ՂԵՎՏԱԿԱՆ 11

11
Կենդանիներ, որոնք կարելի է ուտել
(Բ Օր. 14.3-21)
1Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով նրանց. 2«Խոսե՛ք Իսրայելի որդիների հետ և ասացե՛ք. “Երկրի վրա եղած բոլոր անասուններից սրանք են այն անասունները, որ կարող եք ուտել։ 3Կուտեք բոլոր կճղակավոր, կճղակը ճեղքված և որոճացող անասունները։ 4Բայց որոճացողներից և կճղակավորներից սրանց չպիտի ուտեք. ուղտը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա ձեզ համար անմաքուր է. 5ճագարը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա ձեզ համար անմաքուր է. 6նապաստակը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա ձեզ համար անմաքուր է. 7խոզը, որը թեև կճղակավոր է և ճեղքված կճղակ ունի, բայց չի որոճում, նա ձեզ համար անմաքուր է։ 8Դրանց մսից չուտեք և դրանց դիակներին չդիպչեք. դրանք ձեզ համար անմաքուր են։
9Ջրերի մեջ բոլոր եղածներից սրանք կուտեք. ջրերի մեջ, այսինքն՝ ծովերի և գետերի մեջ. կուտեք բոլոր լողակ և թեփուկ ունեցողներին։ 10Բայց չուտեք ծովերի մեջ և գետերի մեջ ջրերի բոլոր զեռուններից և ջրերի մեջ եղած բոլոր շնչավոր կենդանիներից այն ամենը, որ լողակ և թեփուկ չունեն. դրանք պիղծ են ձեզ համար։ 11Եվ դրանք պիղծ կլինեն ձեզ համար. դրանց մսից չպիտի ուտեք և դրանց դիակներից պիտի գարշեք։ 12Ջրերի մեջ եղած բոլոր կենդանիները, որոնք լողակ և թեփուկ չունեն, պիղծ են ձեզ համար։
13Թռչունների մեջ սրանցից գարշեք. սրանք չպիտի ուտվեն, պիղծ են. արծիվը, պասկուճը, գետարծիվը, 14անգղը, ցինը և այն, ինչ սրա տեսակից է, 15ագռավը և այն, ինչ սրա տեսակից է, 16ջայլամը, բուն, որորը, բազեն և այն, ինչ սրա տեսակից է, 17հավպատիրը, հողամաղը, քաջահավը, 18կարապը, հավալուսնը, սև անգղը, 19արագիլը, քարադրը և այն, ինչ սրա տեսակից է, հոպոպը և չղջիկը։
20Չորս ոտքի վրա գնացող և թռչող ամեն զեռուն թող պիղծ լինի ձեզ համար։ 21Բայց չորս ոտքի վրա գնացող և թռչող զեռուններից կուտեք դրանք, որոնք գետնի վրա ոստոստելու համար իրենց ոտքերի վրա սրունք ունեն։ 22Դրանցից սրանք կուտեք. մորեխը և այն, ինչ սրա տեսակից է, ջորյակը և այն, ինչ սրա տեսակից է, խարագուլը և այն, ինչ սրա տեսակից է, օձամարտը և այն, ինչ սրա տեսակից է։ 23Մնացած բոլոր զեռունները, որոնք չորս ոտք ունեն և թռչում են, պիղծ են ձեզ համար։ 24Դրանցով դուք անմաքուր կլինեք։ Ամեն ոք, ով դիպչի դրանց դիակներին, անմաքուր կլինի մինչև երեկո. 25և ամեն ոք, ով վերցնի դրանց դիակները, պիտի լվանա իր հագուստները և անմաքուր կլինի մինչև երեկո։ 26Բոլոր անասունները, որոնք կճղակավոր են, բայց կճղակը ճեղքված չէ, և չեն որոճում, անմաքուր են ձեզ համար. դրանց դիպչող ամեն ոք անմաքուր կլինի։
