ՂԵՎՏԱԿԱՆ 25
25
Յոթերորդ տարին
(Բ Օր. 15.1-11)
1Տերը Սինա լեռան վրա խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, որ ես պիտի տամ ձեզ, թող այդ երկիրը հանգստյան շաբաթ պահի Տիրոջ համար։ 3Վեց տարի կվարես քո արտը, վեց տարի կէտես քո այգին և կհավաքես դրա արդյունքը։ 4Բայց յոթերորդ տարին հանգստյան շաբաթ լինի երկրի համար, այսինքն՝ Տիրոջ համար շաբաթ։ Քո արտը չպիտի վարես, քո այգին չպիտի էտես, 5քո հնձի արտի մեջ ինքնիրեն աճած բերքը չպիտի հնձես, քո չէտած այգու խաղողները չպիտի քաղես. հանգստյան տարի լինի այդ հողի համար։ 6Հանգստյան շաբաթվա՝ հողի արտադրած բերքը կերակուր լինի ձեզ համար՝ քեզ համար, քո ծառայի, քո աղախնի, քո վարձկանի, քեզ մոտ բնակվող օտարականի համար, 7քո անասունների և քո երկրում գտնվող կենդանիների համար կերակուր լինի դրա ամբողջ արդյունքը”։
Հոբելյանական տարի
8Քեզ համար կհաշվես տարիների յոթ շաբաթ, այսինքն՝ յոթ անգամ յոթ տարի, և տարիների այդ յոթ շաբաթների ժամանակը քառասունինը տարի պիտի լինի քեզ համար։ 9Յոթերորդ ամսի տասներորդ օրը փող կհնչեցնես. քավության օրը ձեր ամբողջ երկրում փող կհնչեցնեք։ 10Կսրբագործեք հիսուներորդ տարին և երկրում ազատություն կհայտարարեք նրա բոլոր բնակիչների համար։ Դա հոբելյան կլինի ձեզ համար. ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր կալվածքը, ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր ազգատոհմին։ 11Այս հիսուներորդ տարին հոբելյանական տարի կլինի ձեզ համար։ Ո՛չ ցանեք, ո՛չ էլ ինքնիրեն աճած բերքը հնձեք և չէտած այգու խաղողը չհավաքեք, 12որովհետև հոբելյան է։ Այն սուրբ պիտի լինի ձեզ համար։ Կուտեք ձեր արտերի բերքը։ 13Այդ հոբելյանական տարում ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր կալվածքը։
14Եթե քո մերձավորին որևէ բան վաճառես կամ քո հարևանից որևէ բան գնես, իրար անիրավություն չանեք։ 15Հոբելյանից հետո եղած տարիների հաշվով պիտի գնես քո մերձավորից. նա էլ բերքի տարիների հաշվով պիտի վաճառի քեզ։ 16Տարիների շատության համեմատ պիտի ավելացնես նրա գինը և տարիների քչության համեմատ պիտի պակասեցնես նրա գինը, որովհետև նա արդյունքի քանակով է վաճառում քեզ։ 17Անիրավություն չանեք միմյանց։ Վախեցի՛ր քո Աստծուց, որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Յոթերորդ տարվա հարցը
18Կկատարեք իմ կանոնները, կպահեք իմ օրենքները, կգործադրեք դրանք և ապահով կբնակվեք այդ երկրում։ 19Երկիրը կտա իր արդյունքը, կուտեք կշտանալու աստիճան և ապահով կբնակվեք այնտեղ։ 20Եթե ասեք, թե՝ “Ի՞նչ պիտի ուտենք յոթերորդ տարում, քանի որ չենք ցանելու և մեր բերքը չենք հավաքելու”, 21ապա ես վեցերորդ տարում կտամ ձեզ իմ օրհնությունը, և հողը երեք տարվա արդյունք կտա։ 22Ութերորդ տարում կցանեք և հին բերքից կուտեք մինչև իններորդ տարին։ Մինչև նոր բերքի հասնելը կուտեք հինը։
Կալվածքների փրկագնում
23Հողը չպետք է վաճառվի հավիտենապես, որովհետև երկիրը իմն է, իսկ դուք ինձ մոտ պանդուխտներ եք և հյուրեր։ 24Ձեր կալվածքը եղող ամբողջ երկրում հողի համար փրկագին պիտի տաք։ 25Եթե քո եղբայրն աղքատանա և վաճառի իր կալվածքի մի մասը, ապա նրա մոտիկ ազգականը թող գա նրա մոտ և փրկագնի իր եղբոր վաճառածը։ 26Եթե մի մարդ փրկագնող չունենա, և հետո երբ ինքը հարստանա և կարողանա այն փրկագնել, 27ապա թող հաշվի վաճառքից հետո անցած տարիները, ավելորդը ետ տա այն մարդուն, որին վաճառել էր, և այն դարձյալ իր ստացվածքը կլինի։ 28Բայց եթե նա ի վիճակի չլինի փոխարժեքը տալու, ապա իր վաճառածը կմնա գնողի ձեռքում մինչև հոբելյան տարին։ Հոբելյան տարում նա կվերադառնա իր կալվածքը, իսկ գնողը դուրս կգա այնտեղից։
29Եթե մեկը պարսպապատ քաղաքում գտնվող բնակելի մի տուն վաճառի, ապա նա կարող է այն հետ գնել վաճառքի օրվանից սկսած մինչև մեկ տարվա ընթացքում։ Դրա փրկագնումը պետք է լինի մեկ տարվա ընթացքում։ 30Իսկ եթե դա չփրկագնվի մինչև ամբողջ տարվա լրանալը, այն ժամանակ պարսպապատ քաղաքում գտնվող տունը մշտապես կմնա այն ծախու առնողին և նրա սերունդներին։ Այն ետ չի վերադարձվի հոբելյան տարում էլ։ 31Բայց պարսպապատ չեղող գյուղաքաղաքների տները պիտի համարվեն երկրի արտերի պես։ Դրանք կարող են փրկագնվել և հոբելյան տարում պետք է վերադարձվեն։ 32Իսկ ղևտացիների քաղաքներում գտնվող տները, որոնք նրանց կալվածքներն են այդ քաղաքներում, միշտ կարող են փրկագնվել ղևտացիների կողմից։ 33Եթե մեկը ղևտացիներից ծախու առնելու լինի, հոբելյան տարում նա դուրս պիտի գա այդ տնից և իր կալվածքը եղող քաղաքից, որովհետև ղևտացիների քաղաքների տները իրենց կալվածքներն են։
34Բայց նրանց քաղաքների շուրջը գտնվող ագարակները չպիտի վաճառվեն, որովհետև դրանք նրանց հավիտենական կալվածքներն են։
Փոխատվություն աղքատներին
35Եթե քո եղբայրը աղքատանա, և նրա ձեռքը քեզ մոտ թուլանա, նրան պիտի օգնես իբրև օտարականի և պանդուխտի, որպեսզի քեզ մոտ ապրի։ 36Վաշխ ու տոկոս չպիտի վերցնես նրանից, այլ պիտի վախենաս քո Աստծուց, որ եղբայրդ քեզ մոտ ապրի։ 37Փողդ վաշխով չպիտի տաս նրան, կերակուրդ տոկոսով չտաս նրան։ 38Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի Քանանի երկիրը տամ ձեզ և լինեմ ձեր Աստվածը։
Գերիների ազատագրում
39Եթե եղբայրդ քեզ մոտ աղքատանա և իրեն վաճառի քեզ, նրան չպիտի ծառայեցնես ստրուկի ծառայությամբ։ 40Նա վարձկանի կամ պանդուխտի պես կլինի քեզ մոտ և քեզ կծառայի մինչև հոբելյան տարին։
41 Այնուհետև թող դուրս գա քո մոտից իր որդիների հետ և վերադառնա իր ազգատոհմի մոտ և իր հայրերի կալվածքը վերադառնա. 42որովհետև նրանք իմ ծառաներն են, որոնց ես հանեցի Եգիպտոսի երկրից։ Նրանք ստրուկների պես չվաճառվեն։ 43Խստությամբ չիշխես նրա վրա, այլ վախենաս քո Աստծուց։ 44Քո ծառան և քո աղախինը, որ պիտի ունենաս, ձեր շուրջը եղող ազգերից լինեն. ծառա և աղախին նրանցի՛ց գնեք։ 45Նաև կարող եք գնել ձեզ մոտ բնակվող օտարականների զավակներից և ձեզ մոտ եղող նրանց ընտանիքներից, որոնք ծնվել են ձեր երկրում։ Դրանք ձեր սեփականությունը կլինեն։ 46Ձեզանից հետո նրանց որպես ժառանգություն կթողնեք ձեր որդիներին և մշտապես կգործածեք իբրև ձեր ծառաները։ Իսկ ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների մասին՝ խստությամբ չպիտի իշխեք միմյանց վրա։
47Եթե քեզ մոտ եղող օտարականը կամ պանդուխտը հարստանա, իսկ նրա մոտ եկող քո եղբայրն աղքատանա և իրեն վաճառի քեզ մոտ պանդխտացած օտարականին կամ այդ օտարականի ընտանիքից որևէ ազգականի, 48ապա վաճառվելուց հետո նա կարող է փրկագնվել։ Նրա եղբայրներից մեկնումեկը կարող է փրկագնել նրան։ 49Նրա հորեղբայրը, հորեղբոր որդին կամ իր ազգատոհմից նրա մոտիկ ազգականներից մեկը թող փրկագնի նրան. կամ եթե ինքը ի վիճակի լինի, փրկավճարով թող գնի ինքն իրեն։ 50Նա իր վաճառվելու տարվանից մինչև հոբելյան տարին թող հաշվի իրեն գնած մարդու հետ. փրկագինը թող հաշվվի ըստ տարիների քանակի. նրա ժամանակը վարձկանի ժամանակի պես հաշվվի։ 51Եթե դեռ շատ տարի կա, իր փրկագինը թող հատուցի այդ տարիներին իր անձի վաճառքի գնի համեմատ։ 52Իսկ եթե քիչ տարի է մնացել մինչև հոբելյան տարին, թող հաշվի նրա հետ և իր փրկագինը տա իր տարիների համեմատ։ 53Նա տարեկան վարձկանի պես պիտի համարվի նրա մոտ. խստությամբ չպիտի վարվի նրա հետ քո առաջ։ 54Իսկ եթե այս միջոցներով չփրկագնվի, ապա հոբելյան տարում նա ազատ պետք է արձակվի. ինքը և իր որդիներն իր հետ, 55որովհետև Իսրայելի որդիներն իմ ծառաներն են. Եգիպտոսի երկրից իմ հանած ծառաներն են նրանք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։
Արդեն Ընտրված.
ՂԵՎՏԱԿԱՆ 25: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018