ՂԵՎՏԱԿԱՆ 9
9
Ահարոնը զոհ է մատուցում
1Ութերորդ օրը Մովսեսը կանչեց Ահարոնին, նրա որդիներին և Իսրայելի ծերերին։ 2Նա ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ մեղքի զոհաբերության համար արջառներից մի զվարակ և ողջակեզի համար մի խոյ, որ անարատ լինեն, և ներկայացրո՛ւ Տիրոջ առաջ։ 3Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ՝ ասելով. “Վերցրե՛ք մեղքի զոհաբերության համար այծերից մի նոխազ և ողջակեզի համար մի զվարակ և մեկ տարեկան մի գառ։ Թող անարատ լինեն։ 4Նաև մի արջառ և մի խոյ՝ զոհելու համար Տիրոջ առաջ իբրև խաղաղության զոհ, և յուղով հունցված հացի ընծա. որովհետև այսօր Տերը երևալու է ձեզ”»։ 5Նրանք առան Մովսեսի պատվիրածն ու բերեցին ժողովի վրանի առաջ, և ամբողջ ժողովուրդը մոտեցավ ու կանգնեց Տիրոջ առաջ։ 6Մովսեսն ասաց. «Ա՛յս է Տիրոջ պատվիրածը. կատարե՛ք այս, և Տիրոջ փառքը կերևա ձեզ»։ 7Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Մոտեցի՛ր զոհասեղանին և մատուցի՛ր քո մեղքի զոհն ու ողջակեզը և քավությո՛ւն արա քեզ համար և ժողովրդի համար։ Մատուցի՛ր նաև ժողովրդի զոհը և քավությո՛ւն արա նրանց համար, ինչպես պատվիրել է Տերը»։
8Ահարոնը մոտեցավ զոհասեղանին և մորթեց իր համար եղած մեղքի զվարակը։ 9Ահարոնի որդիները արյունը բերեցին նրա մոտ. նա իր մատը թաթախեց արյան մեջ, քսեց զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը թափեց զոհասեղանի պատվանդանին։ 10Բայց մեղքի զոհի ճարպը, երիկամները և լյարդի թաղանթը այրեց զոհասեղանի վրա, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ 11Իսկ միսն ու մորթին կրակով այրեց բանակատեղիից դուրս։ 12Եվ մորթեց ողջակեզը։ Ահարոնի որդիները արյունը ներկայացրին նրան, և նա շուրջանակի այն շաղ տվեց զոհասեղանի վրա։ 13Նրանք ողջակեզը նրան ներկայացրին կտոր-կտոր արած, նաև գլուխը, և նա այրեց զոհասեղանի վրա։ 14Լվաց փորոտիքն ու ոտքերը և դրանք այրեց զոհասեղանի վրայի ողջակեզի վրա։
15Մոտեցրեց ժողովրդի ընծան և առավ ժողովրդի համար մեղքի զոհի նոխազը, մորթեց այն և մեղքի զոհ արեց նախորդի նման։ 16Մոտեցրեց ողջակեզը և զոհաբերեց այն ըստ կանոնի։ 17Մոտեցրեց հացի ընծան, մի բուռ վերցրեց դրանից և այրեց զոհասեղանի վրա, բացի առավոտյան ողջակեզից։ 18Մորթեց ժողովրդի խաղաղության զոհի արջառն ու խոյը, և Ահարոնի որդիները արյունը ներկայացրին նրան, և նա շուրջանակի այն շաղ տվեց զոհասեղանի վրա։ 19Իսկ արջառից՝ ճարպը, խոյից՝ դմակն ու փորոտիքը ծածկող ճարպը, երիկամներն ու լյարդի թաղանթը, 20և ճարպերը դրեցին կրծքերի վրա, և նա ճարպերն այրեց զոհասեղանի վրա։ 21Ահարոնը կրծքերն ու աջ զիստը երերացնելու զոհ մատուցեց Տիրոջ առաջ, ինչպես որ պատվիրել էր Մովսեսը։
22Ահարոնն իր ձեռքերը բարձրացրեց ժողովրդի վրա, օրհնեց նրանց և մեղքի զոհը, ողջակեզը և խաղաղության զոհը մատուցելուց հետո ներքև իջավ։ 23Մովսեսն ու Ահարոնը մտան ժողովի վրանը և դուրս գալով՝ օրհնեցին ժողովրդին։ Եվ Տիրոջ փառքը երևաց ամբողջ ժողովրդին։ 24Տիրոջ առջևից կրակ դուրս եկավ և այրեց զոհասեղանի վրայի ողջակեզն ու ճարպերը, և ամբողջ ժողովուրդը, տեսնելով այդ, աղաղակեց և ընկավ երեսի վրա։
Արդեն Ընտրված.
ՂԵՎՏԱԿԱՆ 9: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018