27Չորքոտանի բոլոր կենդանիներից նրանք, որոնք իրենց թաթերի վրա են քայլում, անմաքուր են ձեզ համար։ Ամեն ոք, ով դիպչի դրանց դիակներին, անմաքուր կլինի մինչև երեկո։ 28Եվ ով որ վերցնի դրանց դիակները, պիտի լվանա իր հագուստները և անմաքուր կլինի մինչև երեկո. դրանք անմաքուր են ձեզ համար։ 29Երկրի վրա սողացող կենդանիներից սրանք են անմաքուր ձեզ համար. աքիսը, մուկը, տիտեռը և այն, ինչ սրանց տեսակից է, 30առնետը, ցամաքային կոկորդիլոսը, մողեսը, ավազամողեսը և քամելեոնը։ 31Բոլոր սողացողների մեջ ձեզ համար անմաքուրները սրանք են. ամեն ոք, ով որ դիպչի սրանց դիակին, անմաքուր կլինի մինչև երեկո։ 32Ամենը, ինչի վրա որ ընկնի սրանց դիակը, լինի դա փայտից պատրաստված աման կամ զգեստ, կամ մորթի կամ քուրձ, ինչ տեսակ գործածական աման էլ լինի, անմաքուր պիտի լինի. այն պետք է ջրի մեջ դրվի և անմաքուր կլինի մինչև երեկո, հետո մաքուր կլինի։ 33Եթե դրանցից որևէ բան ընկնի հողե ամանի մեջ, ամեն ինչ, որ դրա մեջ է, անմաքուր պիտի լինի. այդ ամանը պետք է ջարդեք։ 34Ամեն կերակուր, որն ուտում են, որի վրա թափվի այդ ջրից, անմաքուր պիտի լինի։ Նույնպես այդպիսի ամանի մեջ եղած ամեն ըմպելիք, որ խմում են, անմաքուր պիտի լինի։ 35Եվ ամեն բան, որի վրա դրանց դիակն ընկնի, անմաքուր պիտի լինի. դա լինի թոնիր, թե վառարան, պետք է քանդվի. դրանք անմաքուր են և անմաքուր պիտի լինեն ձեզ համար։ 36Բայց աղբյուրը, ջրհորն ու ջրակույտը մաքուր պետք է մնան. սակայն ով որ դիպչի դրանց մեջ ընկած դիակին, անմաքուր կլինի։ 37Եթե դրանց դիակն ընկնի ցանելու սերմացուի վրա, այն մաքուր է մնում։ 38Բայց եթե սերմացուի վրա ջուր թափված լինի, և դրա վրա ընկնի դրանց դիակը, ապա այն անմաքուր կլինի ձեզ համար։
39Եթե ձեր ուտելու կենդանիներից մեկը սատկի, դրա դիակին դիպչողը անմաքուր պիտի լինի մինչև երեկո։ 40Ով որ դրա դիակից ուտի, իր հագուստները պիտի լվանա և մինչև երեկո անմաքուր կլինի, և ով որ վերցնի դրա դիակը, իր հագուստները պետք է լվանա և անմաքուր կլինի մինչև երեկո։
41Երկրի վրա սողացող ամեն կենդանի պիղծ է, չպետք է ուտվի։ 42Երկրի վրա սողացող բոլոր կենդանիներից, որոնք սողում են իրենց որովայնի վրա կամ սողում են չորս ոտքով և կամ բազմոտանի են, չպետք է ուտեք, որովհետև դրանք պիղծ են։ 43Ձեր անձերը մի՛ պղծեք ոչ մի սողացող սողունով. դրանցով մի՛ պղծվեք և անմաքուր մի՛ դարձեք դրանցով։ 44Որովհետև ես եմ ձեր Տեր Աստվածը. ուրեմն սրբացրե՛ք ձեր անձերը և սո՛ւրբ եղեք. որովհետև ես սուրբ եմ։ Մի՛ պղծեք ձեր անձերը երկրի վրա սողացող ոչ մի սողունով։ 45Որովհետև ես եմ Տերը, որ ձեզ դուրս բերեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի ձեզ համար Աստված լինեմ, և դուք սուրբ լինեք, որովհետև ես սուրբ եմ։
46Այս է չորքոտանիներին, թռչուններին, ջրերի մեջ շարժվող բոլոր շնչավոր կենդանիներին և երկրի վրա սողացող բոլոր կենդանիներին վերաբերող օրենքը, 47որպեսզի դուք տարբերեք անմաքուրը և մաքուրը, ուտելի անասունը և ոչ ուտելի անասունը”»։

Արդեն Ընտրված.

ՂԵՎՏԱԿԱՆ 11: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք