ՂԵՎՏԱԿԱՆ 26
26
Հնազանդության օրհնությունները
(Բ Օր. 7.12-24, 28.1-14)
1«Ձեզ համար չաստվածներ և կուռքեր չկերտեք, ձեզ համար արձաններ չկանգնեցնեք և պատկերավոր կոթող չդնեք ձեր երկրում՝ դրան երկրպագություն անելու համար. որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ 2Իմ շաբաթները պիտի պահեք և իմ սրբարանը հարգեք. ես եմ Տերը։
3Եթե հետևեք իմ կանոններին և իմ պատվիրանները պահեք ու գործադրեք դրանք, 4ես էլ ձեզ անձրև կուղարկեմ իր ժամանակին, հողն իր բերքը կտա, և դաշտի ծառերը կտան իրենց պտուղները։ 5Ձեր կալը կհասնի մինչև այգեկութը, իսկ այգեկութը մինչև ցանքսի ժամանակը կհասնի։ Ձեր հացը կուշտ կուտեք և ապահով կապրեք ձեր երկրում։ 6Ես խաղաղություն կտամ երկրին, և դուք հանգիստ կպառկեք, և ձեզ վախեցնող չի լինի։ Ես կվերացնեմ երկրից չար գազաններին, և ձեր երկրից սուր չի անցնի բնավ։ 7Ձեր թշնամիներին կհալածեք, և նրանք սրով կընկնեն ձեր առաջ։ 8Ձեր հինգ հոգին կհալածեն հարյուրին, իսկ ձեր հարյուրը բյուրին պիտի հալածի. ձեր թշնամիները սրով կընկնեն ձեր առաջ։ 9Ձեզ բարի աչքով կնայեմ, ձեզ կաճեցնեմ ու կբազմացնեմ և իմ ուխտը կհաստատեմ ձեզ հետ։ 10Հին պաշարը կուտեք և հինը դուրս կհանեք՝ եկող նորին տեղ բացելու համար։ 11Ես իմ բնակությունը կհաստատեմ ձեր մեջ, և իմ հոգին չի զզվի ձեզանից։ 12Ես միշտ ներկա կլինեմ, ձեզ համար Աստված կլինեմ, և դուք կլինեք իմ ժողովուրդը։ 13Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի ստրուկ չլինեք նրանց։ Փշրեցի ձեր լծի կապանքները և ձեզ բարձրագլուխ ման ածեցի։
Անհնազանդության պատիժը
(Բ Օր. 28.15-68)
14Բայց եթե չլսեք ինձ և չկատարեք այս բոլոր պատվիրանները, 15անարգեք իմ կանոնները, ձեր հոգին զզվի իմ հրամաններից, որ չգործադրեք իմ պատվիրաններն ու դրժեք իմ ուխտը, 16ես էլ այս կանեմ ձեզ. ձեզ վրա կուղարկեմ տագնապ, հյուծախտ և տենդ, որոնք աչք են փչացնում և հոգի մաշեցնում. զուր տեղը կսերմանեք ձեր սերմերը, որովհետև ձեր թշնամիները կուտեն դրանք։ 17Իմ երեսը կդարձնեմ ձեր դեմ, և կսպանվեք ձեր թշնամիների առաջ. ձեզ ատողները կիշխեն ձեզ վրա, և կփախչեք առանց մեկը ձեզ հալածելու։ 18Եթե այսքանից հետո էլ ինձ չլսեք, այն ժամանակ ձեր մեղքերի համար յոթնապատիկ կպատժեմ ձեզ։ 19Ես կկոտրեմ ձեր զորության հպարտությունը, ձեր երկինքը կդարձնեմ երկաթի նման, իսկ ձեր երկիրը՝ պղնձի։ 20Ձեր ուժը զուր տեղը կսպառվի, ձեր հողն իր արդյունքը չի տա, ոչ էլ երկրի ծառերը՝ իրենց պտուղը։
21Եթե դուք ինձ հետ խոտոր վարվեք և չուզենաք լսել ինձ, այն ժամանակ ձեր մեղքերի համեմատ յոթնապատիկ կհարվածեմ ձեզ։ 22Ձեզ վրա կուղարկեմ դաշտի գազաններին, և ձեզ անզավակ կանեն, կհոշոտեն ձեր անասունները, կպակասեցնեն ձեր թիվը, և ձեր ճանապարհներն ամայի կդառնան։ 23Իսկ եթե սրանցով էլ չխրատվեք ինձանից և խոտոր վարվեք ինձ հետ, 24այն ժամանակ ես էլ խոտոր կվարվեմ ձեզ հետ և ձեր մեղքերի համեմատ յոթնապատիկ կպատժեմ ձեզ։ 25Ես ձեզ վրա կուղարկեմ իմ ուխտի վրեժն առնող սուրը. և երբ հավաքվեք ձեր քաղաքներում, ես ժանտախտ կուղարկեմ ձեր մեջ, և թշնամու ձեռքը կմատնվեք։ 26Երբ ես ձեր հացի ճամփան փակեմ, տասը կին մեկ թոնրի մեջ կեփեն ձեր հացը, և ձեր հացը հաշված կշռով ետ կտրվի ձեզ. կուտեք և չեք կշտանա։
