ՀՈԲ 10
10
1«Հոգիս կյանքիցս զզվել է. իմ գանգատն ազատ պիտի արտահայտեմ, հոգուս դառնությամբ պիտի խոսեմ։
2Աստծուն ասեմ. “Ինձ մի՛ դատապարտիր, ինձ իմացրո՛ւ, թե ինձ հետ ինչի՛ համար ես վիճում։
3Մի՞թե քեզ հաճելի է, որ ընկճես, որ քո ձեռքի աշխատանքն արհամարհես ու ամբարիշտների խորհրդին լույս տաս։
4Քո աչքերը մի՞թե մարմնավոր են, կամ մարդու տեսածի պե՞ս կտեսնես։
5Քո օրերը մի՞թե մարդու օրերի պես են, կամ քո տարիները՝ մարդո՞ւ օրերի պես,
6Որ իմ հանցանքն ես որոնում ու իմ մեղքը քննում։
7Դու գիտես, որ հանցավոր չեմ, բայց քո ձեռքից ազատող չկա։
8Քո ձեռքերն են ինձ ձևավորել ու ամբողջությամբ շինել, և դու ինձ այժմ խորտակո՞ւմ ես։
9Հապա հիշի՛ր, որ ինձ կավի պես շինեցիր, և ինձ հո՞ղ ես դարձնելու։
10Դու ինձ կաթի պես չթափեցի՞ր ու պանրի պես թանձրացրիր,
11Դու ինձ մորթով ու մսով հագցրիր և ոսկորներով ու ջղերով ինձ հինեցիր,
12Կյանք և ողորմություն շնորհեցիր, ու քո խնամքը իմ հոգին պահեց։
13Սրանք քո սրտում պահեցիր. գիտեմ, որ սա քո նպատակն էր.
14Եթե մեղանչեմ, դու ինձ կնկատես ու իմ հանցանքն անպատիժ չես թողնի։
15Եթե ամբարշտություն անեմ, վա՜յ ինձ։ Արդար էլ լինեմ, գլուխս չեմ կարող բարձրացնել։ Անարգանքով եմ լցված, և տե՛ս իմ թշվառությունը։
16Բարձրանա էլ՝ առյուծի պես ինձ կորսաս ու դարձյալ ինձ կհաղթես։
17Վկաներիդ իմ առաջ կնորոգես և իմ հանդեպ բարկությունդ կշատացնես։ Քո բանակները կրկին ու կրկին իմ դեմ են գալիս։
18Ուրեմն արգանդից ինձ ինչո՞ւ հանեցիր։ Երանի՜ մեռած լինեի, և ինձ որևէ աչք չտեսներ,
19Որ չեղածի պես լինեի, մորս արգանդից գերեզման տարվեի։
20Իմ օրերը քիչ չե՞ն. դադա՛ր առ ու ինձանից ե՛տ կաց, որ մի քիչ ուրախանամ
21 Այնտեղ գնալուցս առաջ, որտեղից ետ չեմ դառնալու՝ խավարի ու մահվան ստվերի երկիրը,
22Մառախուղի երկիրը, որ մահվան ստվերի խավարին է նման, ու կարգ չկա, և լույսը մթին խավարի նման է”»։
Արդեն Ընտրված.
ՀՈԲ 10: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018