ՂԵՎՏԱԿԱՆ 19

19
Սրբության և արդարության օրենքներ
1Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդի հետ և ասա՛ նրանց. “Սո՛ւրբ եղեք, քանզի սուրբ եմ ես՝ ձեր Տեր Աստվածը։
3Ձեզանից ամեն մեկը պիտի ակնածի իր մորից ու իր հորից. և պահե՛ք իմ շաբաթ օրերը. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
4Մի՛ դարձեք դեպի կուռքերը և ձեզ համար ձուլածո աստվածներ մի՛ շինեք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
5Եթե խաղաղության զոհ մատուցեք Տիրոջը, այնպե՛ս մատուցեք, որ ձեր զոհն ընդունելի լինի։ 6Զոհը պետք է ուտվի ձեր զոհ մատուցած օրը կամ հետևյալ օրը. իսկ երրորդ օրվա մնացածը կրակով պետք է այրվի։ 7Եթե դրանից երրորդ օրն ուտվի, այն պիղծ կլինի և ընդունելի չի լինի։ 8Ով ուտի դրանից, իր անօրենության պատիժը պիտի կրի, որովհետև Տիրոջը նվիրված սրբությունը պղծեց։ Այդ անձը պիտի վերանա իր ժողովրդի միջից։
9Ձեր երկրում հունձ անելիս քո արտի մինչև եզերքը չհնձես և քո հնձից ընկած հասկերը չհավաքես։ 10Քո այգում ճռաքաղ չանես, այսինքն՝ քո այգու մեջ մնացած ողկույզները չքաղես. դրանք կթողնես աղքատին և օտարականին. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
11Գողություն մի՛ արեք, սուտ մի՛ խոսեք, իրար մի՛ խաբեք։ 12Իմ անունով զուր տեղը երդում մի՛ արեք և ձեր Աստծու անունը մի՛ պղծեք. ես եմ Տերը։ 13Քո հարևանին մի՛ զրկիր և հափշտակություն մի՛ արա։ Քեզ համար վարձով աշխատողի օրական վարձը գիշերվանից մինչև հաջորդ առավոտ քեզ մոտ չմնա։
14Խուլին մի՛ հայհոյիր, կույրի առջև ոչ մի արգելք մի՛ դիր, որ նա ընկնի, այլ վախեցի՛ր քո Աստծուց. ես եմ Տերը։
15Դատաստանի մեջ անիրավություն մի՛ արեք։ Աղքատին երեսպաշտություն մի՛ արա և մեծին մի՛ շողոքորթիր։ Քո մերձավորին արդարությա՛մբ դատիր։
16Քո ժողովրդի մեջ չարախոսություն անելով ման չգաս։ Քո մերձավորի արյան վրա մի՛ հարձակվիր. ես եմ Տերը։ 17Քո եղբորը չատես քո սրտի մեջ։ Քո մերձավորին անպատճառ կհանդիմանես, որպեսզի նրա պատճառով մեղքի տակ չընկնես։ 18Վրեժխնդիր չլինես և քո ժողովրդի զավակների դեմ ոխ չպահես, այլ քո մերձավորին սիրի՛ր քո անձի պես. ես եմ Տերը։
19Իմ կանոնները պահե՛ք. քո անասունի մի տեսակը մյուս տեսակի հետ զուգավորել չտաս. քո արտում տարբեր տեսակի սերմեր չցանես. երկու տարբեր նյութերից գործված այլախառն հագուստ չհագնես։
20Եթե մեկը պառկելով զուգավորվի մի կնոջ հետ, որը ուրիշի հետ նշանված մի աղախին է և փրկագնված չէ, կամ նրան ազատություն չի տրված, ապա նրանք պիտի պատժվեն, բայց մահվան չպիտի դատապարտվեն, որովհետև կինն ազատ չէր։ 21Մարդն իր հանցանքի զոհը Տիրոջը պիտի բերի ժողովի վրանի մուտքի մոտ. մի խոյ՝ հանցանքի զոհի համար։ 22Քահանան Տիրոջ առաջ խոյի զոհաբերումով քավություն կանի նրան նրա գործած մեղքի համար, և նրա գործած մեղքը կներվի նրան։
23Երբ մտնեք այդ երկիրը և ամեն տեսակ պտղատու ծառեր տնկեք, դրանց պտուղները անմաքո՛ւր դիտեք անթլփատության պես։ Երեք տարի ձեզ համար դրանք անթլփատություն կհամարվեն. դրանցից չպիտի ուտեք։ 24Չորրորդ տարում դրանց բոլոր պտուղները պիտի նվիրաբերվեն Տիրոջը փառավորելու համար։ 25Հինգերորդ տարում կուտեք դրանց պտուղները, որպեսզի իրենց արդյունքը ձեզ համար ավելացնեն. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ 26Միսը արյունով չուտեք։ Հմայություն և գուշակություն չանեք։ 27Ձեր գլուխների եզերքի մազերը կլոր չկտրեք և ոչ էլ ձեր մորուքի եզերքը կտրեք։ 28Ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք մահացած մեկի համար. և ձեր մարմնի վրա դաջվածքներ մի՛ արեք. ես եմ Տերը։
29Մի՛ պղծիր քո աղջկան պոռնկացնելով, որպեսզի երկիրը պոռնկության մեջ չընկնի և երկիրը գարշությամբ չլցվի։
30Իմ շաբաթները պահե՛ք և իմ սրբարանը հարգե՛ք. ես եմ Տերը։
31Վհուկներին մի՛ հետևեք և հմայողներին մի՛ հարցրեք, որպեսզի նրանցով չպղծվեք. ե՛ս եմ Տերը՝ ձեր Աստվածը։
32Ալեհեր մարդու առաջ վե՛ր կաց, ծերին պատվի՛ր և վախեցի՛ր քո Աստծուց. ես եմ Տերը։
33Եթե մի օտարական ձեր երկրում, ձեզ մոտ պանդխտանալու լինի, չնեղեք նրան։ 34Ձեզ մոտ պանդխտության եկած օտարականը ձեր երկրի տեղաբնակի պես թող լինի ձեզ համար։ Նրան սիրի՛ր քո անձի պես, որովհետև դուք էլ օտարական էիք Եգիպտոսի երկրում. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
35Դատաստանի մեջ անիրավություն չանեք, ոչ էլ կանգունաչափի մեջ, կշռելու մեջ և չափելու մեջ։ 36Ձեր կշեռքը ճիշտ, ձեր կշռաքարը ճիշտ, ձեր հացահատիկի չափամանը ճիշտ և ձեր հեղուկաչափը ճիշտ լինեն։ Ձեզ Եգիպտոսի երկրից հանող Տերը՝ ձեր Աստվածը, ես եմ։ 37Իմ բոլոր կանոններն ու իմ բոլոր օրենքները պահե՛ք և գործադրե՛ք դրանք. ես եմ Տերը”»։

Արդեն Ընտրված.

ՂԵՎՏԱԿԱՆ 19: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք