ՂԵՎՏԱԿԱՆ 27

27
Օրենքներ՝ Աստծուն տրվելիք նվերների համար
1Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մեկը բացահայտ ուխտ անի Տիրոջը մարդ տալ, այդ մարդը Տիրոջը պետք է լինի ըստ քո գնահատության#27.2 Երբ մեկը ուխտ անելու լինի, իր անձը Տիրոջը լինի ըստ քո գնահատության։։ 3Քո գնահատելն այսպիսին թող լինի. եթե դա տղամարդ է՝ քսան տարեկանից մինչև վաթսուն տարեկան, քո գնահատությունը թող լինի հիսուն սիկղ արծաթ՝ ըստ սրբարանի սիկղի։ 4Եթե դա կին է, քո գնահատությունը թող լինի երեսուն սիկղ։ 5Եթե հինգ տարեկանից մինչև քսան տարեկան է, այն ժամանակ քո գնահատությունը տղայի համար թող լինի քսան սիկղ, իսկ աղջկա համար՝ տասը սիկղ։ 6Եթե մեկ ամսականից մինչև հինգ տարեկան լինի, այն ժամանակ քո գնահատությունը տղայի համար թող լինի հինգ սիկղ արծաթ, իսկ աղջկա համար՝ երեք սիկղ արծաթ։ 7Եթե վաթսուն տարեկանից բարձր լինի, քո գնահատությունը տղամարդու համար տասնհինգ սիկղ, իսկ կնոջ համար տասը սիկղ լինի։ 8Իսկ եթե նա աղքատ է և գնահատվածը չի կարող հատուցել, նրան կանգնեցնեն քահանայի առաջ, և քահանան գին նշանակի նրան։ Քահանան գին կնշանակի ուխտ անողի ունեցվածքի համաձայն։
9Եթե Տիրոջը մատուցելու զոհը անասուններից է, ինչ որ տրվի դրանից Տիրոջը, սուրբ կլինի։ 10Այն չպիտի փոխվի. լավը վատի տեղ կամ վատը լավի տեղ չպիտի փոխվի։ Եթե մի անասունը փոխարինի մեկ ուրիշով, ապա այդ ընծայվածը և դրա փոխարեն բերվածը սուրբ կլինեն։ 11Եթե դա որևէ անմաքուր անասուն է, որը չի կարելի Տիրոջը զոհ մատուցել, այն ժամանակ այդ անասունը թող կանգնեցվի քահանայի առաջ։ 12Քահանան գին կնշանակի դրան՝ ըստ դրա լավ կամ վատ լինելու։ Քահանան ինչպես որ գնահատի, այդպես թող լինի։ 13Իսկ եթե ուխտ անողը ուզենա փրկագնել այն, ապա գնահատության վրա պետք է ավելացնի նշանակված գնի մեկ հինգերորդ մասը։ 14Եթե մի մարդ իր տունը նվիրի Տիրոջը որպես սրբություն, ապա քահանան թող գին սահմանի՝ ըստ դրա լավ կամ վատ լինելու։ Քահանան ինչպես որ գնահատի, այդպես էլ թող լինի։ 15Եթե նվիրաբերողն ուզենա փրկագնել իր տունը, ապա նշանակված գնի վրա թող ավելացնի մեկ հինգերորդ մասը, և տունն իրենը կլինի։
16Եթե մի մարդ իր կալվածքից մի արտ նվիրաբերի Տիրոջը, ապա այն թող գնահատվի ըստ դրա վրա ցանված սերմի. մեկ քոռ գարու սերմի դիմաց՝ հիսուն սիկղ արծաթ։ 17Եթե իր արտը նվիրաբերի հոբելյան տարվա սկզբին, դա թող լինի ըստ քո գնահատության։ 18Իսկ եթե նա իր արտը նվիրաբերի հոբելյանից հետո, ապա քահանան թող հաշվի մինչև հոբելյանական տարին ընկած տարիների համար վճարելիք փողը և այն հանի իր նշանակած գնից։ 19Իսկ եթե արտը նվիրաբերողն ուզենա այն փրկագնել, այն ժամանակ նշանակված գնի վրա թող ավելացնի դրա մեկ հինգերորդ մասը, և այդ արտը կմնա իրենը։ 20Իսկ եթե նա ետ չգնի արտը կամ այն վաճառած լինի մեկ ուրիշին, ապա նա այլևս այն փրկագնել չի կարող։ 21Այլ արտը հոբելյանական տարում ազատվելիս նվիրված արտի պես պետք է լինի՝ որպես սրբություն Տիրոջը. նրա կալվածքը քահանայինը պիտի լինի։
22Եթե մեկը Տիրոջը նվիրաբերի իր ծախու առած արտը, որ իր կալվածքի արտը չէ, 23այն ժամանակ քահանան դրա գինը թող նշանակի ըստ քո գնահատության մինչև հոբելյան տարին, և այդ մարդը նույն օրը թող վճարի քո սահմանած գնի համաձայն։ Դա Տիրոջն ընծայաբերված սրբություն է։ 24Հոբելյան տարում արտը ետ պիտի տրվի նրան, ով այն վաճառել էր, և որի կալվածքն էր այն։ 25Քո բոլոր գները պիտի սահմանվեն ըստ սրբարանի սիկղի. մեկ սիկղը քսան կերատ լինի։
26Ոչ ոք չի կարող ընծայաբերել իր անասունների առաջնածինը, որը առաջնածին լինելու պատճառով իսկ պատկանում է Տիրոջը։ Դա արջառ լինի, թե ոչխար, պատկանում է Տիրոջը։ 27Եթե դա անմաքուր անասուններից է, թող չփրկագնվի ըստ քո նշանակած գնի՝ դրա վրա ավելացնելով մեկ հինգերորդը։ Իսկ եթե ետ չգնվի, ապա թող վաճառվի ըստ քո գնահատած գնի։
28Բայց եթե մեկը իր ամբողջ ունեցածից որևէ բան է նվիրաբերել Տիրոջը, լինի դա իր մարդկանցից, իր անասուններից կամ իր կալվածքի արտից, չի կարող այն վաճառել կամ ետ գնել։ Ամեն նվիրաբերում ամենասուրբ է Տիրոջ համար։ 29Մարդկանց միջից որպես ուխտ նվիրաբերված որևէ անձ չպետք է ետ գնվի. անպատճառ պիտի մեռցվի։
30Երկրի ամբողջ տասանորդը՝ հողի բերքից, ծառերի պտուղներից, Տիրոջն է պատկանում։ Դա սուրբ է Տիրոջ համար։ 31Եթե մի մարդ ուզենա ետ գնել իր տասանորդից ինչ-որ բան, նա դրա վրա պետք է ավելացնի դրա արժեքի մեկ հինգերորդը։ 32Արջառների և ոչխարների ամեն տասներորդը՝ հովվի հաշվածանասունների յուրաքանչյուր տասանորդը, սուրբ պիտի լինի Տիրոջը։ 33Լավի և վատի միջև տարբերություն չպիտի դրվի, և այն չպիտի փոխարինվի. իսկ եթե փոխարինվի, այն ժամանակ թե՛ նա և թե՛ փոխարինվողը սուրբ պիտի համարվեն և չպիտի փրկագնվեն”»։
34Սրանք են այն պատվիրանները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով տվեց Իսրայելի որդիներին։

Արդեն Ընտրված.

ՂԵՎՏԱԿԱՆ 27: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք