ՂԵՎՏԱԿԱՆ 10
10
Նադաբի և Աբիուդի մեղքը
1Ահարոնի որդիները՝ Նադաբն ու Աբիուդը, ամեն մեկը իր բուրվառը վերցնելով, դրանց մեջ կրակ դրեցին, վրան խունկ լցրին և Տիրոջ առաջ օտար կրակ մատուցեցին, որ նա չէր պատվիրել նրանց։ 2Տիրոջ առջևից կրակ դուրս ելավ, այրեց նրանց, և նրանք մեռան Տիրոջ առաջ։ 3Մովսեսն ասաց Ահարոնին. «Սա այն է, որ խոսեց Տերը՝ ասելով. “Ինձ մոտեցողներով պիտի սրբագործվեմ և պիտի փառավորվեմ ամբողջ ժողովրդի առաջ”»։ Ահարոնը լուռ մնաց։ 4Մովսեսը կանչեց Ահարոնի հորեղբայր Ոզիելի որդիներին՝ Միսայելին և Եղիսափանին, և ասաց նրանց. «Մոտեցե՛ք, ձեր եղբայրներին սրբարանից հանե՛ք և բանակատեղիից դո՛ւրս տարեք»։ 5Նրանք մոտեցան և բանակատեղիից դուրս տարան նրանց՝ շապիկներից բռնած։
6Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին՝ Եղիազարին և Իթամարին. «Ձեր գլուխները մի՛ բացեք և ձեր հագուստները մի՛ պատառոտեք, որպեսզի չմեռնեք, և բարկություն չիջնի ամբողջ ժողովրդի վրա։ Թող ձեր եղբայրները՝ Իսրայելի ամբողջ տունը, լաց լինեն Տիրոջ արած հրակիզության վրա։ 7Դուք ժողովի վրանի մուտքից դուրս մի՛ եկեք, որպեսզի չմեռնեք, որովհետև Տիրոջ օծության յուղը ձեզ վրա է»։ Եվ նրանք արեցին Մովսեսի խոսքի համաձայն։
Կանոններ քահանաների համար
8Տերը խոսեց Ահարոնի հետ՝ ասելով. 9«Տիրոջ ժողովի վրանը մտնելիս գինի և օղի չխմեք, ո՛չ դու և ո՛չ էլ քեզ հետ եղած քո որդիները, որպեսզի չմեռնեք։ Դա հավիտենական կանոն թող լինի ձեր սերունդների մեջ, 10որպեսզի տարբերեք սուրբը պիղծից, մաքուրը անմաքուրից 11և Իսրայելի որդիներին սովորեցնեք այն բոլոր կանոնները, որոնց մասին Տերը Մովսեսի միջոցով խոսել է նրանց հետ»։
12Մովսեսը խոսեց Ահարոնի և նրա ողջ մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի հետ՝ ասելով. «Տիրոջ զոհաբերություններից ավելացած հացի ընծան առե՛ք և բաղա՛րջ կերեք զոհասեղանի մոտ, որովհետև դա ամենասուրբ է։ 13Այն կերե՛ք սուրբ վայրում, որովհետև Տիրոջ զոհաբերություններից քո իրավունքն է և քո որդիների իրավունքը, որովհետև ինձ այդպես է պատվիրված։ 14Դու և քեզ հետ քո որդիներն ու քո աղջիկները մի մաքուր վայրում պիտի ուտեք երերացնելու կուրծքը և բարձրացնելու զիստը, որովհետև Իսրայելի որդիների խաղաղության զոհերից դրանք տրվում են իբրև քո իրավունքը և քո որդիների իրավունքը։ 15Բարձրացնելու զիստը և երերացնելու կուրծքը ճարպի զոհերի հետ թող բերեն Տիրոջ առաջ երերացնելու համար. դրանք կլինեն քոնը և քեզ հետ քո որդիներինը հավիտենական կանոնով, ինչպես որ պատվիրել է Տերը»։
16Մովսեսը զգուշությամբ փնտրեց մեղքի զոհի նոխազը, բայց այն արդեն այրված էր։ Նա Ահարոնի մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի վրա բարկացավ՝ ասելով. 17«Ինչո՞ւ սուրբ վայրում չկերաք մեղքի զոհը. որովհետև դա ամենասուրբ է, և Տերը այն տվեց ձեզ, որ վերացնեք ժողովրդի անօրենությունը և քավություն տաք նրան Տիրոջ առաջ։ 18Ահա դրա արյունը սրբարանի ներսը չբերվեց։ Դուք այն պետք է ուտեիք սուրբ վայրում, ինչպես պատվիրել էի ձեզ»։ 19Ահարոնն ասաց Մովսեսին. «Ահա այսօր նրանք իրենց մեղքի զոհը և ողջակեզը մատուցեցին Տիրոջ առաջ, և այսպիսի բաներ պատահեցին, և եթե այսօր ուտեի մեղքի զոհից, դա հաճելի կլինե՞ր արդյոք Տիրոջ աչքին»։ 20Մովսեսը լսեց և հավանեց։
Արդեն Ընտրված.
ՂԵՎՏԱԿԱՆ 10: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018