիեզերը։ 26Ասերի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Եքրանի որդի Փագիելը։ 27Նեփթաղիմի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Ենանի որդի Աքիրեն։ 28Այս էր Իսրայելի որդիների մեկնելն իրենց զորագնդերով. և նրանք մեկնեցին։
29Մովսեսն ասաց Հոբաբին, այսինքն՝ մադիանացի Ռագուելի որդուն, որը Մովսեսի աներն էր. «Մենք շարժվում ենք դեպի այն տեղը, որի մասին Տերն ասում էր, թե՝ “Ձեզ եմ տալու այն”։ Ե՛կ մեզ հետ, և մենք բարիք կանենք քեզ, որովհետև Տերը խոստացել է բարիք անել Իսրայելին»։ 30Նա պատասխանեց նրան. «Չեմ գա, այլ կգնամ իմ երկիրը և իմ ազգականների մոտ»։ 31Մովսեսն ասաց. «Խնդրեմ, մեզ մի՛ թող, որովհետև գիտես անապատի մեջ մեր բանակելու տեղերը և ուղեցույց կլինես մեզ համար։ 32Եթե մեզ հետ գաս, ինչ բարիք որ Տերն անի մեզ, մենք էլ քե՛զ նույն բարիքը կանենք»։
Ժողովուրդը մեկնում է
33Նրանք, Տիրոջ լեռից մեկնելով, երեք օրվա ճանապարհ գնացին։ Տիրոջ ուխտի տապանակը, նրանց առջևից գնալով, երեք օրվա ճանապարհ անցավ, որպեսզի նրանց համար հանգստանալու տեղ գտնի։ 34Տիրոջ ամպը նրանց վրա էր լինում ցերեկները, երբ բանակատեղիից մեկնում էին։
35Տապանակը ճանապարհ ընկնելիս Մովսեսն ասում էր. «Վե՛ր կաց, Տե՛ր, որ ցրվեն քո թշնամիները, և քո առջևից փախուստի դիմեն քեզ ատողները»։ 36Իսկ երբ տապանակը տեղում մնում էր, նա ասում էր. «Դարձի՛ր, Տե՛ր, դեպի Իսրայելի բյուր բյուրավորները»։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 10: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում