ՀՈԲ 9
9
1Հոբը պատասխանեց.
2«Գիտեմ, որ իրոք այդպես է. մարդս Աստծու առաջ ինչպե՞ս կարդարանա։
3Եթե ուզի նրա հետ վիճել, հազարից մեկին չի կարողանա պատասխանել։
4Նա սրտով իմաստուն և զորությամբ մեծ է. նրան ո՞վ է դեմ կանգնել ու անվնաս դուրս եկել։
5Նա, որ լեռներն է տեղաշարժում, ու իրենք չգիտեն։ Իր բարկության ժամանակ նրանց տապալում է։
6Նա, որ երկիրն իր տեղից շարժում է, ու սրա սյուները երերում են,
7Որ արևին հրամայում է, ու սա չի ծագում, աստղերի լույսն էլ փակում է,
8Որ միայնակ երկինքն է տարածում, ու ծովի բարձր ալիքների վրա է գնում,
9Որ Արջը, Հայկն ու Բազմաստեղն է ստեղծել ու Հարավի համաստեղությունները,
10Որ անքննելի մեծամեծ բաներ է անում և անթիվ սքանչելիքներ։
11Ահա նա իմ մոտով կանցնի, ու ես չեմ տեսնի, անց կկենա, ու չեմ իմանա։
12Եթե նա խլել ուզենա, ո՞վ նրան ետ կպահի, ո՞վ կասի նրան՝ “Ի՞նչ ես անում”։
13Աստված իր բարկությունը ետ չի դարձնի. նրա տակ Ռահաբի#9.13 Ծովային հրեշ։ օգնականները կխոնարհվեն։
14Ուրեմն ես ինչպե՞ս պատասխանեմ նրան ու նրա հետ վիճելու խոսքերս ընտրեմ։
15Որովհետև արդար էլ լինեմ, պատասխան չեմ տա. իմ Դատավորին պիտի աղաչեմ, որ ողորմի ինձ։
16Եթե ես կանչեի, ու նա պատասխաներ. չեմ հավատա, որ նա իմ ձայնը կլսի։
17Նա, որ ինձ փոթորիկով կճզմի և զուր տեղն իմ վերքերը կշատացնի,
18Չի թողնի ինձ, որ շունչ առնեմ, և ինձ դառնություններով կլցնի։
19Եթե բանը զորության մասին է, ահա նա հզոր է։ Իսկ եթե իրավունքի մասին է, ո՞վ ինձ դատարան կկանչի։
20Եթե ես արդար լինեմ, բերա՛նս ինձ կդատապարտի։ Եթե ես կատարյալ լինեմ, ա՛յն ինձ հանցավոր կհայտարարի։
21Եթե ես կատարյալ լինեմ, իմ անձը նկատի չեմ առնի, կյանքս կարհամարհեմ։
22Ամեն բան մեկ է. նրա մասին ասում եմ, որ կատարյալին ու ամբարիշտին կորստյան է մատնում։
23Եթե աղետը հանկարծ մեռցնի, նա անմեղի փորձանքի վրա կծիծաղի։
24Երկիրը չարագործի ձեռքն է հանձնվել. նրա դատավորների երեսը նա ծածկում է։ Եթե ոչ, ապա այդ անողն ո՞վ է։
25Իմ օրերը սուրհանդակից էլ արագ փախան, վազեցին, բարիք չտեսան։
26Սեզից շինված նավերի պես անցան, որսի վրա հարձակվող արծվի պես։
27Եթե ասելու լինեմ՝ “Գանգատս մոռանամ, դեմքիս տխրությունը թողնեմ ու զվարթանամ”,
28Այն ժամանակ բոլոր ցավերիցս կսարսափեմ. գիտեմ, որ ինձ անմեղ չես համարի։
29Ես պիտի ամբարիշտ լինեմ, ուրեմն ինչո՞ւ զուր տեղը տանջվեմ։
30Եթե ձնաջրի մեջ լվացվեի ու մոխրաջրով ձեռքերս մաքրեի,
31Այն ժամանակ էլ ինձ ճահիճը կկոխեիր, և իմ հագուստներն ինձանից կզզվեին։
32Որովհետև նա ինձ նման մարդ չէ, որ իրեն պատասխանեմ, ու միասին դատարան գնանք։
33Մեր միջև միջնորդ դատավոր չի լինի, որ ձեռքը մեր երկուսի վրա դնի։
34Թող իր գավազանն իմ վրայից հեռացնի, ու նրա սարսափն ինձ չզարհուրեցնի։
35Այն ժամանակ կխոսեմ ու իրենից չեմ վախենա, որովհետև հոգուս մեջ այն չեմ»։
Արդեն Ընտրված.
ՀՈԲ 9: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018