27Եթե դրանից հետո էլ ինձ չլսեք ու խոտոր վարվեք ինձ հետ, 28այն ժամանակ ես էլ բարկությամբ խոտոր կվարվեմ ձեզ հետ և ձեր մեղքերի համեմատ յոթնապատիկ կպատժեմ ձեզ։ 29Դուք կուտեք ձեր որդիների ու ձեր աղջիկների միսը։ 30Կքանդեմ ձեր Բարձր տեղերը, կփչացնեմ ձեր արեգական կուռքերը, ձեր դիակները կդնեմ ձեր կուռքերի դիակների վրա, և իմ անձը պիտի զզվի ձեզնից։ 31Ձեր քաղաքները ավերակ, ձեր սրբավայրերն ամայի կդարձնեմ և ձեր զոհաբերությունների անուշ հոտը չեմ հոտոտի։ 32Կամայացնեմ երկիրը, և այնտեղ բնակվող ձեր թշնամիները կզարմանան դրա վրա։ 33Ձեզ ցիրուցան կանեմ ազգերի մեջ և սուր կքաշեմ ձեր հետևից. ձեր երկիրն ամայի կդառնա, իսկ ձեր քաղաքներն ավերակ կդառնան։ 34Այն ժամանակ երկիրն իր ամայության բոլոր օրերին կվայելի իր շաբաթները, երբ դուք կլինեք ձեր թշնամիների երկրում։ Երկիրն այն ժամանակ կհանգստանա և կամբողջացնի իր հանգստի տարիները։ 35Իր ամայության բոլոր օրերին կհանգստանա, որովհետև չէր հանգստացել այն շաբաթներին, երբ դուք բնակվում էիք այնտեղ։ 36Վախ պիտի գցեմ ձեր միջից այն մարդկանց սրտում, որոնք վերապրելու են իրենց թշնամիների երկրներում։ Քամուց շարժվող տերևի ձայնը պիտի հալածի նրանց։ Նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպես փախչում են սրի առջևից, և պիտի ընկնեն առանց հալածող լինելու։ 37Սրից փախուստ տվողների պես նրանք իրար վրա պիտի ընկնեն՝ հալածող չեղած, և չպիտի կարողանաք կանգնել ձեր թշնամիների առաջ։ 38Պիտի կորչեք ազգերի մեջ, և ձեր թշնամիների երկիրը պիտի ուտի ձեզ։ 39Ձեզնից վերապրածները իրենց անօրենությունների պատճառով պիտի հալվեն ձեր թշնամիների երկրներում. պիտի հալվեն նաև իրենց հայրերի գործած անօրենությունների պատճառով։
40Եթե խոստովանեն իրենց հանցանքներն ու իրենց հայրերի հանցանքները իմ հանդեպ ունեցած իրենց անհավատարմության համար, նաև որ հակառակ են ընթացել ինձ, 41որի պատճառով ես էլ հակառակ վարվեցի իրենց հետ ու իրենց տարա իրենց թշնամիների երկիրը, և եթե այն ժամանակ նրանց անթլփատ սիրտը խոնարհվի, և նրանք հոժար լինեն կրելու իրենց հանցանքների պատիժը, 42այն ժամանակ կհիշեմ Հակոբի, Իսահակի և Աբրահամի հետ արած իմ ուխտը, կհիշեմ նաև այդ երկիրը։
43Այդ երկիրը լքված պիտի մնա նրանց կողմից և պիտի ամբողջացնի իր հանգստի տարիները նրանցից ամայի մնացած ժամանակ։ Նրանք հոժար պիտի լինեն կրելու իրենց հանցանքների պատիժը հենց նրա համար, որ անարգեցին իմ հրամանները, և նրանք ատեցին իմ կանոնները։ 44Սակայն երբ նրանք իրենց թշնամիների երկրում լինեն, ես այնուամենայնիվ չեմ մերժի նրանց, չեմ զզվի նրանցից՝ ամբողջապես նրանց կորստյան մատնելու և նրանց հետ իմ արած ուխտը ջնջելու աստիճան. որովհետև ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։ 45Ես կհիշեմ նրանց հետ կապած իմ նախկին ուխտը, որով նրանց հանեցի Եգիպտոսի երկրից՝ ազգերի առաջ նրանց Աստվածը լինելու համար. ես եմ Տերը»։
46Սրանք են այն կանոնները, հրամաններն ու օրենքները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաստատեց իր և Իսրայելի որդիների միջև։
Արդեն Ընտրված.
ՂԵՎՏԱԿԱՆ 26: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018