ՂԵՎՏԱԿԱՆ 20
20
Պատիժներ անհնազանդության համար
1Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2«Իսրայելի որդիներին նաև կասես. “Եթե Իսրայելի որդիներից կամ Իսրայելում բնակվող օտարականներից մեկն իր զավակներից Մողոքին տա, անպատճառ պիտի մեռցվի։ Այդ երկրի ժողովուրդը կքարկոծի նրան։ 3Ես իմ երեսը պիտի դարձնեմ այդ մարդու վրա և նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից, որովհետև նա իր զավակներից Մողոքին է տվել՝ իմ սրբարանը պղծելու և իմ սուրբ անունն անարգելու համար։ 4Եթե այդ երկրի ժողովուրդն իր աչքերը փակի իր զավակներից Մողոքին հանձնած մարդուց ու չսպանի նրան, 5ապա ես իմ երեսը պիտի դարձնեմ այդ մարդու վրա և նրա ընտանիքի վրա և իր ժողովրդի միջից պիտի վերացնեմ նրան ու նրա հետ բոլոր նրանց, ովքեր Մողոքի հետ պոռնկություն անելու համար գնում են այդ մարդու ետևից։ 6Ես իմ երեսը պիտի դարձնեմ նաև այն մարդու դեմ, որ վհուկներին ու ոգեհմաներին է հետևում նրանց հետ պոռնկանալու համար, և այդ մարդուն պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից։ 7Ուրեմն սրբագործե՛ք ձեր անձերը և սո՛ւրբ եղեք, որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ 8Պահե՛ք իմ կանոնները և կատարե՛ք դրանք. ես եմ Տերը, որ սրբագործում եմ ձեզ։
9Ով որ իր հորը կամ իր մորն անիծի, նա անպատճառ պիտի մեռցվի. նա անիծել է իր հորը կամ մորը. նրա արյան մեղքն իր վրա կլինի։ 10Ով որ շնություն անի մի ուրիշ մարդու կնոջ հետ, իր ընկերոջ կնոջ հետ, շնություն անողն անպատճառ պիտի մեռցվի. թե՛ շնացող տղամարդը և թե՛ շնացած կինը։ 11Ով որ պառկի իր հոր կնոջ հետ, ուրեմն նա բացել է իր հոր մերկությունը. երկուսն էլ անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։ 12Եթե մի մարդ պառկի իր հարսի հետ, երկուսն էլ անպատճառ պիտի մեռցվեն. նրանք գարշություն են արել. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։ 13Եթե մի տղամարդ պառկի մի ուրիշ տղամարդու հետ, ինչպես պառկում են մի կնոջ հետ, երկուսն էլ պղծություն են արել. նրանք անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։ 14Եթե մի մարդ առնի մի կին և նրա մորն էլ, դա անօրենություն է. կրակով պետք է այրվեն թե՛ նա և թե՛ նրանք, որպեսզի ձեր մեջ անօրենություն չլինի։ 15Եթե մի մարդ կենակցի անասունի հետ, անպատճառ պիտի մեռցվի, իսկ կենդանուն սպանե՛ք։ 16Եթե մի կին զուգավորվելու համար որևէ անասունի մերձենա, պիտի սպանես կնոջն էլ, անասունին էլ. նրանք անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։ 17Եթե մի տղամարդ ամուսնանա իր քրոջ հետ, այսինքն՝ իր հոր աղջկա կամ իր մոր աղջկա հետ և տեսնի նրա մերկությունը, և աղջիկն էլ տեսնի նրա մերկությունը, դա անպատվություն է։ Նրանք պիտի կորչեն իրենց ժողովրդի աչքի առջևից. նա իր քրոջ մերկությունն է բացել. պիտի կրի իր անօրենության պատիժը։ 18Եթե մի մարդ պառկի դաշտանի շրջանում գտնվող մի կնոջ հետ և բանա նրա մերկությունը, ուրեմն նա բացել է նրա արյան աղբյուրը, և կինն էլ բացել է իր արյան աղբյուրը. երկուսն էլ պիտի վերանան իրենց ժողովրդի միջից։ 19Քո մորաքրոջ կամ հորաքրոջ մերկությունը չբանաս, որովհետև նա իր ազգականի մերկությունն է բացում. նրանք պիտի կրեն իրենց անօրենության պատիժը։ 20Եթե մի մարդ պառկի իր հորեղբոր կնոջ հետ, նա բացած է լինում իր հորեղբոր մերկությունը. նրանք պիտի կրեն իրենց մեղքի պատիժը և մեռնեն անզավակ։ 21Եթե մի մարդ վերցնի իր եղբոր կնոջը, դա պղծություն է։ Նա բացած է լինում իր եղբոր մերկությունը. նրանք անզավակ պիտի լինեն։
22Պահե՛ք իմ բոլոր կանոններն ու իմ բոլոր հրամանները և կատարե՛ք դրանք, որպեսզի այն երկիրը, ուր տանելու եմ ձեզ՝ այնտեղ բնակվելու, ձեզ դուրս չփսխի։ 23Մի՛ հետևեք այն ազգերի սովորույթներին, որոնց պիտի քշեմ ձեր առջևից, որովհետև նրանք արեցին այս բոլոր բաները, և ես զզվեցի նրանցից։ 24Եվ ասացի ձեզ. "Դո՛ւք պիտի ժառանգեք նրանց երկիրը. ես այն ձե՛զ պիտի տամ որպես ստացվածք. մի երկիր, ուր կաթ և մեղր է բխում"։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ առանձնացրի ազգերից։ 25Ուստի տարբերությո՛ւն դրեք մաքուր և անմաքուր անասունների, մաքուր և անմաքուր թռչունների միջև ու ձեզ մի՛ պղծեք այն անասուններով, թռչուններով և գետնի վրա եղած բոլոր սողուններով, որոնց ես առանձնացրի ձեզ համար իբրև անմաքուր։ 26Դուք սուրբ պիտի լինեք ինձ համար, որովհետև ես՝ Տերը, սուրբ եմ և ձեզ առանձնացրի ազգերից, որպեսզի իմը լինեք։
27Տղամարդ թե կին, եթե նա վհուկ կամ ոգեհմա է, անպատճառ պիտի մեռցվի. պիտի քարկոծեն նրանց։ Նրանց արյան մեղքն իրենց վրա լինի”»։
Արդեն Ընտրված.
ՂԵՎՏԱԿԱՆ 20: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018